«Գործ տա՞լ», դավաճանությո՞ւն, թե՞ քաղաքացիական պարտք. ճանապարհային վերահսկողության նոր փոփոխությունները՝ քննարկումների առիթ

Մարինե Հակոբյանը օրեր առաջ տաքսի է նստել և մեքենայի մեջ հասկացել, որ վարորդը սթափ չէ։ 

«Ալկոհոլի ուժեղ հոտ էր գալիս, վարորդն էլ սթափ չէր, ճանապարհին էլ կանգնեց ու գարեջուր գնեց: Ես վճարեցի ու իջա, չշարունակեցի ճանապարհը։ Գիտեմ, որ կարող էի նկարել, թե ինչպես է գարեջուր խմում ղեկին նստած ու ուղարկել համապատասխան տեղ, սակայն չարեցի։ Միգուցե պիտի նկարեի, որովհետև դրանով միգուցե ուրիշ ուղևորի կամ հետիոտնի օգնած կլինեի։ Չեմ մտածում, որ գործ տվող կդառնայի, բայց չկարողացա։ Երևի հոգեբանական խնդիր է, որ պիտի բոլորով հաղթահարենք, որ օրենքը աշխատի»,- «Մեդիալաբին» պատմում է Երևանի բնակիչ 38-ամյա Հակոբյանը։

Հուլիսի 1-ից սկսած քաղաքացիները կարող են վարորդի կատարած խախտումը տեսալուսանկարահանել բջջային հավելվածի միջոցով և ուղարկել Ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոն։

Ծրագիրը բջջային հավելված ունի և՛ Andrioid, և՛ IOS համակարգերում։ Քաղաքացին մեկ անգամ մուտք է գործում activesociety.am կայք, անցնում նույնականացման փուլերով, որից հետո նրան հնարավորություն է տրվում բեռնել ծրագիրը սեփական հեռախոսի մեջ։

Օրենսդրական այս նոր կարգավորումը, սակայն, միանշանակ չի ընդունվել հայաստանյան հասարակության մեծամասնության կողմից, քանի որ ոստիկանություն կամ պատկան մարմիններին այլոց օրինազանցությունները հաղորդելը շատերը համարում են «գործ տալ»։ Թեման վերջին օրերին քննարկամ առարկա է նաև տարբեր հեռուստաընկերությունների եթերում։

«Պետական մակարդակով ոգևորում են մարդկանց, որ գործ տվող դառնան,- «Մեդիալաբին» ասում է մայրաքաղաքի վարորդներից մեկը,- ուժները չի պատում, հիմա էլ մարդկանց են իրար դեմ հանում։ Հազիվ էլ նման պառակտիչ օրենքներով սաղին խառնեն իրար»։

Հոգեբան Խաչատուր Գասպարյանը չի զարմանում մարդկանց նման մոտեցումից։ Հոգեբանը «Մեդիալաբին» ասում է, որ մարդկանց նման մտածելակերպը պայմանավորված է տարբեր հանգամանքներով, բայց ընդգծում է՝ հստակ է այն, որ մենք պետականություն չհարգող ժողովուրդ ենք։

«Օրինակ՝ ամերիկացու մտքով չի անցնի, որ ինքը «գործ է տալիս», կմտածի, որ ինքը շատ լավ է անում, որ այդպես է անում, որովհետև օգնում է պետությանը, օրենքի ամրապնդմանը։ Իսկ հայերս պետականությունը չենք գնահատում, հարգում, մեզ համար ավելի կարևոր են մեր շրջապատի, փողոցի կարծիքը, մեր տան ներսը»,- ասում է հոգեբանը։

Ըստ Գասպարյանի՝ իրավախախտումների, բռնությունների և նման այլ երևույթների չբարձրաձայնման յուրաքանչյուր դեպք ունի իր առանձին պատճառը։

«Ընտանիքում բռնությունների դեպքում մի մասը չի բարձրաձայնում, գուցե որովհետև դա իրենց տանը նորմալ երևույթ է համարվում, մի մասը, հնարավոր է, վախենում է արձագանքից, մյուս մասը վախենում է, որ դա կարող է իր արժանապատվությանը վնաս հասցնել»,- ասում է հոգեբանն ու շեշտում, որ այս պատկերը միայն Հայաստանում չէ, շատ երկրներում էլ երկար տարիներ լռել են ընտանեկան, սեռական բռնությունների մասին։

Ազգագրագետ, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը իրավիճակը բացատրում է էլիտաների տգիտությամբ։ «Մեդիալաբի» հետ զրույցում Թադևոսյանը նշում է, որ մարդիկ իրենց հետ կատարվողը դատողական, քննադատական մակարդակում հասկանալու և բնութագրելու փոխարեն, ինչ-որ իռացիոնալ ձևակերպումներ են տալիս՝ վախից ելնելով:

«Շատերն իսկապես մտածում են, որ այս փոփոխությունները կործանման տանող բան են, բայց այս կարգի մտածողությունը գործընթացները չհասկանալու, տգիտության հետևանք է»,- «Մեդիալաբին» ասում է մարդաբանը՝ հավելելով, որ Խորհրդային Միության փլուզումից հետո հայ հասարակությունը շարունակում է մնալ մինչմոդեռն շրջանում՝ այդպես էլ քաջություն չունենալով վերափոխվել:

Թադևոսյանի բնորոշմամբ՝ նմանատիպ երևույթները պայմանավորված են համայնքային սովորույթներով, ադաթներով, ընդհանրական մտածելակերպով․

«Մարդիկ փորձում են այս ամենը համարել անընդունելի՝ համայնքային կյանքի տեսանկյունից, որ օրենքին դիմելը կարող է դավաճանություն լինել, որովհետև իրենք այդ թաղային միջավայրում սովոր են ապրել խմբային արժեքներով: Եվ իրենց համար մարդը խորքային առումով ավելի երկրորդական արժեք է, քան այն խումբը՝ թաղը, ազգականների համայնքը և այդ ամենը պայմանավորող չգրված սոցիալական նորմերը»:

Հոգեբան Խաչատուր Գասպարյանը վստահ է, որ այսպիսի երևույթներից ձերբազատվելու համար անհրաժեշտ է գիտակցության մեջ փոփոխություններ անել։

«Այդ փոփոխությունները պետք է անեն մանկապարտեզը, դպրոցը, հասարակությունը, բուհերը, ընտանիքները, լրատվամիջոցները։ Ամեն մեկն իր առաքելությունն ու կարևոր դերակատարումն ունի մարդկանց գիտակցության մեջ փոփոխություններ կատարելու հարցում»,- ասում է հոգեբանը։

Աղասի Թադևոսյանը ևս կարծում է, որ հասարակությունը պետք է իր մեջ գտնի այդ քաջությունն ու վերափոխվի, որպեսզի կարողանա որպես ազգ գոյատևել ժամանակակից աշխարհում:

«Այսօրվա խնդիրների լուծումը հնարավոր չէ ազգ-արյունակցական ու համայնքային մակարդակի սովորութային նորմերով ապրող հասարակության համար, որովհետև բարդ խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ են ինքնակազմակերպման շատ ավելի բարդ մեխանիզմներ, որոնք ձևավորվում են իրավունքի, իրավահավասարության և օրենքի շնորհիվ: Միայն այս դեպքում ես դու դառնում պետական ազգ»: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am