«Խաղաղության դարաշրջանի մասին խոսելը տեղին չէր նաև 8-9 ամիս առաջ, որովհետև թույլը չի կարող խաղաղության օրակարգ թելադրել»․ Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, երեկվանից Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, խախտել է հրադադարն Արցախում և այժմ էլ շարունակում է գտնվել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում։ Ինչո՞վ եք պայմանավորում ադրբեջանական կողմի այս գործողությունը, նպատակը ո՞րն է։

– Հերթական սադրանքն է, որն Ադրբեջանը կազմակերպում ու իրականացնում է ընդհանուր սողացող պատերազմի տրամաբանության մեջ։ Ակնհայտ է, որ սա ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը կլինի, անընդհատ կրկնվելու է։ Ադրբեջանը չի էլ թաքցնում իր մտադրությունները, ակնհայտ խոսում է, որ Արցախի հարցը լուծված է, ու ընդամենը ժամանակի հարց է մնացածն իրենց վերահսկողությանը վերադարձնել, և երեկվա դեպքն էլ այս տրամաբանության մեջ տեղավորվող մեկ գործողություն է։

– Արդյոք թերացե՞լ են ռուս խաղաղապահ առաքելություն իրականացնող զորքերն իրենց գործողություններում, որ թշնամուն հաջողվել է խախտել սահմանը և գյուղն իր վերահսկողության տակ վերցնել։ Ստացվում է, որ Ադրբեջանն ուղիղ առճակատմա՞ն է գնում Ռուսաստանի հետ, որովհետև պատասխանատվությունն այս պահին նրանցն է՝ հայտնի հայտարարության համաձայն։

– Ոչ թե ռուսական կողմը թերացել է, կամ Ադրբեջանն առճակատման է գնում, այլ վերջինս շատ լավ օգտագործում է հնարավորությունները՝ միջազգային իրավիճակի ու տարբեր իրադարձությունների մասով։

Մոտ մեկ ամիս առաջ ևս մեկ սադրանք հետևեց, երբ Հայաստանը ձեռնպահ էր քվեարկել ՄԱԿ-ում, սա ևս անմիջապես հաջորդում է ՄԱԿ-ի քվեարկությանը, այսինքն՝ կան իրավիճակներ, որոնք փոքրիկ պատուհաններ են բացում Ադրբեջանի համար, ու նա շատ լավ օգտվում է դրանցից, որպեսզի նպատակները քայլ առ քայլ իրականացնի, ուղղակի մենք պատրաստ չենք լինում նման մարտահրավերների ու շատ դեպքերում կորուստներ ենք ունենում, բայց, օրինակ՝ Խրամորթում այս անգամ ինքնապաշտպանությունը բավական հաջող կազմակերպվել է։

– Պարո՛ն Ղևոնդյան, իսկ ինչո՞ւ այդ բանակցությունները, որոնք տարվում են ռուս խաղաղապահների ու ադրբեջանական կողմի միջև, մինչև հիմա արդյունք չեն տվել։

– Արդյունք չեն տալիս, որովհետև Ադրբեջանի նպատակը, որի մասին իրենք խոսում են, Արցախը քայլ առ քայլ վերցնելն է ու հայաթափելը: Մի փոքր հատված կարողացել են վերցնել, ինչո՞ւ պետք է բանակցությունների արդյունքում նահանջեն։

Ռուսաստանն էլ շատ զբաղված է հայտնի իրադարձություններով ու չի կարողանում համապատասխան ճնշում գործադրել ու ինչ-որ տեղ էլ ուղղակի չի ցանկանում գլուխը ցավեցնել մեկ գյուղի համար կամ բարձունքի համար, որովհետև դա, խոշոր հաշվով, ոչինչ չի փոխում, այդ իսկ պատճառով բանակցություններն արդյունք չեն տալիս։

– Իսկ եթե Ադրբեջանին հաջողվի գրավել ռազմավարական նշանակության այն բարձունքը, որի մասին խոսվում է, դեպքերի ինչպիսի՞ ընթացք եք կանխատեսում։

– Ադրբեջանին հաջողվի, թե չհաջողի գրավել այդ բարձունքը, զարգացումները նույն կերպ են լինելու․ Ադրբեջանը նոր սադրանքների միջոցով փորձելու է նոր տարածքներ վերցնել ու գյուղերից հանել հայ բնակչությանը, մինչև հասնի նրան, որ այդ հատվածներում հայեր չբնակվեն, ու դրանք ամբողջությամբ անցնեն իրենց վերահսկողության տակ։

– Ադրբեջանական այդ շարունակվող սադրանքները կանխելու համար ի՞նչ է պետք անել, պարո՛ն Ղևոնդյան։

– Հայաստանը պետք է զինվի, սեփական անվտանգային միջավայրն ամրապնդի ու ստիպի, որ Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները, ու նույնիսկ, եթե հնարավորություն լինի, մենք որոշակիորեն խախտենք այդ պարտավորությունները, օրինակ՝ այդ գազատարի ամբողջ վերահսկողությունը վերցնենք մեր ձեռքը, ու թող խաղաղապահները մեզ հետ բանակցեն, որպեսզի դա վերադարձնենք։ Միակ ելքը ուժն է, իսկ ուժ այսօր մենք ցույց չենք տալիս կամ հատվածաբար ենք ցույց տալիս։

– Հայաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչները շարունակում են հայտարարել, որ խաղաղության օրակարգից չպետք է շեղվեն, անգամ այսօր էլ հնչել է նման միտք։ Այս պարագայում որքանո՞վ է տեղին խոսել խաղաղության դարաշրջան բացելու մասին։

– Խաղաղության դարաշրջանի մասին խոսելը տեղին չէր նաև 8-9 ամիս առաջ, երբ ընտրությունների էին պատրաստվում, որովհետև թույլը չի կարող խաղաղության օրակարգ թելադրել, իսկ այսօր թույլը մենք ենք: Այսօր ևս նման իրավիճակ է, ու իշխանության ներկայացուցիչները ընդամենը փորձում են չշեղվել այն գծից, որը տվել է իրենց առաջնորդը։

Որպես փորձագետ՝ պետք է նշեմ, որ դա կեղծ կատեգորիա է, ինչպես կեղծ էր 2019-20 թվականներին դրան պատրաստվելը, ինչի արդյունքում էլ մյուս կողմը պատրաստվեց պատերազմին ու հաղթեց։

Ճիշտ կլիներ, եթե մեր ղեկավարը խոսեր խաղաղության մասին, բայց հակառակ գործողություններն աներ, օրինակ՝ ինտենսիվ զինվեինք կամ փորձեինք անվտանգային հնարավորություններ փնտրել, բայց կարծես թե իմ նշածները չեն արվում, այլ ընդամենը խաղաղության մասին են խոսում, որը որևէ հիմք ու հեռանկար չունի։

– Կարծիքներ են հնչում, որ ստեղծված իրավիճակում միակ պատասխանատուն ռուսական կողմն է, համակարծի՞ք եք, արդյոք Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների իշխանությունները որևէ անելիք չունե՞ն։

– Կա որոշակի ռացիոնալ բաղադրիչ՝ հաշվի առնելով, որ այսօր Հայաստանը փաստացի ազդեցության լուրջ միջոցներ չունի Արցախի վրա, և Արցախի անվտանգության երաշխավորն այս պահին Ռուսաստանն է ու պետք է իրականացնի իր պարտավորությունները։

Հարցն ուղղակի այն է, որ այդ պարտավորությունների իրականացման շահառուներից մեկը Հայաստանն է, և եթե անհրաժեշտ է՝ պետք է նույնիսկ պաշտոնապես դիմի Ռուսաստանին՝ կատարելու այն պարտավորությունները, որոնք ստանձնել է։

Հակառակ դեպքում պետք է առաջարկի, օրինակ՝ ռուսական զորակազմը փոխարինել միջազգայինով կամ այլ տարբերակներով։ Իհարկե, հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկա իրավիճակը, դրա հավանականությունը շատ փոքր է՝ նույնիսկ պահանջելու հավանականությունը, բայց պետք է ինչ-որ բան անել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am