Իր առաքելությունն ավարտող ութերորդ գումարման ԱԺ-ն վերջին աշխատանքային օրն ավելի կարեւոր հարց չունե՞ր որոշելու․ Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Lena Nazaryan, Heriknaz Tigranyan, Ararat Mirzoyan, Maria Karapetyan, Mikayel Zolyan, Artur Hovhannisyan, Sisak Gabrielyan, Sargis Khandanyan, Lusine Badalyan, Hovhannes Igityan,արդեն չեմ հարցնում, որքանով է համապատասխանում ձեր համոզմունքներին, հանրային դեմքերի, առաջին հերթին պետական պաշտոնյաների, քրեական օրենսգրքով վիրավորանքից պաշտպանվածության ավելի բարձր մակարդակը, քան այլ քաղաքացիների։ Բայց երկու հարց ունեմ։

Առաջինը՝ իր առաքելությունը ավարտող ութերորդ գումարման Ազգային Ժողովը վերջին աշխատանքային օրը ավելի կարեւոր հարց չունե՞ր որոշելու, մանավանդ հաշվի առնելով երկրի անվտանգությանը սպառնացող իրադարձությունները։

Եւ երկրորդ ավելի համեստ հարցը՝ չհամաձայնեցինք, բայց գոնե հասկացանք, որ ինքներդ ուզում եք առավել պաշտպանված լինել հրապարակայնորեն հնչող խոսքից, բայց “լրագրողական, հրապարակախոսական․․․, հասարակական կամ քաղաքական գործունեությամբ” զբաղվողներից հարցրե՞լ եք, արդյոք իրենք էլ են ցանկանում ձեզ հետ միասին արտոնյալ դառնալ այս առումով։

Թե՞ նշված կատեգորիաներին «պաշտպանվողների» շարքին միացնելով, փորձել եք քողարկել ձեր իրական մտադրությունները։ Օրինակ, ես եւ, կարծում եմ, գործընկերներիս մեծ մասը այլ քաղաքացիների նկատմամբ առավելություն ունենալ չենք ցանկանում»։