«Երբ համախմբվածություն չկա, դա երևի թշնամու առաջին հաղթանակն է». Ռուբեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

– Պարո՛ն Բաբայան, սեպտեմբեր13-ին Ադրբեջանը պատերազմական գործողություններ սկսեց արդեն Հայաստանի սահմաններին, արդեն իսկ հաղորդվել է 135 զոհի, գերիների, վիրավորների մասին: Միևնույն ժամանակ հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան, զուգահեռաբար կարծիքներ են հնչում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին: Այսօր ի՞նչ իրավիճակում ենք հայտնվել:

– Պատերազմական իրավիճակում ենք, ամենակարևորը՝ ներքին պատերազմական վիճակում ենք։ Երբ համախմբվածություն չկա, դա երևի թշնամու առաջին հաղթանակն է։ 

20 տարի է՝ սրա մասին եմ խոսում, որ մեր ընտրած անվտանգության համակարգը՝ ՀԱՊԿ-ը, մեր պաշտպանությունը չի ապահովում, սա լուրջ խնդիր է, բայց հիմա կողմնակից չեմ դուռը շրխկացնելուն, որովհետև ինչ-որ բանից հրաժարվելուց առաջ պետք է ապահովել ուրիշ համակարգ։

Երկրորդը՝ բոլորիս համար, անկախ նրանից, ով ինչ գործով է զբաղվում, Հայաստանի սահմանները անձեռնմխելի են, և անձեռնմխելի են այնքան ժամանակ, քանի մենք ենք դա այդպես ընդունում։ 

Կարող է՝ այսօր թշնամին ներուժել է, որոշ տարածքներ գրավել, բայց եթե մենք դա գրավոր չենք արձանագրում, որ հանձնում ենք, ուրեմն վաղ թե ուշ դա հետ է գալու, դա է միջազգային օրենքը։ 

Աշխարհը չի ընդունում սահմանների փոփոխություն, եթե մենք ինքներս չընդունենք։ Եվ կարծում եմ՝ մենք բոլորս պետք է  մեզ համար կարմիր գիծ քաշենք, որ որևէ խաղաղության պայմանագիր, որի մեջ մտնում է մեր սահմանների զիջում, ոչ կարող է լինել, ոչ էլ ենթադրվել, նույնիսկ քննարկվել։

Շատ է խոսվում պատերազմի և խաղաղության մասին։ Իրականում կա՛մ պատերազմ, կամ խաղաղություն, հնարավոր չէ մերժել խաղաղությունը և դժգոհել պատերազմից։ 

Ձեր հարցի շրջանակներից մի քիչ դուրս ասեմ, ես կարծում եմ, որ ամենամեծ իրավունքը, որ տրված է մարդուն, ազգին, պետությանը, ընտրության իրավունքն է: Ցավոք սրտի, պետք է արձանագրեմ, որ մենք՝ որպես հասարակություն, որպես պետություն, այդ ընտրությունը չենք կատարել և չենք կատարել մեր անկախության ամբողջ տարիների ընթացքում։ 

Մենք ի՞նչ երկիր ենք ուզում ունենալ, իրապե՞ս ուզում ենք անկախ, զարգացող երկիր ունենալ, սա նշանակում է գնալ լրիվ ուրիշ ճանապարհով, էլի միգուցե ցավոտ, քարքարոտ, բայց նպատակը պետք է պարզ լինի՝ ինչ արժեքային համակարգի մեջ տեղավորվող երկիր ենք ուզում ունենալ։ Որովհետև որոշումներ կայացնել՝ ելնելով իրավիճակից և դրանով սահմանափակվել, նշանակում է հրաժարվել նպատակից։

– Իսկ ո՞րն է այդ ուղին, ճանապարհը։

– Պետք է ընտրենք ճիշտ համակարգ, ես համարում եմ, որ Հայաստանը Եվրոպա է, Հայաստանը արևելյան քրիստոնեության բնօրրաններից է, էդ մշակույթի կրողը, իհարկե, շատ բան աղճատվել է, որովհետև երկար ժամանակ եղել ենք բաժանված Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև, հետո՝ Ռուսական կայսրության, հետո Սովետական Միության, մենք ի սկզբանե էդ արժեքների կրողն ենք, և՛ մեր Կիլիկյան թագավորությունը, և՛, ընդհանրապես, երբ նայում ես մեր արմատները, և սա պետք է արձանագրել։ 

