Գարո Փայլանը ներկայացվել է Նոբելյան մրցանակի

«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության անդամները դիմել են Նոբելյան հանձնաժողովին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակը Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանին հանձնելու առաջարկով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է միության ղեկավար Սաիդա Օհանյանի հայտարարության մեջ:

«Այս տարի մեր կազմակերպությունը դիմել է Նոբելյան կոմիտե Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու առաջարկով Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր(առաջադրված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կողմից) Կարո Փայլանին, մարդու՝ ով ողջ կյանքը նվիրել է հայ եւ մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործին՝ տարածաշրջանում:

Այսօր նա այն քչերից է, ով պատասխանատվություն է վերցրել պաշտպանելու մարդասիրական իրավունքները, բնիկներին, ազգային ու կրոնական փոքրամասնություններին»,- ասվում է հայտարարության մեջ: Նա նշել է, որ  Փայլանի կողմից ցանված խաղաղության սերմերը՝ տարբեր ազգությունների ու դավանանքների պատկանող մարդկանց միջեւ հանդուրժողականության ու փոխըմբռնման վերաբերյալ, տալիս են դրական արդյունքներ Թուրքիայի Հանրապետության հանրության մեջ:

«Եւ այդ ամենը հակառակ այն իրական ճնշումների ու սպառնալիքների, որոնց ենթարկվում է նա իշխանություններին ենթակա ազգայնամոլական ու ծայրահեղական ուժերի կողմից: Վերջիններս պահանջում են նրանից դադարեցնել մարդասիրական ու քաղաքական ակտիվ գործունեությունը»,- նշել է Օհանյանը: