Ակրամ Խանի «Ժիզելի» տոմսերը՝ 35-90.000 դրամ. կազմակերպիչները հույս ունեն, որ «տոմսերն ամբողջությամբ կսպառվեն»

Մայիսի առաջին տասնօրյակում Երևանում հյուրախաղերով հանդես կգա Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի «Ժիզել» բալետային ներկայացմամբ: Ներկայացումները կկայանան մայիսի 10-ին և 11-ին՝ Երևանի Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ սա մշակութային կարևոր և պատմական իրադարձություն է: «Երևանը պետք է շնչի մշակույթի ոգով՝ դառնալով մշակույթի և արվեստների քաղաք»,- Ֆեյսբուքի էջում գրել է Տիգրան Ավինյանը։

Երևանի քաղաքապետարանը դեռևս չի հրապարակում, թե որքան է արժեցել այս պատմական հրավերը Հայաստանի բյուջեի վրա: 

«Օպերային թատրոնը նախապատրաստվում է Անգլիայի ազգային բալետի երևանյան հյուրախաղերին: Նրանց ներկայացումների տոմսերը վաճառվում են ամիսներ, անգամ տարիներ առաջ։ Նրանք ընդունում են միայն բացառիկ հրավերներ: Նախագիծը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է իր մշակութային ծրագրերի շրջանակում։ Երևանի համար սա միջազգային առաջին մեգանախագիծն է»,- տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Թեև հաշված օրեր են մնացել «Ժիզելին», սակայն տոմսերի գրեթե 90 տոկոսը չի սպառվել: Տոմսերի գները բավականին տպավորիչ են. գինը տատանվում է 35-90 հազար դրամի սահմաններում, շեշտակի թանկ, քան, օրինակ՝ Լոնդոնում սեպտեմբերին կայանալիք նույն ներկայացման տոմսերը, որոնք սկսում են 7300 դրամից: 

«Մեդիալաբը» մի քանի հարցեր է ուղղել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանին

– Պարո՛ն Սարգսյան, Երևանի քաղաքապետարանի հրավերով մայիսի 10-ին և 11-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, տեղի կունենա Ակրամ Խանի բեմադրությամբ «Ժիզել» բալետային ներկայացումը։ Կխնդրեմ մանրամասներ ներկայացնեք և՛ ֆինանսական ծախսերի, և՛ գաղափարի վերաբերյալ. ինչպե՞ս է ընտրություն կատարվել:

– Ֆինանսական ծախսերի մասով՝ ասեմ, որ առաջիկայում՝ մայիսի սկզբին, լինելու է մամուլի ասուլիս, Երևանի քաղաքապետի գլխավորությամբ, ներկա են լինելու Անգլիայի ազգային բալետի գեղարվեստական ղեկավար-տնօրենը, գլխավոր պրոդյուսերը ու երկու գլխավոր դերակատարները։ Այդ ժամանակ էլ հրապարակվելու են «Ժիզել» բալետի ներկայացման համար օգտագործված ամբողջ ծախսերը։ 

Ինչո՞ւ հենց Անգլիայի ազգային բալետը: Անցած տարի մենք Թումանյանի անվան զբոսայգում իրականացրեցինք ու փորձեցինք հասարակության լայն շերտերին ներկայացնել բարձրարժեք ստեղծագործություններ։ Ու քանի որ տարին խաչատրյանական էր, որոշվեց 120-ամյակը նշել էլ ավելի հանդիսավոր կերպով, ու փորձ արվեց Թումանյանի անվան զբոսայգում ներկայացնել մեծանուն կոմպոզիտորի երեք բալետները՝ «Դիմակահանդես», «Սպարտակ», «Գայանե»։ 

Աշնանն արդեն մենք ներկայացրինք «Օպերա բաց երկնքի տակ» ծրագիրը, ու որոշվեց, որ արդեն 2024 թվականից ավանդական է դառնալու «Երևան բալետ» փառատոնը, իսկ աշնանային փառատոնը լինելու է փոփոխական, օրինակ՝ այս տարի լինելու է սիմֆոնիկ նվագախմբերի փառատոն՝ «Երևան կլասիկ ֆեստ» խորագրով։ 

Որոշվեց, որ ամեն տարի Երևան կհրավիրենք խոշորագույն մշակութային կենտրոններից մեծամասշտաբ՝ կլինի բալետային, կլինի սիմֆոնիկ, թատերական և այլ կազմակերպությունների, ու դրանով կկարողանանք Երևանը դարձնել իսկապես մշակութային մայրաքաղաք։ 

Այն, ինչ մենք անում ենք, նաև տարածաշրջանի համար է բացառիկ, նույն բալետի փառատոնը բացառիկ էր տարածաշրջանում՝ առաջին անգամ էր կազմակերպվում, Անգլիայի ազգային բալետի հյուրախաղերն են տարածաշրջանում առաջին անգամ, ու նման մյուս նախաձեռնությունները, որոնք իրականացվում են։ 

Քանի որ հասարակության շրջանում բալետային նման բուռն արձագանք եղավ, որոշեցինք հրավիրել Անգլիայի ազգային բալետին «Ժիզել» ներկայացմամբ։ Ինչո՞ւ հենց դա, որովհետև Ակրամ Խանի «Ժիզելն» այն ներկայացումն է, որի հեղինակները համարձակություն են ունեցել վերաիմաստավորել մոտ 200 տարվա բալետն ու նորովի ներկայացնել: Բալետի համաշխարհային պրեմիերան եղել է 2016-ին ու հասցրել է այս կարճ ընթացքում նվաճել ամբողջ աշխարհը։ 

Անցած տարվա հունիսից սկսվեցին բանակցությունները, ու մեզ հաջողվեց այն հաջողությամբ ավարտին հասցնել, քանի որ նրանց մոտ, սովորաբար, արտասահմանյան հյուրախաղերի ցանկը առնվազն 3-5 տարի նախօրոք պլանավորած է լինում։ 

Մեզ հաջողվեց ստանալ նրանց համաձայնությունը, մենք 11-րդ մայրաքաղաքն ենք, որ հյուրընկալում ենք Անգլիայի ազգային բալետին, ինչը, արդեն ասացի, տարածաշրջանային իմաստով բացառիկ է։ Սա նաև մշակութային տուրիզմի զարգացման կարևորագույն քայլ է, այս պահին ունենք շատ լուրջ արձագանք Թբիլիսիից՝ տուրիստների մասով, որ գալու են ներկայացմանը, ու որոշակի չափով՝ Մոսկվայից։ 

– Քանի որ հրավերը Երևանի քաղաքապետարանինն է, ապա կարո՞ղ ենք ենթադրել, որ հյուրախաղերի ողջ ծախսերը հոգալու է հենց քաղաքապետարանը։

– Այո՛։ 

– Այս պահին, փաստորեն, չե՞ք ներկայացնի մանրամասներ ծախսերի վերաբերյալ։

– Մայիսի 9-ին կամ 10-ին կլինի պաշտոնական մամուլի ասուլիս, ու այնտեղ կհրապարակվեն այդ տվյալները։ Ես այդ միջանկյալ հատվածում ընդամենը կարող եմ ասել, որ երեք ներկայացում է լինելու երկու օրում, ու վաճառված տոմսերի արժեքով մենք կարողանալու ենք հոգալ ամառվա մեր բացօթյա բալետի հնգօրյա փառատոնի ծախսերը: 

– Պարո՛ն Սարգսյան, տոմսերի գնի մասով կարո՞ղ եք մեկնաբանություն տալ, ինչի՞ հիման վրա են սահմանվել արժեքները՝ 35-90 հազար դրամ։ 

– Շատերն ասում են, թե տոմսերը թանկ են, բայց դա շատ հարաբերական գնահատական է, քանի որ եթե ասում են թանկ են, պետք է հասկանանք՝ ինչի՞ համեմատությամբ են թանկ, չէ՞ որ Անգլիայի ազգային բալետն է գալիս Երևան: Այդ կատարված ծախսերն ու մեկ տարվա աշխատանքը, այդ հսկայական թիմը, որ աշխատել է, արդյոք դրա համեմատությամբ թա՞նկ է։ Օրինակ՝ 90 հազարանոց տոմսերը, որոնք ամենաթանկն են, եթե երեք դահլիճը միասին վերցնենք, կազմելու է 300 տեղ, ամեն օրվա համար մոտավորապես հարյուր կամ հարյուր քանի տեղ։ Կատարված աշխատանքի հիման վրա է սահմանվել տոմսի արժեքը, որոշակի մարքեթինգային հաշվարկ է իրականացվել։

– Ասում են՝ թանկ է, որովհետև նույն ներկայացումը Անգլիայում 15 ֆունտ է, Երևանում՝ մինչև 90 հազար։

– Դե, որովհետև Անգլիայում նրանք հյուրախաղերով չեն, ծովային, ցամաքային ու օդային ճանապարհով դեկորացիաներ չեն տեղափոխվում, առանձին ուղևորափոխադրում չի կազմակերպվում, դուք ծախսերը պատկերացնում եք, չէ՞։ Հիմա պատկերացրեք՝ Սունդուկյանի թատրոնը իր ներկայացումը խաղում է Սունդուկյանի թատրոնում. բացի ինքնարժեքից, ի՞նչ ծախս կա, ոչ մի։ Տեսեք՝ Անգլիայից ծովային, ցամաքային ճանապարհով չորս մեծ բեռնափոխադրումներ են, օդային ճանապարհով՝ իրենց առանձին հատուկ չվերթն է՝ Երևան-Լոնդոն, ու մի զգալի տեխնիկական մաս էլի գալիս է Անգլիայից օդային ճանապարհով։ Եթե այս ծախսերը չլինեին, Անգլիայի ազգային բալետի թատրոնի զուտ հոնորարը, մեր բանակցությունների արդյունքում, նման խմբի համար շատ-շատ սիմվոլիկ գումար է եղել: Եթե մենք միայն այդ ծախսերը կատարեինք, ամենաթանկ տոմսը գուցեև լիներ 20 հազար՝ պայմանական եմ ասում։ 

– Պարո՛ն Սարգսյան, իսկ եթե տոմսերն ամբողջությամբ չսպառվեն, արդյոք դա ենթադրելո՞ւ է հավելյալ ծախս քաղաքապետարանի համար։

– Ո՛չ, ոչ մի ծախս չի գումարվելու քաղաքապետարանի վրա, բայց ես հույս ունեմ, որ տոմսերն ամբողջությամբ սպառվելու են։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am