Եղել են պետություններ, որ մեզնից ավելի վատ վիճակում են եղել, ավելի հետամնաց վիճակում, օրինակ՝ Հարավային Կորեան, Սինգապուրը, բայց քանի որ իրենք ընտրել են զարգացման ուրիշ համակարգ, աշխարհի հետ փորձել են մտնել մրցակցության մեջ, նրանք առաջադիմել են, այսօր ամենաառաջադեմ երկրներից են։ 

Եվ ամենակարևորը՝ երբ դու ունենում ես ընտրություն, թե ինչ ես ուզում ունենալ, նոր դու կարող ես ընտրել՝ ում ես ուզում, որ դա իրականացնի։ 

Մենք, ցավոք սրտի, ավելի շատ անձն ենք գերագնահատում, մեզ համար կարծես այնքան էլ կարևոր չէ՝ ինչ ենք ուզում, մեզ համար ավելի կարևոր է, թե մենք ում չենք ուզում։ Մենք ասում ենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանին չենք ուզում, հետո՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, հետո՝ Նիկոլ Փաշինյանին։ Հա դառնում ենք դժգոհ դրանից՝ մոռանալով, որ մենք միշտ դժգոհ կլինենք, որովհետև դեռ չենք որոշել՝ ինչ ենք ուզում, այլ ոչ թե ում ենք ուզում։ 

Եթե մենք ժողովրդով որոշենք՝ ինչ ենք ուզում, ինչ երկիր ենք ուզում ունենալ, հետո կնայենք՝ ով է հարմար էդ դերակատարումը ստանձնելու։ Մենք պետք է որդեգրենք որոշակի ուղի և նայենք՝ համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ այդ ուղիով տանելու մեր պետությունը։ Մենք ոչ մի բանով որևէ ժողովրդի չենք զիջում, մենք ունենք այդ պոտենցիալը, տաղանդները։ 

Եվ եթե մենք ուզում ենք ունենալ քաղաքակիրթ երկիր, որը դավանում է ամենակարևոր արժեքներին՝ մարդու կյանքը, մարդու իրավունքները, մեզ կսկսեն հասկանալ նաև այլ երկրներ, որոնք կարող են իսկապես օժանդակել մեր անվտանգությանը։ 

Իսկ եթե մենք պարզապես ինչ-որ մի երկրի պոչից կպած գնում ենք և ասում ենք՝ դե, մենք ստիպված ենք այդպես անել, որովհետև նա ապահովում է մեր անվտանգությունը, դա էլ է հարցական՝ ինչքանով է ապահովում, մեզ ոչ ոք լուրջ չի ընդունի։ Հարգում են նրան, որը գնում է դեպի անկախ պետականության կառուցում, այլ ոչ թե նրան, որը րոպեն մեկ լացում է, ասում է՝ մեղք եմ, խեղճ եմ, եկե՛ք ինձ պաշտպանեք։

– Սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես եկավ, որի ժամանակ հայտարարեց ծանր որոշման պատասխանատվություն կրելու և թուղթ ստորագրելու մասին, որը հանրության շրջանում բողոքի մեծ ալիք բարձրացրեց։ Այնուհետև, ավելի ուշ, վարչապետը ուղիղ եթերով պարզաբանում կատարեց՝ նշելով՝ որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու։ Սա ինչպե՞ս կգնահատեք։

– Պետական գործիչը պետք է միշտ հաշվի առնի իրավիճակը, այդ սթրեսային իրավիճակում, որում գտնվում է հանրությունը, միգուցե ավելի կարճ ելույթ էր պետք, բայց ավելի վստահ, կոնկրետ, շատ ավելի քիչ երկիմաստ, որ որևէ մեկնաբանության, տարակարծության տեղիք չտար, բացարձակապես զուրկ լիներ էմոցիաներից, երբ հանրությունը շատ զգացմունքային է, էմոցիային է տրվում, էդ ժամանակ պետությունը պետք է շատ հանդարտ լինի, սթափ։ 

