Այո, բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ․ վարչապետը` Վաշինգտոնում ընթացող բանակցությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ հայտնեց Վաշինգտոնում Ադրբեջանի հետ ընթացող բանակցություններից։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանը ասաց, որ Վաշինգտոնում քննարկվում է ճշգրիտ այն, ինչ նախորդ շաբաթ Ազգային ժողովի ամբիոնից ինքը ներկայացրել է։ 

«Այո, բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ և սա այն փաստաթուղթն է։ Այդ փաստաթղթի մեջ որևէ նորություն չեք գտնի, որովհետև այդ փաստաթղթի մասին ասել եմ հրապարակային այս ամբիոնից։ Այսինքն՝ թեզերի մասով ասել եմ, դետալների մասով կարող եք և՛ Ադրբեջանի ներկայացրածին ծանոթանալ, և՛ մեր արձագանքին ծանոթանալ»,- ասաց Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե ինչ է քննարկվում Վաշինգտոնում։

Գեղամ Մանուկյանի մյուս հարցին, թե արդյոք հնարավոր է Վաշինգտոնում բանակցությունների արդյունքում մոտ ապագայում ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, օրինակ՝ հունիսի 1-ին Քիշնևում, վարչապետը պատասխանեց, որ շատ ուրախ կլինի, որ դա տեղի ունենա։

«Եթե պարզվի, որ փաստաթուղթ կա, որ վերջին մտածումներն են` ստորագրվի, թե ոչ, դա վատ նորություն չէ, դա լավ նորություն է»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը նաև մանրամասնեց, թե ինչ հանձնարարականներ է տվել Վաշինգտոնում բանակցող իր թիմին։

« Վաշինգտոնում գտնվող բանակցող թիմին ասել եմ, որ այն թուղթը, որի շուրջ բանակցում եք, հիշեք՝ ես եմ ստորագրելու։ Բանակցեք ազատ՝ մեր հրապարակային արտահայտված կարծիքների շրջանակներում, սակայն այստեղ էլ թակարդ կա։ Բանակցային գործընթացը կենդանի պրոցես է։ Ընթացքում կարող են նոր գաղափարներ ծնվել, նոր կոմպոնենտներ առաջանալ»,- նշեց վարչապետը։

Ինչ վերաբերվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գտնվելուն Վաշինգտոնում, Փաշինյանը ասաց, որ Ռուբեն Ռուբինյանը գնացել է իր քաղաքական որոշմամբ։