Հիբրիդային սպառնալիքներ ասելով՝ ԵՄ-ն նկատի ունի Ռուսաստանին․ Սուրենյանցը՝ Հայաստանում մեկնարկող նոր առաքելության մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, Եվրամիությունը մեկնարկում է նոր առաքելություն Հայաստանում՝ օգնելու հիբրիդային սպառնալիքների դեմ, այս մասին ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Ինչպե՞ս եք գնահատում Եվրամիության այս քայլը, ի՞նչ հիբրիդային սպառնալիքների մասին է խոսքը:

– Հիբրիդային կամ խառնածին սպառնալիքները տարածված երևույթ են աշխարհում, բայց հենց Կալասի կողմից է դա հնչում, ակնհայտորեն դա վերաբերում է բացառապես մի երկրի՝ Ռուսաստանին, այսինքն՝ այս դեպքում պետք է հասկանանք, որ Հայաստան է գալիս հակառուսական առաքելություն, որովհետև եվրոպացիները հիբրիդային պատերազմ ասելով այլ բան չեն հասկանում: Որ երկրներում իրենք նմանատիպ առաքելություն են ստանձնել, խոսքը միայն Ռուսաստանից եկող թվացյալ կամ իրական վտանգներին է վերաբերում: 

Եվրամիությունը երբեք Հայաստանում առաքելություն չէր ստանձնի, որը նպատակ պետք է ունենար Ադրբեջանից ու Թուրքիայից եկող սպառնալիքների դեմն առնելու: Նրանք միշտ հակում են Հայաստանի իշխանությանը՝ գնալ նշաձողի հերթական իջեցմանը ու նոր զիջումների գնով հասնել Ադրբեջանի հետ խաղաղության: Այն, ինչի մասին խոսում է այդ տիկինը, նոր չէ, այլ անունով այն արդեն գործում էր ընտրական գործընթացի ժամանակ:

– Եթե ասում եք, որ Եվրամիությունը նկատի ունի միայն Ռուսաստանին, ապա ինչո՞ւ է հայկական կողմը համաձայնել այս առաքելությանը, որովհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները լավ են, ու իրենք բնավ նպատակ չունեն փչացնել դրանք:

– Նիկոլ Փաշինյանի քայլերի մեջ հակասությունները շատ են, նա փորձում է դարձյալ շարունակել երկու աթոռի վրա նստելու մարտավարությունը, դա կհանդուրժե՞ն, թե՞ չէ, պարզ չէ, բայց Մոսկվայում ակնհայտորեն դա այլևս չեն ուզում հանդուրժել: Հայաստանի պատմության մեջ նա առաջին ղեկավարն է, որ ընտրվելուց ավելի քան մեկ ամիս անց չի կարողանում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպում կազմակերպել, ես տեղյակ եմ, որ նա անդուլ ջանքեր է գործադրում, որ արժանանա Պուտինի ընդունելությանը, բայց չի ստացվում:

Մոսկվա մեկնելու փոխարեն գնաց Եկատերինբուրգ, հանդիպեց Միշուստինի հետ, վերջինս խոսեց ընտրությունների մասին, բայց կես բառով անգամ չշնորհավորեց Փաշինյանին հաղթանակի առթիվ։ Ռուսների նպատակը շատ պարզ է. Փաշինյանին ճնշելով՝ նրան բարձր գին պարտադրել հարաբերությունների կարգավորման դիմաց: Նույն բանը, ըստ էության, անելու է Արևմուտքը, այսինքն՝ Փաշինյանի այս քաոտիկ քաղաքականությունը որևէ լավ բանի չի բերելու: 

– Պարո՛ն Սուրենյանց, իսկ ավելի շատ ո՞ր կողմին կհաջողվի Փաշինյանին իր ազդեցության գոտում պահել:

– Օբյեկտիվորեն Ռուսաստանն ավելի շատ ճնշման գործիքներ ունի Հայաստանի նկատմամբ, պարզ է, որ շուտով նաև Իրանի Իսլամական Հանրապետությունն էլ կունենա, որովհետև մեծանում է նրա դերը տարածաշրջանում: Ասեմ ավելին՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է բաց բաժնետիրական ընկերություն, աշխարհաքաղաքական ամեն կենտրոն գալու է իր բաժնի հետևից, ու ամեն մեկը կվերցնի այն, ինչ կարող է: Ուղղակի ձեր հարցի ձևակերպումն էր ինձ խորթ:

– Լավ, այսպես ձևակերպեմ՝ Փաշինյանը ո՞ր կողմին կընտրի:

– Փաշինյանն իրեն զրկել է ընտրելու հնարավորությունից: Դա Ծառուկյանին սանձարձակ ձևով ձերբակալելը կամ ներսում այլանդակություն անելը չէ, որ կարողանա անել, արտաքին հարաբերություններում նա իրեն զրկել է մանևրելու հնարավորությունից: Որպես կանոն՝ Հայաստանի հարցերը քննարկում են առանց Հայաստանի: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am