Հայաստանում ավարտվեցին ամերիկյան սերիալի նկարահանումները

Հայաստանում ավարտվեցին ամերիկյան սերիալի նկարահանումները
Հայաստանում ավարտվեցին ամերիկյան սերիալի նկարահանումները

Դեկտեմբորի 13-ին ավարտվեցին «Չարի հպումը» միստիկ սերիալի նկարահանումները Հայաստանում։ Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։

Հաղորդագրությունը տեղեկացնում է, որ միջազգային նախագծին մասնակցում են Academy Films ֆիլմարտադրող և պրոդյուսերական ընկերությունը Հայաստանից, Associated Television International խոշոր պրոդյուսերական ընկերությունը ԱՄՆ-ից և Blitz Films ֆիլմարտադրող ընկերությունը Ռուսաստանից։

«Ֆիլմի նկարահանումները տևեցին 36 օր։ Նկարահանման յուրաքանչյուր օր նկարահանման հրապարակում 70-100 մարդ է աշխատել, այդ թվում մասնագետներ Ռուսաստանից և ԱՄն-ից։ Նկարահանումներն իրականացվել են Երևանում (Կոնդ), Դաշտադեմի ամրոցում, Օշականում, Աշտարակում, որտեղ ֆիլմի նկարահանումների համար մաքրվել է և հիմնովին նորոգվել է հին բաղնիքի շենքը։

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Հայաստանում։ Մի խումբ ամերիկացի ուսանողներ երկրով ճամփորդելիս պատահաբար հայտնվում են խուլ մի գյուղում, որը տարօրինակ և վտանգավոր է թվում նրանց։ Ստիպված լինելով գիշերել այնտեղ՝ նրանք շատ շուտով հասկանում են, որ նախնական կասկածներն ավելի քան հիմնավորված էին, քանի որ հենց այդ գյուղում է դարերով բանտարկված եղել Չար Ոգին։ Ֆիլմի ռեժիսորը Սերգեյ Սարկիսովն է։  Գլխավոր պրոդյուսեր՝ Դեվիդ ՄկՔենզի։

«Նկարահանումները բավականին բարդ էին, բայց ես շատ բավարարված եմ մեր ստացած արդյունքով։ Կարծում եմ, մեզ հաջողվել է նաև ներկայացնել Հայաստանը շահեկան կողմից, ընդգծել դրա դիտարժան վայրերը», ասել է Սերգեյ Սարկիսովը։

«Չարի հպումը» կոմերցիոն նախագիծը Հայաստնում ամերիկյան շուկայի համար նախատեսված պրոդուկտ ստեղծելու առաջին փորձն է։ Սերիալը կհեռարձակվի CW կաբելային խոշոր ալիքով։ Դրա արտադրությունը կօգնի օտարերկրյա ֆիլմարտադրողներին գնահատել ոլորտի ներուժը Հայաստանում, գնային քաղաքականությունը, մասնագետների պատրաստվածությունը և ծանոթանալ նկարահանումների համար բազմատեսակ լոկացիաներին։

Նախագծի հայաստանյան պրոդյուսեր Արամ Թորոսյանն ասում է, որ նկարահանումների ավարտի դրությամբ արդեն կան հստակ պայմանավորվածություններ 2019-ին Հայաստանում նոր ֆիլմերի արտադրության վերաբերյալ։

Նկարահանող խումբը հատուկ շնորհակալություն է հայտնում ՀՀ կառավարությանը, ՀՀ ոստիկանությանը, Մշակույթի նախարարությանը և հանրապետության Շտապ բժշկական օգնության ծառայությանը՝ նկարահանումներին աջակցելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։