Գոյության տարածք. Անդրանիկը, սամավարը, անցյալն ու ներկան

34-ամյա Անդրանիկ Սարգսյանը գիտակից կյանքի գրեթե կեսը հայրենիքին է նվիրել, ծառայել Արցախի պաշտպանության բանակում, կապիտան է: Ասում է՝ եթե 2 տարի առաջ որևէ մեկն ասեր, թե մի օր թողնելու է ծառայությունն ու բիզնեսով զբաղվի, կծիծաղեր, բայց հանգամանքները ստիպեցին, որ կյանքի հունն այլ ուղիով ընթանա։ 

Անդրանիկը Արցախյան պատերազմների մասնակից է, ասում է՝ 44-օրյայի ժամանակ թշնամին լավ սպառազինված էր, սա ուրիշ պատերազմ էր, որի ընթացքում ողջ մնալը շատերի համար հրաշքի էր նման։ 

«Ես էլ եմ հրաշքով ողջ մնացել, պայքարեցինք մեր հողի համար, բայց ընկերներիս արյունով պահած հողը ստիպված էի բոլորի նման թողնել ու հեռանալ, կյանքը նորից ու այլ կերպ սկսել»,- ասում է նա։

Անդրանիկն իր մեծ ընտանիքով Ստեփանակերտում էր ապրում։ Կինը, երկու դուստրերը՝ 6 և 9 տարեկան, հորաքույրն ու հորաքրոջ դուստրը։ Մեծ այգի ունեին, որի բերք ու բարիքով նաև արցախյան բլոկադայի ծանր օրերն անցկացրին ու ոչ միայն իրենք. նա մի քանի կիլոմետր ոտքով ճանապարհ էր անցնում, որ բարեկամներին էլ իր այգու բարիքներից բաժին հանի։ Բլոկադայի վերջին շրջանում արդեն բերքն էլ էր վերջացել, բայց ամենավատ սցենարին, ինչպես նշում է, միևնույն է՝ չէին սպասում։

«Սեպտեմբերի 26-ին ենք փակել դռներն ու դուրս եկել։ Ոչինչ չենք վերցրել, քանի որ միակ մտածմունքը սահմանն ապահով անցնելն էր։ Երեխաներս ինձ համար էին շատ անհանգստանում, ես էլ ունեի անհանգստություն, ու միակ ցանկությունս երեխաներիս ապահով դուրս բերելն էր։ Արցախից դուրս եկող բոլոր զինվորականներն էլ այդ անհանգստությունն ունեին, բարեբախտաբար, առանց խնդիրների անցանք»,- ասում է Անդրանիկն ու հիշում, որ շուրջ 30 ժամ ճանապարհ են եկել։ Սոված ու հոգնած։

Տեղահանվելուց հետո Սարգսյանների մեծ ընտանիքը նույն կազմով Արմավիրի մարզում է վարձով բնակարան գտել։ Անդրանիկը սկսել է մտածել, լուծումներ փնտրել ընտանիքի հոգսերը հոգալու համար: 

«Արցախցիների համար նախատեսված ծրագրերից մեկի ժամանակ ասացի, որ շատ եմ սիրում խոտաբույսերով թեյեր պատրաստել, ու ինձ առաջարկեցին հենց դա էլ կյանքի կոչել ու բիզնես սկսել։ Տեղահանությունից հետո մոտիվացիա չունեի, ոչ մի բան անելու ցանկություն ու ուժ չկար, բայց նաև կար գիտակցում, որ մեծ ընտանիքս ապրելու կարիք ունի, պարտքի ու պատասխանատվության զգացում ունեի նաև երեխաներիս առաջ, ուստի կյանքն էր ստիպում նորից առաջ գնալ»,- պատմում է Անդրանիկ Սարգսյանը: 

Խոտաբույսերով թեյերի հանդեպ հետաքրքրությունը նրա մոտ մանկուց է սկսել: Հիշում է՝ երբ փոքր էր, մայրը խոտաբույսերով թեյեր էր պատրաստում։ Բոլոր տեսակի խնդիրների համար մայրն ուներ բուժիչ թեյի առաջարկ։ Ժամանակի ընթացքում ինքն էլ էր սովորել, թեյ էր պատրաստում ու հյուրասիրում ընկերներին։

«Որ ընկերներով մի տեղ էինք գնում, անպայման սամավարը վերցնում էինք հետներս, ու ես պետք է թեյ պատրաստեի։ Երբ համտեսում էին իմ պատրաստած թեյը, միշտ գոհ էին մնում ու էլի ուզում։ Տանն էլ եմ հաճախ պատրաստում, հատկապես եթե որևէ մեկը հիվանդանում է, էլի խոտաբույսերով թեյերն են մեզ օգնության հասնում»,- ասում է Անդրանիկը:

Ասում է՝ համեղ թեյերի գաղտնիքը խոտաբույսերի ճիշտ քանակի ու համադրության մեջ է։ 

Առաջ նայելու հույսով էլ նախկին զինվորականը ստեղծում է իր Dyutea բրենդը և սկսում թեյերի արտադրությամբ զբաղվել: 