Շատ կարևոր է, որ երբ ելույթ ես ունենում, մտածես ոչ միայն նրա մասին, թե ինչ ես ասում, այլև թե ինչպես կարող է ընկալվել։ Որովհետև հետո ուղղել, երբ բորբոքվում է, խմբագրել, պարզաբանել, արդյոք ավելի ճիշտ չէ՞ր լինի սկզբից դրա մասին մտածել։

Սկզբից բերել այն ելույթը՝ նկատի ունեմ պարզաբանման, որ որևէ խաղաղության պայմանագիր չի կնքվելու՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, այս մասին չի կարող նույնիսկ քննարկում լինել, որևէ միջանցք չի տրամադրվելու ու վերջ։

– Նիկոլ Փաշինյանի ելույթին հաջորդեցին բողոքի ակցիաներ, հավաքներ։ Ինչպե՞ս եք դա գնահատում։ Այս իրավիճակում քաղաքացու քայլը ո՞րը պետք է լինի։ 

– Կարծում եմ՝ այս վիճակում՝ առավելապես այս երկու օրվա ընթացքում, բոլորս պետք է առաջնորդվենք մի շատ կարևոր սկզբունքով՝ չվնասել։ Գնում է պատերազմ, մեր զինվորները կանգնած են սահմանին և իսկապես հերոսաբար, իրենց կյանքի գնով պաշտպանում մեր սահմանները։ Իմ խոսքով, իմ գործունեությամբ օժանդակո՞ւմ եմ դրան, թե՞ վնասում. այս հարցը ամեն մեկը պետք է իրեն սթափ տա և պատասխանի։ Սա կրիտիկական վիճակ է, պատերազմ է, այս վիճակում բոլոր հարցերը դրվում են մի կողմ, և գալիս է մի հարց՝ երկրի պաշտպանության։ Չկա ռազմաճակատ՝ առանց ամուր թիկունքի, նման բան չի լինում։

– Սոցիալական մեդիայում ևս քաղաքացիները լայն քննարկումներ սկսեցին, հայրենիք կորցնելու մտահոգությամբ հանդես գալ, հուսահատություն հայտնել Հայաստանի ապագայի նկատմամբ։ Դուք ինչպիսի՞ն եք տեսնում վաղվա օրը։

– Ես գիտեմ մի բան, որ ատելությունն անպտուղ է, անկախ նրանից, ինչքանով է դա արդար, ես կարող եմ հասկանալ բազմաթիվ մարդկանց զգացմունքները, մտքերը, անհանգստությունը, որը նրանց մղել էր հրապարակ կամ Ազգային ժողով։ 

Բացարձակապես կողմնակից չեմ պիտակավորելու այդ մարդկանց, դա ամենասխալ բանն է, բոլորն էլ մեր քաղաքացիներն են, բայց մենք է պետք է ոչ թե ուրախանանք կամ վախենանք՝ էնտեղ 50․000 մարդ հավաքվեց, այսօր՝ 100 մարդ, սկսենք ծաղրել և այլն, կապ չունի, բոլորը մեր քաղաքացիներն են, բոլորի հանդեպ հարգանքով, և պետք է կոնկրետ որոշել մեր նպատակը, մեր ընտրությունը և ասել՝ մեր ընտրությունը սա է, ո՞վ կարող է դեմ խոսել այդ ընտրության, կարծում եմ՝ ոչ ոք։ 

Բայց եթե մեր ընտրությունը սա է, և բոլորը համամիտ են այդ ընտրությանը, մենք հաստատ ընդհանուր լեզու կարող ենք գտնել, իսկ եթե կա ուրիշ ընտրություն, կամ ուրիշ ընտրություն ցանկացողները՝ մտնել միութենական պետության մեջ, դառնալ Ռուսաստանի ինքնավար մարզ, այ էս մարդկանց հետ ես իսկապես ընդհանուր ճանապարհ չունեմ անցնելու՝ անկախ իմ անձնական վերաբերմունքից, սա չի տեղավորվում Հայաստանի Հանրապետության՝ որպես անկախ պետության գոյության հետ։

Արփինե Արզումանյան

MediaLab.am