«Սա ազգային անվտանգության խնդիր է և ողբերգություն, մեկ օրում 33 հազար տարածում է ստացել բացահայտ ֆեյքը»․ Սամվել Մարտիրոսյանը

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է տեղեկությամբ, որը երեկվանից քննարկվում է սոցցանցում։ Տարածված տեսանյութն այն մասին էր, թե իբր ՌԴ նախագահ Պուտինը նվագում է «Ադանայի ողբը»։

Սամվել Մարտիրոսյանը գրել է․ «Սա ազգային անվտանգության խնդիր է եւ ողբերգություն, այն, որ միայն մեկ օրվա մեջ 33 հազար տարածում է ստացել բացահայտ ֆեյքը։ Սա կրթության տապալման ախտանիշ է։ Սա եւս մեկ անգամ մեզ պետք է ապացուցի, որ երկրի հիմքը կրթական համակարգն է։

Ոչ հարկայինը, ոչ գյուղատնտեսությունը, ոչ բանակը։ Այդ ամենը կտապալվեն, եթե դու ունես անգրագետ հասարակություն։ Առ այսօր հրապարակումներ եմ տեսնում այն մասին, որ կորոնավիրուս գոյություն չունի։ Մի հասարակական գործիչ դա ասում է, լրագրողը տարածում։ Իսկ որպես հետեւանք կարող ենք ունենալ ողբերգություններ, որովհետև այ նույն կերպ շատ մարդիկ կհավատան այդ հայտարարություններին։ Մեր հասարակությունը առանց կրթության զրկվում է իր իմունային համակարգից։

Ադրբեջանական գործակալներից մինչեւ հանրային հիմարներ եւ բացահայտ տականքներ հանգիստ կարողանում են ներթափանցել տեղեկատվական դաշտ եւ մարդկանց ուղեղները լվանալ։ Էս լվացքատան վերջը պետք է տալ»։