«Թող մնան իրանց գյուղում, անասուն պահեն, կարտոլ ցանեն». Գեղարքունիքում գյուղապետները խոպանչիներին՝ «գոնե ձեր հողից օգուտ ստանաք»

Members of the ‘Armenian Revolutionary Federation’ in frames of the pre-election campaign visited Geghamavan community of Gegharkunik Province

Գեղարքունիքի մարզի գյուղերում, որտեղից սեզոնային արտագնա աշխատանքի մեկնելը մեծ տեմպերի վրա էր ամեն տարի, այս տարի կորոնավիրուսի տարածման հետևանքով նվազել է։ 

Թեպետ տարբեր պաշտոնյաների հայտարարությունները հուսադրող չեն վարակի տարածելիության մասին, սակայն գյուղերում մարդիկ սպասում են, որ այս ամենը շուտ կավարտվի, և կկարողանան մեկնել Ռուսաստան։

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում, որտեղ բնակչության ապրուստի հիմնական միջոցը Ռուսաստան խոպան գնալն ու այնտեղ գումար վաստակելն էր, այժմ հանգստանում են։

Լիճքում խոպանչիները մի թաղամաս ունեն՝ Պուտինկա անունով, որտեղ կողք կողքի կանգնել են ՌԴ-ում աշխատած գումարով կառուցված տները։ 

Գյուղի բնակչությունը 5400-ի է հասնում, մարդիկ սեզոնին հիմնականում գնում են Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, ասֆալտապատման, շինարարության վրա աշխատում, գումար ուղարկում ընտանիքներին, իսկ հետո, երբ ավարտվում էր սեզոնը, վերադառնում էին Հայաստան։

Կորոնավիրուսի տարածումը, սակայն, խախտել է նրանց ծրագրերը։ Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանը «Մեդիալաբին» ասում է․ «Գյուղի 80 տոկոսը՝ 18-60 տարեկան, ջահելից ահել գնում ա արտագնա աշխատանքի, բայց հիմա տանն են, իսկ նրանք էլ, ովքեր մնացել են Ռուսաստան, նույն վիճակն ա, կապի մեջ ենք, ասում են՝ չեն աշխատում, աշխատանք կա, բայց խոշոր տուգանքներ են դրած աշխատողների վրա»։

Ինչպես է ժողովուրդն ապրելու, եթե ապրուստի միակ ճանապարհը փակվել է, գյուղապետը չգիտի, փոխարենը գիտի ելքերը․ «Թող մնան իրանց գյուղում, հող մշակեն, անասուն պահեն, կարտոլ ցանեն, ինչ ասեմ»,- «Մեդիալաբին» ասում է գյուղապետը։

Ավելին, Գնել Գրիգորյանն ասում է՝ իրենք գյուղացիներին համոզում են գյուղատնտեսական աշխատանքներն սկսել․ «Ճիշտ ա՝ հիմա եղանակները լավ չեն, բայց մենք բացատրում, հասկացնում ենք, որ, ժողովուրդ, իրավիճակն սենց ա, համոզում ենք, որ մնացել՝ մնացել եք, սկսեք հողը մշակեք, կարտոլ ցանեք, գարի, ցորեն ցանեք, կարող ա՝ երկարում ա էս պրոցեսը, գոնե ձեր հողից օգուտ ստանաք»։

Գրիգորյանն ասում է՝ տեսնում է, որ իր հորդորները գյուղացիները բոլորը չէ, որ ընդունում են․ «Ջահելի հեչ վեջը չի, իսկ տարեցները հասկանում են, գիտակցում են։ Տեղում աշխատելու միակ վարյանտը էն ա, որ իրանց հողերը մշակեն»։ 

Լիճքից մի փոքր հեռու գտնվող Երանոս գյուղում վիճակը նույնն է։ 

«Էսօր մարդիկ հույս ունեն, որ մինչև մայիսի 20-ը վիճակը կնորմալանա, Ռուսաստանը կբացի ճամփեքը ու թույլ կտա, որ մարդիկ դուրս կգան, կգնան կաշխատեն»,- «Մեդիալաբին» ասում է Երանոսի գյուղապետ Սաշա Բավեյանը։

Բայց միաժամանակ, ըստ Բավեյանի, եղել են մարդիկ, որ գարնանացան են արել, սկսել են հողագործական աշխատանքները։ Նրանք, սակայն, քիչ են։ 

«Բայց մեկ ա, մարդիկ մտածում են, որ պետք է պրծնի էս վարակը, ու իրանք դուրս գան, գնան Ռուսաստան աշխատանքի»,- նշում է Սաշա Բավեյանը։ 

Երանոսում շուրջ 5400 մարդ է ապրում, որից գրեթե 1000-ը հիմնական արտագնա աշխատուժն են՝ 20-50 տարեկան տղամարդիկ։ 

Հենց նրանք էլ սեզոնին ստեղծում են տնտեսական ակտիվություն գյուղում։ Գյուղի հիմնական աշխատուժը սեզոնային աշխատանքի է մեկնում Ռուսաստան, ինչի արդյունքում, Բավեյանի հաշվարկով, այդ ժամանակաընթացքում միջինը 4 միլիոնից ավելի դրամ գումար է մտնում գյուղացու ընտանիք։ 

«Մարդիկ փող են բերում, ապրում են, շենք-շինություն են սարքում, հարկ ու տուրք էին տալիս ժամանակին, առևտուր անում, բայց հիմա զրկվում են էդ ամենից։ Խնդիրներն անխուսափելի են»,- ասում է գյուղապետ Բավեյանը։

Այդուհանդերձ, գյուղապետի խոսքով՝ հոգեբանորեն պատրաստ են՝ եթե այս իրավիճակը շարունակվի, մնան իրենց սեփական գյուղում, զբաղվեն հողագործությամբ, անասնապահությամբ։ 

Գյուղապետն ասում է՝ իրենք էլ խորհուրդներով աջակցում են։ Ավելին, գյուղատնտեսական 0 տոկոս վարկ ստանալու մասին կառավարության ծրագիրն են ներկայացնում, բայց մեկ է՝ խնդիրներ կան․

«Մենք էլ ենք լրացուցիչ ասում՝ մնացեք, աշխատում ենք այդ ուղղությամբ, պարարտանյութ բաժանելու համար խնդրում ենք ցուցակագրվեն։ Բայց իրականում կան բարդություններ՝ հողը 20 տարի չեն վարել, ցանել, իսկ դրա համար մեծ ծախսեր են պահանջվում։

Վարկերի մասով ժողովրդի շրջանում ակտիվություն չկա, կարող է մի տասն օր հետո մարդիկ այլ կերպ մտածեն, բայց եթե էդ սահմանափակումները շարունակվեն, գուցե սկսեն մտածել այստեղ մնալու, աշխատելու մասին»,- «Մեդիալաբին» ասում է նա: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am