Համերի հիշողություն. Սպարտակը

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց:

Գրող, պատմաբան Սպարտակ Ղարաբաղցյանի հետ հանդիպեցինք «Շուշի գրատուն» գրախանութում, որ Երևանում գործում է շուրջ քսան տարի: Ներս մտնելուն պես առաջարկեց երկրորդ հարկ բարձրանալ, որտեղ զարմանք արտահայտող մի ժամանակակից ճիչ արձակեցինք՝ բացականչելով. 

– Վաո՜ւ: 

Ղարաբաղցյանը, որ հաստատ բյուր «վաո՜ւ»-ներ է լսել այս հարկ առաջին անգամ մուտք գործողների կողմից, մտերմաբար սկսեց ցույց տալ վինտաժ իրերը՝ խնամքով պատմելով յուրաքանչյուրի մասին. տատի կաթ կթելու սափորը, գորգերը, մոր դիմանկարը, Պարույր Սևակից լուսանկարներ ու այլ՝ մեկը մյուսից հետաքրքրական մասունքներ, որոնք գրատան երկրորդ հարկն ամբողջությամբ տեղափոխում էին մի այլ ժամանակաշրջան: 

Ղարաբաղցյանի ապուպապերը շուշեցի են, որոնք 20-րդ դարում հաստատվել են Տավուշի մարզում: Մանկության տարիներին Երևանում ծնված-մեծացած տղան, որ տանը խոսում էր բարբառով, գնում էր Պառավաքար գյուղ, որտեղ ապրում էր ողջ ցեղի հեղինակությունը՝ Սաթենիկ տատը, որ պապից փոքր էր երեսուն տարով: 

Տատը ապրեց մի ամբողջ 108 տարի, որ, սակայն, թոռներին այդպես էլ քիչ թվաց: Նա մեղվի պես աշխատում էր ու սրտանց վիրավորվում, երբ բոլորը զբաղված էին լինում, իսկ իրեն հեչ մի բան չէին տալիս անելու: Տատը տառաճանաչ չէր, բայց սիրտ ունենալու, սեր ունենալու համար տառ հարկավոր չէր: Նա Սպարտակին սիրում էր անմնացորդ ու անգամ այն տարիներին, երբ թոռը Լենինգրադում էր սովորում, իր ունեցած 28 ռուբլի թոշակից նրան ուղարկում էր. բոլորի հանդեպ չէ, որ կարող էր այդչափ շռայլ լինել: 

«Մորական տատիս՝ Կաթերի կիթամանն է,- ասում է ու մատնացույց անում կաթ կթելու սափորը,- Սաթենիկը կիթաման չի ունեցել, այսինքն՝ ի՞նչ է ունեցել որ…»: 

Ղարաբաղցյանի կինը՝ Սուսաննան, միջամտում է ու պատմում ամուսնու տատի մասին, ասում է՝ խոսքը, կառավարումն իր ձեռքը պիտի լինեին: Տատը պապի երկրորդ կինն էր, որին պապը խաբել էր, թե տղայի համար է հարս տանում, բայց իրականում հենց իր համար էր: 

Գոգնոցը կապած, մազերը երբեք աշխարհի առաջ չփռած տատը, որը, ըստ Ղարաբաղցյանի, պապին չէր սիրում, ամեն դեպքում խոնարհ էր իրենց համատեղ կյանքի դժվարությունների հանդեպ: Մինչև տատը մի չիր, մի ընկույզ էր հանում գրպանից, տասը փեշ էր բարձրացնում՝ շերտ առ շերտ: Տատի փեշերի նման բազմաշերտ է իր մանկությունը՝ լցված բարբառով, ավանդական ուտեստներով, տատի հետ զրույցներով:

Դեռ մի քանի ամսական էր, որ Սաթենիկը Սպարտակին Պառավաքար էր տարել, որ «հալի գար». երեխան փոքրիկ էր ծնվել: Նա սիրում էր երես տալ թոռին, ինչը երբեմն առաջացնում էր ծնողների վրդովմունքը ու ակնարկը՝ տատդ հավերժ չի, մի օր գնալու է: 

«Լավ օղի էր քաշում: Հետո, որ լուր էր առնում, որ պիտի գյուղ գնամ, փռում հաց էր թխում: Երբ երրորդ աղջիկս ծնվել է, տատս հաց թխելիս է եղել: Գնացել են, ասել՝ աղջիկ է ծնվել: Նեղվել է, որ երրորդն էլ է աղջիկ, ու իմանալով, որ անունը Անի են դրել, արձագանքել է՝ այ զարմանան դրանք, էդ մի թիքան երեխին էն եքա քաղաքի անունն են դրել»: 

Երբ տատը հաց էր թխում, ողջ բույրը տարածվում էր գյուղով մեկ, ու նա սկսում էր բաժանել առաջին տաք հացը: Եթե ծոցվոր կին էր լինում գյուղում՝ հղի կին, առաջինը նրան էր տալիս, որ հանկարծ հոտը քիթը չընկներ: 

Երբ փոքր ժամանակ սար էի բարձրանում, և իմանում էին, որ Թումասի թոռն է, ասում էին, որ Սաթենիկի հացը շատ են կերել: Մեղր էին դնում տատի համար որպես շնորհակալություն: 

«Ուտելիքը հիշողության համ է: Կան մարդիկ, որոնց հացը չես մոռանում: Տատիս ձեռքի հացը այդպիսին էր, բայց դա սոսկ կերակուրի մասին չէր, այլ նրա հյուրընկալության, բացսիրտ լինելու մասին»: 

Տատը գյուղից Ղարաբաղցյանի համար  մորթած հավ էր ուղարկում՝ ոտքերը կապած, ու գազետի մեջ փաթաթած ձվեր: Տանում էր Արմոյին՝ վարորդին, ու ասում. 

– Հենց արա ձվերը ջարդես ոչ,- հանձնարարում էր: Ու Արմոն գլուխը կախ, բերում էր, հասցնում Սաթենիկի թոռանը: 

Ղարաբաղցյանը հիշում է, որ խորհրդային տարիներին բուլղարացի ընկերներից մեկը՝ Վալերի Ստանկովը, մի անգամ եկել էր Հայաստան: Տարել էր Պառավաքար, ու նրան զարմացրել էր ոչ միայն հայերի անմիջականությունը, այլ նաև՝ առատ հյուրընկալությունը: Գյուղում նրա համար գառ էին մորթել, ու նրան թվացել էր, թե բոլորը նախապես գիտեին, որ գնալու է: Այդ շռայլությունը գյուղի մարդու՝ դժվարությամբ ստեղծած ապրուստի թշվառությունը չքացնում էր: 

«Ասում էր՝ Հայաստանից սուրճի հոտ է գալիս»:

Սնունդը միավորող գործոն էր մարդկանց, բայց այն երբեք չէր դառնում կուռք: Մարդիկ հոժարակամ էին կիսելու հացը: Սովի տարիներին մի բաժին կերակուր ստացածները հստակ կարող էին հիշել, թե ով էր մի պատառ հաց տվել. դա չէր մոռացվում: 

«Տատի ձեռքը և՛ ծանր էր, և՛ համով էր. փթրոկ էր եփում, հոնի թթու էր պատրաստում, հիվանդին էր տալիս, որ շուտ առողջանար, կճախաշ էր եփում»: 

Տեղահանությունը, պատերազմը երբեմն թելադրում են սննդի՝ ինչպիսին լինելը: Ղավուրման հենց այնպես չի առաջացել, հենց այնպես չեն մարդիկ որոշել, որ երկար պահպանվող կերակուր պիտի ունենան տանը: 

«Մի անգամ յոթ-ութ հաց էի առել 90-ականներին, հարևաններից մեկը եկել ու մորս հարցրել էր՝ հո կռիվ չի՞ լինելու, ինչո՞ւ է այդքան շատ հաց գնում: Մարդկանց ենթագիտակցության մեջ նստած են շատ բաներ, որոնք հենց կերակուրի հետ են կապված»: 

Ղարաբաղցյանն իր գործերում շատ է հիշատակում տատին ու ասում է, որ նրան չի շպարել, կերպարին ավելորդ ճոխություն չի հաղորդել, թողել է բնական, ու դրա համար է, որ Սաթենիկին ճանաչելուց հետո մարդիկ սիրահարվում են նրան: Երբ հերթական ձմեռը, տատը Երևանում մնալուց հետո կրկին պատճառաբանություն գտավ գյուղ գնալու համար՝ ասելով, թե մըհի տափեները կընանչել են, հունն էլ ծաղկել ա, գնաց ու չվերադարձավ՝ իր օրրանում, իր սիրած կանաչներում հոգին տալով: 

«Մի հեքիաթ ավարտվեց տատիս գնալով, մի տեսակ որբացա»: 

Կերակուրի, որևէ ուտեստի գնալով ավանդույթ ու սովորույթ է մեռնում, մի սերնդի պատմություն, այդ է պատճառը, որ վերականգնելով համի հիշողությունը՝ մենք փորձ արեցինք վերականգնել նաև հիշողության համը: 

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի

MediaLab.am