Ռուսաստանը կվերլուծի ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելու Հայաստանի որոշումը․ Պեսկով

Ռուսաստանը կվերլուծի, թե ինչու է Հայաստանը որոշումներ կայացնում զորավարժություններ անցկացնել ԱՄՆ-ի, այլ ոչ ՀԱՊԿ-ի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ նման վերլուծություն կիրականացվի Երևանի հետ երկխոսության արդյունքում։

«Հաշվի առնելով, թե ինչպես Հայաստանը ցանկություն չհայտնեց զորավարժություններ անցկացնել ՀԱՊԿ-ի հետ և այժմ հայտարարել է ամերիկացիների հետ զորավարժություններ անցկացնելու ցանկության մասին, հավանաբար, մեզ համար դրանք որոշումներ են, որոնք պահանջում են շատ և շատ խորը վերլուծություն՝ հասկանալու համար, թե կոնկրետ ինչու է Հայաստանը նման որոշումներ կայացնում, ինչ նպատակներ են հետապնդվում», – ասել է Կրեմլի խոսնակը։

Նա ընդգծել է, որ Մոսկվան «կփորձի դա իմաստավորել և հասկանալ»։

«Բայց, ամեն դեպքում, մենք այս ամենը կանենք հայկական կողմի հետ սերտ, գործընկերային երկխոսության ընթացքում», – ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանի տարածքում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, որի նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը: