Պահանջվում է պատրիարք. Պոլսո հայոց պատրիարքարանի շուրջ առաջացած խնդիրները պառակտում են հայ համայնքը

Պահանջվում է պատրիարք. Պոլսո հայոց պատրիարքարանի շուրջ առաջացած խնդիրները պառակտում են հայ համայնքը
Պահանջվում է պատրիարք. Պոլսո հայոց պատրիարքարանի շուրջ առաջացած խնդիրները պառակտում են հայ համայնքը

Այսօր Պոլսո հայոց պատրիարքարանի աթոռը փաստորեն թափուր է. ներկայիս պատրիարք Մեսրոպ Երկրորդ Մութաֆյանն անբուժելի հիվանդ է, Թուրքիայի իշխանությունների նշանակած փոխպատրիարքին էլ չի հավանում համայնքի մեծ մասը: Արդյունքում` ընթանում են պատրիարքական աթոռի նոր գահակալի որոնումներ, ինչն էլ պառակտում է Պոլսո հայ համայնքը:
Այս իրավիճակում առիթից օգտվում է Թուրքիայի կառավարությունը, որը, ըստ փորձագետների, փորձում է հնարավորինս ավելի շատ կառավարել Ստամբուլի հայ համայնքի հոգևոր կենտրոնը:
«Թուրքիայի իշխանությունները նպատակ ունեն թույլ պատրիարք ընտրելու միջոցով կործանել թուրքահայ և ստաբուլահայ համայնքը, դրա համար էլ Թուրքիան ձգձգում է հայ համայնքի աթոռակից պատրիարքի ընտրությունները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը:
Մեկ այլ թուրքագետի` Գևորգ Պետրոսյանի կարծիքով` Թուրքիայի կառավարության կողմից միջամտելու փորձերը նորություն չեն և դեռ երկար են շարունակվելու:

«Իհարկե, Թուրքիան փորձել է, փորձում է և կփորձի ամեն կերպ միջամտել պատրիարքարանի գործերին, այն հնարավորինս պահել իր հսկողության տակ, քանի որ դե ֆակտո հենց այս կառույցն է Թուրքիայի հայկական համայնքի բարձրագույն ներկայացուցիչը, հետևաբար, թուրքերին անհրաժեշտ է, որ այստեղ ներկայացված լինեն իրենց շահերը պաշտպանող անձինք, որոնք հանգիստ կենթարկվեն իրենց կարգադրություններին: Թուրքիայի համար պատրիարքարանը կարևոր կառույց է, և նրանք ամեն կերպ փորձում են այն պահել իրենց լիակատար հսկողության տակ, ինչի ապացույցն էլ վերջին դեպքերն են»,- «Մեդիալաբին» ասում է Գևորգ Պետրոսյանը:

Ստամբուլահայ համայնքի մի մասը կարծում է, որ ներկայիս Պոլսո պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի հիվանդության դեպքում պետք է ընտրվեր համապատրիարք, քանի որ նոր պատրիարք կարող է ընտրվել միայն նախկին պատրիարքի մահվան դեպքում։ Ստամբուլահայերի մյուս մասն էլ պնդում է, որ ոչ թե համապատրիարք, այլ՝ պատրիարք պետք է ընտրել։ Մինչդեռ այս բոլոր խոսակցությունները կարծես անիրականանալի են:

Օրերս պատրիարքարանը մի հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե այն պնդումները, որ պետությունը հայկական համայնքից խլում է պատրիարքին ընտրելու իրավունքը, անհիմն են: «Մեսրոպ արք. Մութաֆյանի մահվանից հետո պատրիարքը կընտրվի այն կարգով, ինչպես եղել է մինչ այժմ»,- ասվել է պատրիարքարանից:

Ստամբուլահայ Վերջիհան Զիֆլիօղլուն թուրքական Hurriyet Daily News and Economic Review պարբերականում հրապարակված իր հոդվածում գրել է, որ Ստամբուլի հայ համայնքը նոր պատրիարքի և քվեատուփի փնտրտուքի միջև մոռացել է դեռևս ողջ Մեսրոպ Երկրորդ պատրիարքի առողջության մասին:

