Հունվարի 24-ի գիշերը, ժամը 2.20-ի սահմաններում, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին հաղորդում ստացվեց, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում տղամարդ կա ընկած՝ գլխին արյան հետքեր։
Անգիտակից տղամարդը տեղափոխվեց «Արմենիա» բժշկական կենտրոն։ Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդու և 56-ամյա մի կնոջ միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել, որի ընթացքում կինը երկաթե ձողով հարվածներ է հասցրել տղամարդու գլխին։
Կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև արնանման հետքերով երկաթե ձողը, որն ուղարկվել է փորձաքննության։ Հունվարի 25-ին բուժհաստատությունից հաղորդում ստացվեց, որ տղամարդը մահացել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված կինը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Այս մասին հայատնում է ՀՀ ոստիկանությունը։
27.01.2021