«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Գառնիկ Դավթյանը
– Պարո՛ն Դավթյան, ինչպե՞ս կգնահատեք այն, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը:
– Շատ դժվար է գնահատել ու մեկնաբանել մի բան, որը ո՛չ տրամաբանության, ո՛չ իրավունքի, ո՛չ էլ բարոյականության հետ կապ չունի: Այսօրվա իրականությունը խոսում է մի քանի բանի մասին. առաջինը, որ ակնհայտորեն կա, վախ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքից՝ կազմակերպչական ու քաղաքական առումով իրենց հակառակորդ լինելու իմաստով: Երկրորդ՝ այս բռնաճնշումներն ինձ հուշում են, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդատուներն ամենայն հավանականությամբ մեզ ոչ բարեկամ երկրներից են, որովհետև նույն բռնաճնշումների տրամաբանությունը գործում է Ադրբեջանում, ու ընդդիմությունն այնտեղ հասել է այն մակարդակի, որ ենթակա է Ալիևին:
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի այսօրվա ու ընդհանրապես ներհայաստանյան բռնաճնշումները հուշում են, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանում ձևավորել ընդդիմադիր ճակատ, որը ենթակա կլինի իրեն, ու ինքը կկարողանա անել այն, ինչ ուզում է: Նիկոլ Փաշինյանը նաև վտանգ է տեսնում նրանում, որ Նարեկ Կարապետյանի վարկանիշն աճում է, նա ընկալելի է հանրության համար, ու այս կերպ փորձում է աղճատել մեր թիմը, բայց չի ստացվելու: Իրավական տեսանկյունից այս գործընթացներին բացատրություն չկա, իսկ քաղաքականի հիմնական նպատակն է ունենալ կառավարելի ընդդիմություն:
– Այս կերպ հասնելո՞ւ է նպատակին:
– Կարծում եմ՝ ո՛չ: Անձամբ ես ո՛չ կալանքից եմ վախենում, ո՛չ բռնաճնշումներից, ինձ համար առաջնայինը հայրենիքն է, իսկ այն զրկանքները, որ իմ ընկերները կրում են, շատ նվազ է այն տղերքի արածի համեմատ, որոնք իրենց կյանքն են տվել հայրենիքին: Այս ամենը ընդամենը խոսում է ՔՊ-ի վախերի մասին:
– Պարո՛ն Դավթյան, խորհրդարանում աշխատանքն ինչպե՞ս եք պատկերացնում:
– Իշխանության հետ աշխատանքը հնարավոր կլիներ, եթե մենք ունենայինք իշխանություն, որը կծառայեր Հայաստանի շահերին, բայց մենք չունենք նման իշխանություն: Մոտավոր կարող ենք կռահել, թե ինչ է սպասվում, քանի որ տեսել ենք նախորդ նստաշրջանները, բայց ես ասեմ, որ ինչքան էլ ՔՊ-ն փորձի վախեցնել, այս բռնաճնշումներով բաժանել մեր թիմին, միևնույն է, չի ստացվելու, պետք է հիասթափեցնեմ իրենց, որովհետև իրենց էլ է անակնկալ սպասում: Մենք գործով ցույց կտանք մեր անելիքները, խոսքերով հիմա չեմ նկարագրի:
– Իսկ ձեր քաղաքական թիմն ինչպե՞ս է պատրաստվում պայքարել ձեր իսկ բնորոշած բռնաճնշումների դեմ:
– Փորձված մեխանիզմներ կան՝ քիչ թե շատ արդյունավետությամբ, բայց մենք պետք է ձգտենք նրան, որ ոչ թե առաջիկա հինգ տարին լինենք խորհրդարանում, այլ՝ Նիկոլ Փաշինյանին առաջին իսկ հնարավորության դեպքում մեկանգամյա փողոցային պայքարով հեռացնենք իշխանությունից:
Մեր տրամադրվածությունն այդպիսին է, մենք չենք պատրաստվում «ջերմ զրույցների» բռնվել իշխանության հետ՝ նվազեցնելով մեր լեգիտիմությունը հասարակության մոտ, մեզ համար կարևորը հասարակության կարծիքն է ու տրամադրությունները:
Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի քաղաքական օրակարգ ձևավորվի, ու մարդկանց կարողանաս առաջնորդել, մարդկանց պարզապես փողոց հանելով արդյունքի չենք հասնի: Անհնար է Նիկոլ Փաշինյանին հեռացնել միայն խորհրդարանով և միայն փողոցով, այդ երկուսը պետք զուգորդված աշխատանք տանեն, որը կբերի բոլորիս կողմից ցանկալի արդյունքի:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