«Քանի որ մահվան սպառնալիքը մեծ է, հայ համայնքը քվեատուփ է փնտրում համայնքից դուրս: Ներսում հոգևոր առաջնորդներն ավելի շատ քաոս են ստեղծում, քան վերահսկում են իրավիճակը: Հայ համայնքը մաս-մաս է լինում, քանի որ յուրաքանչյուրն իր թեկնածուին է ուզում տեսնել Մեսրոպ Երկրորդի տեղում»,- գրել է Վերջիհան Զիֆլիօղլուն:

Ստամբուլահայերը չեն հերքում պառակտման մասին այս լուրերը, բայց շատերի կարծիքով` այստեղ հիմնական պատճառը ոչ թե նոր պատրիարքի, այլ փոխպատրիարք Արամ Աթեշյանի և ստեղծված անորոշության մեջ է:

«Թուրքիո քաղաքական պայմաններու տակ հայ համայնքը բաժանվել է մի քանի մասերի: Իրենց թեկնածուներն ունենալու միակ պատճառը ընտրության հետ կապված անորոշության հարցն է: Ըստ ինձ` պետք է նախ անորոշությունը հաղթահարել, հետո` իրենց թեկնածուներուն մասին մտածել: Այս անորոշությունը համայնքի մեջ տարակարծություններու պատճառ է դառնում»,- «Մեդիալաբին» ասում է 47-ամյա ստամբուլահայ Արշալույս Այնաջյանը:

Նա նաև մեկն է համայնքի այն ներկայացուցիչներից, որը չի հավանում Թուրքիայի կառավարության առաջադրած պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանի թեկնածությունը:

«Հնարավոր է` Աթեշյանն արժանի լինի պատրիարքության, սակայն իր քաղաքական կեցվածքով ինձ հույս չի ներշնչում»,- ասում է Արշալույս Այնաջյանը:

«Կուզենայի Չուլջույան սրբազանը լիներ պատրիարք,- «Մեդիալաբին» ասում է 51-ամյա ստամբուլահայ Բերճուհի Վարդապետյանը,- Արամ Աթեշյանի մեջ չեմ տեսնում այն ուժը և նրան չեմ հավանում»:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով` Արամ Աթեշյանի մասին ստամբուլահայության նման կարծիքը բավական հիմք ունի:

«Արամ սրբազանն ասում է՝ մեզ մի´ նույնացրեք հայաստանցիների և սփյուռքահայերի հետ, մենք Թուրքիայի քաղաքացիներ ենք,- ասում է Ռուբեն Մելքոնյանը,- Ի դեպ, Արամ սրբազանը արել է մի շարք հայտարարություններ, որոնք իմ՝ թուրքագետիս մեկնաբանությամբ` ի շահ Թուրքիայի իշխանությունների են»:

Այդուհանդերձ, չնայած այս հարցի շուրջ տարակարծությանն ու բազմաթիվ խնդիրներին, թե´ համայնքի ներկայացուցիչները, թե´ փորձագետները կարծում են, որ Պոլսո նոր պատրիարք ընտրելու խնդիրը չպետք է ձգձգվի, այլապես հետևանքները կարող են կործանարար լինել հայ համայնքի համար:

«Ըստ իս` ավելի ճիշտ կլինի ասել` ոչ թե համայնքն է մասնատվում, այլ պատրիարքարանի ու համայնքի միջև է սեպ խրվում, ինչը շատ վտանգավոր երևույթ է: Համենայն դեպս, պատրիարքարանը կատարում է հայապահպանությանն ուղղված լուրջ աշխատանքներ, դպրոցներ է պահում, երեխաներ մկրտում, իսկ դեպքերի նման բացասական զարգացման դեպքում դա միանշանակ կվտանգի պոլսահայերի ինքնության պահպանումը, կհանգեցնի համայնքի քայքայմանը»,- կարծում է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

Հայ համայնքի ներկայացուցիչներն էլ են նույն վտանգը տեսնում:

«Ստամբուլահայ համայնքին հովվապետ է պետք: Ցանկանում եմ բոլոր տեսակետներից ժողովուրդն իր շուրջը հավաքելու հնարավորություն ունեցող պատրիարք մը լինի: Մշակութային, ընկերական և լեզվական հարցերը կարգադրելու և այս երկրի քաղաքական պայքարի հետ գլուխ հանելու կարողություն ունեցող, իր կեցվածքով համայնքը բարձր պահող հովվապետ մը»,-«Մեդիալաբին» ասում է ստամբուլահայ Արշալույս Այնաջյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am