Կոռուպցիոն մեղադրանքով կալանավորված ՃՈ պետի տեղակալը ազատ է արձակվել

Կոռուպցիոն մեղադրանքով կալանավորված ՃՈ պետի տեղակալը ազատ է արձակվել
Կոռուպցիոն մեղադրանքով կալանավորված ՃՈ պետի տեղակալը ազատ է արձակվել

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և համաձայնեցված գործողություններով մրցակցությունը սահմանափակելու համար մեղադրվող Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) պետի տեղակալ Արթուր Տոնոյանը երեկ ազատվել է կալանքից։

Factor.am-ի տեղեկություններով՝ երեկ Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի կալանքի որոշումը։

Տոնոյանը կալանավորվել էր ամիսներ առաջ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ)՝ Ոստիկանությունում իրականացրած ուսումնասիրության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում։ Գործը քննող Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) տարածած հաղորդագրության մեջ ասվում էր` Տոնոյանը սահմանափակել է Ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջև մրցակցությունը, կատարել նպատակաուղղված գործողություններ ընկերություններից մեկի մուտքը Հայաստանի Հանրապետության շուկա խոչընդոտելու ուղղությամբ՝ այդ կերպ ապահովելով երկրորդ ընկերության մենաշնորհային դիրքը և նպաստելով վերջինի կողմից սահմանված խտրական գները պահպանելուն, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

ՀՔԾ-ից հաստատեցին Տոնոյանի ազատ արձակման փաստը։