«Քաղաքային համայնքը կարող է նվերներ ստանալ, բայց այդ ամենը պետք է ավելի թափանցիկ անել, որ ավելորդ շահարկումից զերծ մնան». Քրիստինե Պողոսյան

«Քաղաքային համայնքը կարող է նվերներ ստանալ, բայց այդ ամենը պետք է ավելի թափանցիկ անել, որ ավելորդ շահարկումից զերծ մնան». Քրիստինե Պողոսյան
«Քաղաքային համայնքը կարող է նվերներ ստանալ, բայց այդ ամենը պետք է ավելի թափանցիկ անել, որ ավելորդ շահարկումից զերծ մնան». Քրիստինե Պողոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:

– Տիկին Պողոսյան, շուրջ մեկ շաբաթ է՝ համացանցում քննարկվում է Երևանի քաղաքապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ կապված նվեր ստացած «Կամազ» -ների» հետ։ Ինչպե՞ս եք գնահատում դա, արդյոք դրա մեջ ուղղորդվածություն տեսնո՞ւմ եք, թե՞ քննադատության մեջ ռացիոնալ հատիկ, այնուամենայնիվ, կա։

– Երևանի ավագանին և քաղաքապետը ընտրովի մարմիններ են, որոնց ընտրել է երևանցին, և նրանք առաջին հերթին հաշվետու են Երևանի բնակիչներին։ Ինչպես Ազգային ժողովը ներկայացնում է ողջ երկրի ժողովրդին, այնպես էլ ավագանին և քաղաքապետը ներկայացնում են Երևանի ընտրողներին և նրանց շահերը։ Հետևաբար, այդ հարցերին առաջին հերթին ընտրովի մարմինը պետք է պատասխան տա։ Ինչ վերաբերում է աղմուկին և ստացած նվերներին, ես չեմ բացառում, որ քաղաքային համայնքը կարող է նվերներ ստանալ։ Կարծում եմ՝ այդ ամենը պետք է ավելի թափանցիկ անել, որ ավելորդ շահարկումից զերծ մնան։ Եթե ամեն ինչ արվում է թափանցիկ, օրենքի սահմանում է, և չկա որևէ կոռուպցիոն ռիսկ, ապա էդտեղ խնդիր չկա։

– Դուք չե՞ք տեսնում կոռուպցիոն ռիսկ այս պարագայում։ Չափազանցվա՞ծ են դրա մասին ընդդիմադիրների գնահատականները, այդ թվում՝ քրգործ հարուցելու պահանջները։

– Եթե ռիսկ են տեսնում և բարձրաձայնում են, ես դա ճիշտ եմ համարում։ Եթե ռիսկ են տեսել, բարձրաձայնել են, պետք է պատշաճ բացատրություն տրվի, և բոլոր կասկածները պետք է փարատվեն։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, եթե որևէ տեղ, որևէ հարցում կոռուպցիոն ռիսկի մտավախություն կա, դա պետք է բարձրաձայնվի և փարատվի։

– Հայկ Մարությանն իր «լայվի» ժամանակ հայտարարում էր, որ չի կարող Սամվել Ալեքսանյանին նույնականացնել «Ալեքս հոլդինգի» հետ։ Հիմա դուք չե՞ք նույնականացնում այդ երկուսը։

– Այստեղ խնդիր կա. եթե հարցնում են՝ դուք ստացե՞լ եք Սամվել Ալեքսանյանից, և պատասխանում է՝ ոչ, որովհետև այդ մարդը փաստացի չի հանդիսանում տվյալ ընկերության սեփականատերն իրավական առումով, ապա քաղաքապետը ճիշտ է պատասխանել։ Բայց եթե հանրության մեջ հիմնավոր մտավախություններ ու կասկածներ կան, որ Սամվել Ալեքսանյանը փոխկապակցված անձ է և կարող է որևէ ռիսկ լինել, պարտավոր են անդրադառնալ և պատասխանել։ Հուսով եմ՝ քաղաքապետարանը պատշաճ բացատրություն կտա այդ ամենին։

– Անգամ հնչում էին կարծիքներ, որ քաղաքապետը պետք է հրաժարական տա ստեղծված իրավիճակից հետո, որովհետև, ըստ էության, չի տիրապետում իրավիճակին, որ այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում նման գնահատականներին։

– Քաղաքապետի հրաժարականը կարող են պահանջել ավագանու անդամները և քվեարկել դրա համար։ Դրա համար Երևանի քաղաքացիներն ընտրել են ավագանի, որպեսզի ավագանու անդամները իրենց շահերը ներկայացնեն։ Կրկնում եմ՝ եթե կան մտավախություններ, քաղաքապետը և քաղաքապետարանի անձնակազմը պարտավոր են հանրությանը պատշաճ ներկայացնել, թե ինչ գործընթացներ են եղել, և փարատել կասկածները։ Եթե ընդդիմադիր ուժի մոտ կա մտավախություն, որ այդտեղ որևէ հակաօրինական բան է կատարվել, ես խորհուրդ եմ տալիս նրանց դիմել իրավապահ մարմիններ։

– Մամուլն արդեն ամիսներ շարունակ գրում է, որ քաղաքապետն ուր որ է հրաժարական կտա, որ մի քանի անգամ հրաժարականի դիմում է գրել, վարչապետը չի հաստատել։

– Դե, մամուլն արդեն 1,5 տարի է՝ գրում է, որ մեր քաղաքական իշխանությունն է հրաժարական տալու, թեժ ամառ, թեժ աշուն, թեժ ձմեռ են կանխատեսում։ Դա նորմալ է։

– Թեժ ձմեռ չի՞ լինելու։

– Ո՛չ, չի լինելու։ Թեժ ձմեռ լինելու է, բայց այն ֆորմատով, որ Գագիկ Սուրենյանն է մեզ խոստացել։ Մնացած առումներով այդ շահարկումները կան, շարունակվում են, էլի են լինելու, պետք է դրանց հանգիստ նայել, անել մեր աշխատանքն ու գնալ առաջ, նաև հաշվետու լինել հանրության առջև։

– Ընտրություններից առաջ անընդհատ խոսվում էր այն մասին, որ մահաբեր վերելակներից, «Գազել»-ներից ելք կա։ Դուք՝ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, քաղաքային տնտեսության մեջ փոփոխություն նկատո՞ւմ եք։

– Միանշանակ նկատում եմ, գովելի է այն աշխատանքը, որ կատարում է Հայկ Մարությանը։ Ինչպես մենք իշխանության գալով հասկացանք, թե ինչ քանդված, խարխլված և թալանված է եղել պետությունը, և հիմա դեռ այսքան ժամանակում չենք կարողանում դա վերականգնել, նույն խնդրի առաջ կանգնել է նաև Հայկ Մարությանը։ Նա աշխատանքները ճիշտ է տանում, ես տեղյակ եմ, որ վերելակները որոշ չափով փոխվել են, և այդ գործընթացը շարունակական է լինելու։ Ես համարում եմ, որ նրան կհաջողվի կարգի բերել Երևան քաղաքը և երևանցիներին արժանավայել տրանսպորտ ու վերելակային տնտեսություն ապահովել։

– Ամեն դեպքում, «Կամազ»-ների հետ կապված պատմության մեջ ի՞նչ թերացում տեսաք քաղաքային իշխանության կողմից։

– Իմ պատկերացմամբ՝ խնդիրը միայն ժամանակին և ոչ պատշաճ իրազեկումն է եղել հանրությանը։ Նվերներ կարող են լինել համայնքին, և դա ցանկալի է, հասարակությունը, հատկապես բիզնես ոլորտը պետք է իր մասնակցությունն ունենա քաղաքային համայնքի և առհասարակ պետության բարեկարգման հարցերում, բայց դա պետք է արվի ճիշտ, օրենքով, թափանցիկ և հաշվետու, որ զերծ մնանք ավելորդ շահարկումներից։

– Դուք ասացիք, որ նվերներ ստանալը նորմալ է, բայց դա պետք է թափանցիկ լինի։ Բայց իրավապաշտպաններն ասում են՝ նվեր ստանալը նորմալ է, բայց ումի՞ց, մեկից, որը տարիներ շարունակ թաթախվա՞ծ է եղել կոռուպցիայի մեջ, կոռուպցիոն գործարքների է գնացել։ Ինչպե՞ս եք գնահատում նման մոտեցումը։

– Եթե չեմ սխալվում, Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածում գրված է, որ եթե նույնիսկ իրավաչափ է նվերի ստացումը, բայց հանրության կողմից կա հիմնավոր կասկած, որ այդ մարդը վարկաբեկված է, և նրա տված նվերը կարող է վարկաբեկել ամբողջ պետական համակարգը, նման նվերներից պետք է զերծ մնալ։ Ես խորհուրդ կտամ, որ այդ կետին հետևեն բոլոր այն մարմինները, որոնք նվերներ են ստանում տարբեր անձանցից ու կառույցներից։ Նվերներ, այո՛, պետք է ընդունել, բայց պետք է հաշվի առնել, որ եթե հանրության մեջ կա հիմնավոր կասկած, որ այդ մարդու նվիրած գույքն ունի ապօրինի ծագում, դրանից պետք է զերծ մնալ։

Մանե Հարությունյան

MediaLab.am