Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը կբռնագանձվի՞. դատախազությունը 94 ապօրինի գույք է հայտնաբերել. Factor.am. տեսանյութ

Մոնումենտի բարձունքում գտնվող թաղամասում Երևանի ամենաթանկարժեք և շքեղ առանձնատներն են: Առանձին դեպքերում մինչև մեկ միլիոն դոլար արժողությամբ առանձնատների սեփականատերերի թվում են նախկին իշխանության ներկայացուցիչները կամ նրանց ընտանիքի անդամները․ գրում է Factor.am-ը։

Մշտապես հարց է հնչել, թե ինչպես են կես միլիոն դրամի շեմը չգերազանցող աշխատավարձով նախարարները կամ պատգամավորներն այսպիսի շքեղ տների տեր դարձել: Ակնկալվում է, որ այս հարցի պատասխանը տրվելու է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի կիրառման շրջանակում: Իրավապահները բացահայտել են ենթադրյալ ապօրինի ծագման 94 անշարժ գույք, որոնց ցանկում նաև այստեղ գտնվող մի քանի առանձնատներ են:

Այսօր հայտնի դարձավ, որ կալանք է դրվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող գույքերի վրա։ Թեև Դատախազությունը չի հստակեցնում, թե կոնկրետ ո՞ր գույքերն են այդ ցանկում, այնուհանդերձ, Մոնումենտի բարձունքում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող շքեղ առանձնատունն առավել աչքի ընկնողներից և խնդրահարույցներից է։ Դրա ձեռքբերման և փաստաթղթավորման հետ կապված խնդիրների մասին բարձրաձայնվել է դեռ տարիներ առաջ։ Այսօր Գլխավոր դատախազությունից Factor TV-ին փոխանցեցին, որ Սուրիկ Խաչատրյանը, նրա կինը, երկու որդիները՝ Տրդատ և Տիգրան Խաչատրյանները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված երկու անձինք հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

Մանրամասն՝ տեսանյութում