Երեկ երեկոյան կրակոցներ են հնչել Սարյան և Արամի փողոցների խաչմերուկում. կան ձերբակալված. ոստիկանություն

Հոկտեմբերի 12-ին, ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Սարյան և Արամի փողոցների խաչմերուկում չորս տղամարդ գտնվում են ալկոհոլի և թմրանյութի ազդեցության տակ, իսկ նրանցից մեկի ձեռքին զենք կա, օդ են կրակում: Նշված հասցե ոստիկանության Կենտրոնական բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:

Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 22.30-ին Երևանի բնակիչ հինգ երիտասարդ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նշված խաչմերուկի մոտ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, տևական ժամանակ հայհոյանքներ հնչեցրել հանրային վայրում, իսկ նրանցից 37-ամյա երիտասարդը իր մոտ եղած ատրճանակով երկու անգամ կրակել է անհայտ ուղղությամբ:

Կենտրոնականի քրեական հետախույզների հետագա ձեռնարկած միջոցառումների արդյունքում ժամը 02.55-ին վերոհիշյալ երիտասարդները Պուշկինի փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու, զենք կրելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ատրճանակի երկու պարկուճ:Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: