Հովիկ Աբրահամյան vs Տիգրան Սարգսյան. անթաքույց պայքար՝ երկու թեւերի միջեւ

Հովիկ Աբրահամյան vs Տիգրան Սարգսյան. անթաքույց պայքար՝ երկու թեւերի միջեւ
Հովիկ Աբրահամյան vs Տիգրան Սարգսյան. անթաքույց պայքար՝ երկու թեւերի միջեւ

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի սուր ելույթը Վերահսկիչ պալատի բացահայտումների վերաբերյալ փաստում է ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի թևերի միջև անթաքույց պայքարի մասին: «Մեդիալաբի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ վերլուծելով ԱԺ նախագահի վերջին օրերի պահվածքը:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Ազգային ժողովում քաղաքաշինության և պետական գնումների ոլորտում Վերահսկիչ պալատի բացահայտումների հրապարակումից հետո Հովիկ Աբրահամյանը բյուջեն թալանողների հասցեին կոպիտ էր արտահայտվել: Ըստ ՎՊ բացահայտումների՝ 2012 թվականին բյուջետային միջոցների չարաշահումը կազմել է 70 միլիարդ դրամ: ԱԺ նախագահն էլ հայտարարել էր, որ վարչապետը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ, բացահայտումները պետք է լուրջ հետևանքներ ունենան կոնկրետ պաշտոնյաների համար:

«Չկան անփոխարինելի պաշտոնյաներ, զբաղեցրած պաշտոններից ազատեք այն պաշտոնյաներին, ովքեր զբաղվում են թալանով, կեղծարարությամբ և գումարներ լափելով»,- կոչ էր արել Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Հովիկ Աբրահամյանի ըմբոստությունը բացատրում է նրանով, որ թույլ ընդդիմություն ունենալու պայմաններում ՀՀԿ-ն որոշել է նաև ստանձնել ընդդիմության դերը՝ միաժամանակ նշելով, որ իրենք աչք չունեն ընդդիմության աթոռի վրա:

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը նույնպես այս կարծիքին է: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այն կարծիքին է, որ ՀՀԿ-ն բոլոր ոլորտներում մենաշնորհ ունենալուց հետո հիմա էլ քաղաքական դաշտն է մոնոպոլիզացնում: *

«Իրենք փորձում են ներկայանալ թե´ իշխանություն, թե´ ընդդիմություն, ուզում են ամբողջ դաշտում լինել»,- նշում է Արմեն Ռուստամյանը: ԱԺ ՀԱԿ-ի խմբակցությունը կարծում է, որ Հովիկ Աբրահամյանի ընդդիմադիր ելույթն ընդամենը սովորական շոու է երեք արարով՝ բացահայտում են, հրապարակում, բայց հարց է՝ կպատժե՞ն, թե՞ ոչ: Իսկ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն ասում է, որ եթե ԱԺ-ն թատրոն չէ, ՎՊ բացահայտումները պետք է ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և պատժել չարաշահում թույլ տված պաշտոնյաներին:

Քաղաքագետ Բոզոյանի խոսքով` խնդիրը հետևյալն է. հասարակությունում կա պայքար երկու շերտերի միջև: Մի շերտը գործարարներն են, ովքեր դժգոհում են, որ իրենցից շատ հարկեր են գանձում, նրանք փորձում են առավելագույնը քիչ հարկեր ցույց տալ, թաքցնել դրանք: Մյուս կողմից` պետությունը, ստիպելով վերցնելով այդ հարկերը, շատ անարդյունավետ է աշխատում: «Պետությունը, պետական բյուրոկրատիան իր վրա է շռայլորեն ծախսում այդ հարկերը: Եվ, բնականաբար, այդ ամենը խոր դժգոհություն է առաջացնում բիզնեսի ու հասարակության շրջանում: Եվ հասարակությունն ու բիզնեսը փորձում են պայքարել, որ այդ բալանսը փոխվի»,-  «Մեդիալաբին» ասում է Բոզոյանը:

Վերլուծաբանի խոսքով` ընդդիմության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջոցով գործարար խավը փորձում էր լոբբինգ անել` լուծելու իրենց խնդիրները: Երբ պարզվեց, որ ընդդիմությունը հաջողության չհասավ, Հանրապետական կուսակցությունը պահպանեց իր մենաշնորհային դիրքը, փաստորեն հիմա էլ գործարար շրջանակները փորձում են լոբբինգով այդ խնդիրները լուծել ՀՀԿ մի խմբի միջոցով: «Նույն Հովիկ Աբրահամյանը, Իշխան Զաքարյանը, ՀՀԿ որոշ շրջանակներ փորձում են իրենց վրա վերցնել այդ խնդիրը»,- կարծում է Բոզոյանը:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նույնպես արձանագրում է, որ ՀՀԿ-ն իր մեջ ունի խմբավորումներ, և տարբեր խմբավորումների մարդիկ տարբեր շահեր ունեն: Ուղղակի խմբավորումներից մեկն ուզում է առիթից օգտվել ի հաշիվ մյուս խմբավորման:

«Իմ կարծիքով՝ երևի Հովիկ Աբրահամյանը դեռևս վարչապետ դառնալու ցանկություն ունի: Հովիկ Աբրահամյանը և այն խմբավորումը, որի առաջնորդն է ինքը, փորձում են գործադիր իշխանության լծակները վերցնել և օգտվել այն խմբավորման տապալումից, որը գլխավորում է վարչապետը: Այսինքն` սա ներխմբակային պայքար է, բարոյաէթիկական որակներով այս երկու խմբավորումներն իրարից առանձնապես չեն տարբերվում: Այսինքն` Հովիկ Աբրահամյանը լինի վարչապետ, թե Տիգրան Սարգսյանը` գոնե կոռուպցիայի առումով, ինձ թվում է` շատ մեծ տարբերություն չի լինի»,- «Մեդիալաբին» ասում է Դանիելյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային պատմությանն անդրադառնալով՝ վերլուծաբանը նշում է, որ այս դեպքում էլ մի խումբը կցանկանա, որ մյուս խումբը վարկաբեկվի, կամ կօգնի, որ վարկաբեկվի: Հիշեցնենք, որ ի պատասխան այն հրապարակումների, թե վարչապետն օֆշորային գոտում գրանցված ձեռնարկություններից մեկի սեփականատերերից է և ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ միասին սնանկացրել է գործարար Փայլակ Հայրապետյանին, Տիգրան Սարգսյանն օրերս Ազգային ժողովում հայտարարեց, թե դա անհեթեթություն է, որն իր մտքով անգամ չէր անցնի: Վարչապետը նաև հայտարարեց, որ օֆշորային գոտում ցանկացած ոք կարող է իր անունով հաշիվ բացել՝ նպատակ ունենալով վարկաբեկել իրեն, օֆշորի առանձնահատկությունն էլ հենց դա է:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ասում է, որ եթե վարչապետը նման հայտարարություն է անում, ինքը պետք է բացատրի, որ արդյոք յուրաքանչյուր ոք, եթե հաշիվ բացի օֆշորներում, միլիոնավոր դոլարների փոխանցումներ կլինե՞ն այդ հաշվին, և այդ փոխանցումները կլինե՞ն որևէ հայկական բանկից:

«Բոլորս գիտենք, որ եթե գոնե 10 հազար դոլարից ավելի գումար է փոխանցվում որևէ մեկին հայկական բանկով, ապա գրվում է բացատրություն՝ այդ ի՞նչ գումար է, ո՞վ է ուղարկել, ի՞նչ նպատակներով: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այդ սահմանած կարգի հեղինակը հենց Տիգրան Սարգսյանն է, ով եղել է Կենտրոնական բանկի նախագահը: Նա շատ լավ պետք է իմանա, որ նման երևույթ գոյություն ունի և պետք է բացատրի դա: Կենտրոնական բանկը ստուգում է այդ բոլոր փոխանցումները»,- ասում է Դանիելյանը:

Լուսանկարը՝ http://www.armtimes.com

© Medialab.am