«Հայաստանում անբարոյականությունն ամոթ բան չէ, ամոթ է, որ դրա մասին իմանում են, գողությունն ամոթ չէ, այ որ իմացան, արդեն ամոթ է». Էդգար Բաղդասարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը

– Պարո՛ն Բաղդասարյան, Գյումրիում 43-ամյա կնոջ սպանությունից ու 13-ամյա աղջկա դաժան ծեծից հետո հասարակության մի հատված սկսեց քննարկել ու քննադատել կնոջը, քարկոծել նրան։ Ինչի՞ հետևանք է մարդկանց այս պահվածքը։

– Սա խորքային ու շատ ցավալի խնդիր է։ Ես էլ եմ շոկի մեջ։ Մենք քրիստոնեություն ընդունեցինք, բայց այդպես էլ քրիստոնյա չդարձանք։ Մի իտալացու բառեր եմ մեջբերում, երբ նա եկավ ու տեսավ, որ 2001 թվականին Հանրապետության հրապարակում խաչի վրա կրակ են վառում, ասաց՝ այդպես էլ քրիստոնյա չդարձաք, հեթանոսական ինչ-որ բաներ եք անում։

Իսլամական այս կուլտուրան, շարիաթը, որ մտել է մեր մեջ, ես չգիտեմ՝ սա ինչ է, այս երկերեսանիությունը։ Հայաստանում անբարոյականությունն ամոթ բան չէ, ամոթ է, որ դրա մասին իմանում են, գողությունն ամոթ չէ, ա՛յ որ իմացան՝ արդեն ամոթ է։ Եվ ես կարծում եմ, որ սա շատ լուրջ խնդիր է, խայտառակություն։ Երևի սա խոսում է այն մասին, որ մենք քրիստոնյա չենք։

– Նման դեպքերը կարծես ապացուցում են, որ կարծրատիպերը խոր արմատներ ունեն մեր հասարակության մեջ, ի՞նչ պետք է անել դրանք վերացնելու համար։

– Շատ են խորացած, խորքային խնդիր կա։ Ոչ մի բան ջրի երես դուրս չի գալիս, ամեն ինչ կոծկվում է, թաքցվում է, կարևորը՝ չիմանան։ Վատ բան անելն ամոթ չէ, բայց՝ չիմանան։ Սա ոչ թե հումանիզմի դեֆիցիտ է, գթասրտության պակաս…

Ես շատ վատ բաներ կուզեի ասել այդ կնոջ ու երեխայի բարեկամներին, մաքսիմալ վատ բաներ։ Ոչ հուղարկավորությանը մասնակցեցին, ոչ էլ հիվանդանոցում այցելեցին երեխային։ Ես չեմ էլ ուզում խոսել այդ տեսակի մասին։

– Հայաստանում անընդհատ քննարկվում է հարցը, որ ընտանիքում կա բռնություն։ Հասարակության մի հատված արհեստական է համարում այդ քննարկումները՝ կարծելով, որ բռնարար ազգ չենք։ Իրականում ի՞նչ է կատարվում։

– Նույն Ֆրանսիայում խանդի հողի վրա շատ սպանություններ ու բռնություններ կան։ Ամեն տեղ այդ նույն բանը կա, այստեղ խնդիրը հենց այդ բարեկամների վերաբերմունքի մեջ է։

Ցավոք սրտի, սպանություններ եղել են, էլի կլինեն, բայց այս վարքագիծը, այս կեղծ բարոյականությունն են զարհուրելի։ Բռնություն միշտ էլ կլինի, օրենք էլ ընդունենք, չի վերանա, պետք է մանկապարտեզից մարդուն կրթել, բացատրել՝ ինչ է իրականում հումանիզմը, գթասրտությունը։ Ցավոք սրտի, մարդն իր կերպարը կորցրել է։

– Ո՞րն է այս ամենի պատճառը, ո՞ր երևույթներն են հանգեցրել այս իրավիճակին, ինչո՞ւ ենք այս մշակույթի կրողը։

– Անշուշտ, կան պատճառներ։ Եվ այդ պատճառները ոչ միայն սոցիալ-քաղաքական են, այլ նաև էթնոհոգեբանության ոլորտում են։ Մենք շատ ենք սիրում գրեթե ոչինչ չտալ, բայց վերցնել՝ սկսած ռաբիս երաժշտությունից, մուղամից, վերջացրած այդ շարիաթական, իսլամական ավանդույթով։ Մենք հանդես ենք գալիս որպես քրիստոնյա, բայց ապրում ենք շարիաթի կանոններով։

Եվ մեկը մյուսին դատելու գերագույն ցանկություն ունեն, բոլորը բոլորի դատավորն են։ Սա խորքային արմատներ ունի, այո՛, սոցիալական պատճառն էլ իր դերն ունի։ Վայրենի կապիտալիզմն էլ է իր դերը խաղում, մարդիկ գոյամարտ են մղում, որ երկու կտոր հաց լցնեն փորները։

Բայց դա ոչ ոքի իրավունք չի տալիս մարդկային կեցվածքը կորցնելու։ Եթե կորցնում է, պետք է նրան հիշեցնես, որ նա ապրում է հասարակարգում, որտեղ չափորոշիչներ կան։

Սա ֆիլմի սցենար է, բայց շատ տխուր ու սարսափելի ֆիլմի։ Ինչքան էլ կոպիտ հնչի, ոչ թե սպանությունն է ինձ վրա մեծ հետք թողել, այլ այդ սպանությունից հետո տեղի ունեցածը։

Դա մեզ մտածելու առիթ է տալիս, թե ով ենք մենք։ Իրականում մենք այդքան դյուրին տեսք չունենք, որքան մեզ թվում է։ Մենք ապրում ենք 21-րդ դարում, բայց շրջաններ կան, որտեղ 18-րդ դարն է՝ մտածողությամբ, կեղծ արժանապատվության զգացումով։

Երևանի ու արվարձանների միջև 200 տարվա տարբերություն կա։ Մարդն իրեն ոչնչացնում է, բայց նրան թվում է, թե ինքն արժանապատիվ արարք է արել։ Սարսափելի է երեխային այդպես մենակ թողնելը հիվանդանոցում, այդ ի՞նչ մարդիկ են, մի մարդ չկա՞ նրանց մեջ, որ կարող է վեր կանգնել այդ ամենից ու մոտենալ երեխային։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am