Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ Արցախի ՊԲ

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է՝ հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար, Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։

Հաղորդվում է, որ հայկական կողմից տուժածներ չկան։

Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։