Վաշինգթոնում պարետային ժամ է․ Թրամփի կողմնակիցների գրոհը Կապիտոլիում՝ լուսանկարներով

ԱՄՆ գործող նախագահ, Հանրապետական Դոնալդ Թրամփը, որը համաձայն չէ ընտրությունների արդյունքների հետ, իր կողմնակիցների հետ Վաշինգթոնում անցկացրել է Փրկենք Ամերիկան արշավը, որն ավարտվել է ԱՄՆ կոնգրեսի շենք՝ Կապիտոլիում կատարված գրոհով։

Մինչ արշավի մեկնարկը նա իր կողմնակիցներին կոչ էր արել հավաքվել և աջակցել «թույլ Հանրապետականներին» չհաստատել ընտրությունների արդյունքները։ Սակայն ավելի ուշ Կոնգրեսում Հանրապետականների առաջնորդ Մաքքոնելը հայտարարել էր, որ չի հաջողվի իրենց վախեցնել և իրենք հաստատելու են ընտրությունների արդյունքները։

Կոնգրեսում, որտեղ պետք է տեղի ունենար Ջո Բայդենին նախագահի պաշտոնում հաստատելու մասին նիստը, ցուցարարները ջարդուփշուր են արել այն, ինչ պատահել է, նույնիսկ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով բազմաթիվ ցուցարարներ վիրավորվել են, իսկ 4 ցուցարար, ըստ վերջին տվյալների, մահացել է։

Վաշինգթոնում տեղական իշխանությունները պարետային ժամ են հայտարարել։ Դաշնային անվտանգության ծառայությանը ավելի ուշ հաջողվել է Կոնգրեսի շենքը մաքրել ցուցարարներից, իսկ կոնգրեսականները նրանց օգնությամբ վերադարձել են Կապիտոլիում։

Նշենք, որ Կոնգրեսը, համաձայն ԱՄՆ սահմանադրության, պետք է հաստատեր նոյեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները՝ պաշտոնապես վավերացնելով ընտրիչների քվեարկության արդյունքները։ Արդյունքներով հաղթել է Ջո Բայդենը՝ հավաքելով 306 ձայն գործող նախագահ Դոնալդ Թրամփի 232 ձայնի դիմաց, որը չի ընդունել պարտությունը։