Առաջին վաճառքը, հիշում է, այս տարվա ապրիլի 7-ին կայացած «Վըսկէ ծերքեր» («Ոսկե ձեռքեր») փառատոնի ցուցահանդես-վաճառքի ժամանակ էր, որտեղ արցախցի արտադրողները հնարավորություն ունեին իրենց արտադրանքը ներկայացնելու։ Ցուցահանդեսին մասնակցում էր՝ մտածելով, որ եթե գոնե 30 տուփ թեյ էլ վաճառի, ուրեմն թեյերի արտադրությամբ զբաղվելու գաղափարը ճիշտ էր, բայց վաճառել է կրկնակի ավելի՝ մոտ 74 տուփ, ու սա արդեն ազդակ էր իր համար, որ իր թեյերին մարդիկ սպասում են։

«Ուղղակի վատն էն է, որ հայերը ավելի շատ սիրում են սուրճ, բայց երբ որ մարդկանց բացատրում եմ, թե որ խոտաբույսը բուժիչ ինչ հատկություն ունի, սկսում են գնել։ Լինում են նաև դեպքեր, երբ մարդիկ, արդեն իսկ իմանալով դեղաբույսերի նշանակությունը, գալիս կոնկրետ խոտաբույսի թեյն են ուզում»,- ասում է Անդրանիկը։

Անդրանիկը հիմա մի քանի խոտաբույսեր է օգտագործում ու դրանց օգտակար հատկությունները նշում. օրինակ՝ ղանթափարը (զիվան) դեղաբույս է, ծաղիկների եփուկը բժշկության մեջ օգտագործում են շնչառության համակարգի հիվանդությունների ժամանակ՝ որպես խորխաբեր, ջերմիջեցնող, քրտնաբեր միջոց, երիցուկը (ромашка) կարգավորում է մարսողությունը, իջեցնում մարմնի ջերմաստիճանը, հանգստացնում է ցավը, լավ միջոց է դերմատիտի, դեպրեսիայի, միգրենի, ակնեի դեպքում։ Իվան չայն (նեղտերևի) ունի հանգստացնող հատկություն, կարգավորում է նյութափոխանակությունը և աղեստամոքսային համակակարգի աշխատանքը։ Անդրանիկը խոսում է մասուրի, սրոհունդի (արևքուրիկի – зверобой), ուրցի և այլ բույսերի կիրառության և օգտակարության մասին: 

«Ստեփանակերտի մեր տանը շատ ունեի տոպրակներով հավաքած խոտաբույսեր, բայց ոչ մի բան չկարողացա հետս բերել, էդ տրամադրությունը չկար, բոլորս գնում էինք մեզ համար անհայտ ճանապարհով ու ճակատագրով»,- հիշում է նա։

Ասում է, որ այս տարի պատրաստվում է Շիրակի մարզի գյուղեր գնալ, որտեղ իր ուզած բոլոր խոտաբույսերն աճում են՝ կհավաքի, կբերի կչորացնի ու արդեն իր հավաքած բույսերով կշարունակի աշխատել։ 

«Ամեն խոտաբույս իր քաղելու ժամանակն ունի, փոշոտման սեզոնին պետք է քաղել։ Ես էդ բոլոր հմտություններին տիրապետում եմ, ու երևի դրա շնորհիվ է, որ ճիշտ ու լավ համ եմ ստանում»,- ասում է Անդրանիկն ու հիշում, որ եղել են դեպքեր, երբ հաճախորդները հյուրասիրել են հարևաններին ու բարեկամներին, հետո նրանք էլ են նույն թեյերից պատվիրել։

Անդրանիկը նաև բուսաբույժների հետ է համագործակցում, ասում է՝ շնորհիվ իր գիտելիքների և խոտաբույսերի իմացության՝ համագործակցությունը ստացվել է: 

Տարիների աշխատածն ու ստեղծածը կորցնելուց հետո հիմա նոր կյանք պետք է սկսեն, նոր պայմաններին հարմարվեն, բայց, ինչպես ասում են՝ ճակատագրից չես փախչի։

Հիմա Սարգսյանների ընտանիքը նորից է փորձում ոտքի կանգնել։ Երեխաները դպրոց են հաճախում, կինը նոր է աշխատանք գտել, ինքն էլ իր փոքր բիզնեսն է փորձում զարգացնել։ Ի դեպ, այդ հարցում կինը ևս օգնում է, թեյերի ֆեյսբուքյան էջն է վարում։ 

Անդրանիկի զինվորական կյանքը հիմա լիովին փոխվել է, բայց զինվորական կարգուկանոնը՝ ոչ։ Ասում է՝ տանը բոլորն են այդ կարգուկանոնով ապրում։

«Ես միշտ եմ սիրել, որ տանը կարգուկանոն լինի, ու էդ երևի մասնագիտությունից է գալիս։ Հիմա էլի ամեն օր առավոտյան 7-ին արթնանում եմ, ու մինչև բոլորը քնած են, գնում եմ ջուր առնում, գալիս, քանի որ մեզ մոտ ծորակի ջուրը խմելու համար պիտանի չէ։ Հետո արթնացնում եմ երեխաներին, որ դասի գնան։ Արթնանալու, տնից դուրս գալու, վերադառնալու, ճաշելու ժամերը հստակ են, ու չենք խախտում»,- ծիծաղում է զինվորական կյանքին արդեն մի քանի ամիս հրաժեշտ տված սպան։

Զինվորական խստապահանջությունը նաև գործին կօգնի՝ վստահ է։ Առաջիկայում նպատակ ունի վաճառքն ավելացնելու ուղղությամբ աշխատանքներ տանելու։ 

«Պայքարում հաղթելը միշտ պետք է կարևոր նպատակակետ լինի։ Սա էլ է պայքար, որ պետք է հաղթել»,- ասում է նա։   

Սաթենիկ Հայրապետյան

MediaLab.am