«Ադրբեջանը ձգձգում է գերիների հարցը, դա որպես հաղթաթուղթ է պահում, որպեսզի մեզ թելադրեն իրենց կամքն ու ցանկությունները». Գագիկ Մելքոնյան

Լուսանկարը՝ «Ազատություն»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը

Պարո՛ն Մելքոնյան, Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին՝ նրանց որակելով «ահաբեկիչներ»։ Օրերս Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ հնարավոր չեղավ այդ հարցով համաձայնության գալ։ Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում, ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը։

– Ադրբեջանի նպատակը հիմնականում այն է, որ մեր ներքաղաքական վիճակն ավելի շիկացնի։ Իսկ ինչ վերաբերում է գերիների վերադարձին, ռուսները եղել են երաշխավոր, ռուսներն էլ պետք է կարողանան այդ հարցերը կարգավորել։

Բնական է, որ Ադրբեջանը կսկսի ձգձգել գերիների հարցը, դա որպես հաղթաթուղթ են պահում իրենց մոտ, որպեսզի թելադրեն իրենց կամքն ու ցանկությունները։

Ի՞նչ զիջումներ են ուզում այսուհետ կորզելու Հայաստանից, որ փորձում են գերիների հարցը որպես հաղթաթուղթ օգտագործել։ 

– Ինձ թվում է՝ հետագա զարգացումները միայն Նախիջևանի ճանապարհի հետ են կապված լինելու։

Այդուհանդերձ, Ադրբեջանն իրավունք ունի՞ հայ գերիներին «ահաբեկիչներ» ներկայացնելու։

– Այդ համաձայնագրում գրված էր՝ բոլորը բոլորի դիմաց պետք է փոխանակվեն։ Նրանք մեզ մոտ ունեին հանցագործներ, կալանավորված մարդասպաններ։ Բոլորը բոլորի դիմաց պետք է փոխանակվեին։ Հիմա Ադրբեջանի այս արարքը ստորություն է, իսկական թուրք են, էլի, բան չի փոխվել նրանց մեջ։

– Հայկական կողմի անելիքը ո՞րը պետք է լինի այս հարցում։

– Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր գերիներին հետ բերենք։ Չպետք է կուլ գնանք նրանց ամեն ցանկությանը։

– Արցախում շփման գծում ադրբեջանական կողմը վերջին օրերին կրակոցներ է արձակում, բնակիչներն ասում են՝ հիմնականում օդ են կրակում։ Սակայն այսօր նաև Շուշիի հատվածից կրակոցների հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել։ Ի՞նչ զարգացումներ են սրանք, ի՞նչ պետք է անել։ 

– Նրանք հիմնականում սադրում են, որպեսզի մեզ ներքաշեն այդ գործողությունների մեջ։ Իսկ ինչ վերաբերում է կրակելուն, նախքան պատերազմը, եթե հիշում եք, նրանք հազարավոր կրակոցներ էին արձակում։

Անընդհատ կրակել են, այնպես չէ, որ այն ժամանակ չեն կրակել։ Նրանք թուրք են, անընդհատ կրակելու են, անընդհատ մեզ ներքաշելու են ինչ-որ բաների մեջ։ Բայց մենք պետք է այնքան հզոր լինենք, որ չներքաշվենք այդ սադրանքների մեջ։

– Ներկայացվում է, որ ենթակառուցվածքների ապաշրջափակումը օգուտ է նաև Հայաստանի համար։ Ի՞նչ օգուտ կարող ենք մենք ստանալ՝ Մեղրիով ճանապարհ տալով ադրբեջանցիներին։

– Նախկինում երկաթգիծ էր գալիս Նախիջևանով Երևան։ Մեր բեռնափոխադրումները կատարվում էին երկաթգծով, երկաթգծով փոխադրումներն ավելի էժան են, քան մեքենաներով տեղափոխելը։

1990-ական թվականներին, երբ շարժումն սկսվեց, այդ երկաթգիծը քանդվեց։ Բայց ոնց էլ լինի, մենք պետություն ենք ի վերջո, այդ ճանապարհները պետք է մենք էլ ունենանք, իրենք էլ։

Մենք իհարկե կարող ենք օգուտ ունենալ։ Մեր ամբողջ բեռները կտեղափոխվեն այդ երկաթգծով։ Այն ժամանակ մենք Նախիջևանի միջով հասնում էինք Մեղրի։

Մի քանի անգամ ավելի կարճ էր ճանապարհը ու ավելի անվտանգ, այդ սարերի ու ձորերի միջով չէինք գնում։ Նախիջևանը Մեղրին անմիջապես կապում էր Երևանի հետ, շատ կարճ ճանապարհ էր։

– Հայաստանի տարածքում այդ ճանապարհը պետք է վերահսկեն ռուս սահմանապահները, բայց Ադրբեջանի տարածքում՝ ոչ։ Անվտանգության ի՞նչ երաշխիքներ կարող է ունենալ Ադրբեջանի տարածքով բեռներ տեղափոխող հայ վարորդը։

– Եթե ճանապարհը բացվեց, յուրաքանչյուր պետություն պատասխանատու է այդ բեռների, ամեն ինչի համար, որ իր երկրով է անցնում։ Համարվում է տարանցիկ երկիր։ Ի վերջո, հավերժական թշնամիներ ու բարեկամներ չեն լինում։

– Արդյոք այլ նպատակներ չե՞ն հետապնդում Ադրբեջանն ու Թուրքիան այդ ճանապարհների ծրագրով։

– Չէ՛, նրանք ընդամենը Ադրբեջանի հետ Նախիջևանով Թուրքիա ճանապարհ են ուզում։ Դա ամենակարճ ճանապարհն է։ Ես Մեղրիիի համար վտանգ չեմ տեսնում։ Այսօր ես խնդիրներ եմ տեսնում Գորիս-Կապան ճանապարհին։

Այնտեղ կան հատվածներ, որ ճանապարհի աջ կողմը հայկական է, ձախ կողմը՝ ադրբեջանական։ Երբ ճանապարհների հարցով հանձնաժողովն ստեղծվի, մերոնք պետք է այնքան խելոք լինեն, որ կարողանան այդ ճանապարհներից հեռացնել նրանց։

Օրինակ՝ մեկ ուրիշ տեղից հող ենք տալիս նրանց, այդ հատվածներից հող ենք վերցնում, որպեսզի մեր ճանապարհները անվտանգ դառնան։ Դա էլ բանակցությունների թեմա պետք է լինի։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am