Մայիսի 6-ին կայացած բավականին ձանձրալի խորհրդարանական ընտրություններից հետո, Հայաստանում ներքաղաքական կյանքը նոր ու հետաքրքիր երանգներ է ստանում շնորհիվ ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի երեւան հանած «ընդդիմադիր» դրսեւորումների:
Ըստ պաշտոնական տվյալների, խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 454.673 ձայնով ՀՀԿ-ից հետ գրավեց երկրորդ տեղը՝ ստանալով ընդհանուր ձայների 30,12 տոկոսը:
Թեեւ շատերը համոզված էին, որ ԲՀԿ-ՀՀԿ «ամուսնությունն» անխուսափելի է, սակայն Գագիկ Ծառուկյանը մայիսի 24-ին շատերի համար անկանկալ հայտարարեց, որ «կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը» եւ որ ինքը պատրաստ է ունենալ, կորուստներ, «սակայն ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելու է»: Հայտարարությունից հետո, Ծառուկյանը երկրորդ անակնկալը մատուցեց. մայիսի 31-ին ներկա չգտնվելով հինգերորդ գումարման ԱԺ հանդիսավոր առաջին նիստին, որը բացատրվեց նրա «շատ զբաղված լինելով»:
«Այս պահին Գագիկ Ծառուկյանին լարախաղացի հմտություններ են պետք, երկու դաշտերում էլ հավասարակշիռ մնալու համար»,-«Մեդիալաբին» ասում է Սոցիոմետոր սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
55 ամյա բազկամարտի աշխարհի չեմպիոն ԲՀԿ առաջնորդի անսպասելի պահվածքը սկզիբ դրեց տարբեր վերլուծությունների եւ քննարկումների այն մասին, թե արդյո՞ք իշխանական սյուներից մեկ համարվող Ծառուկյանը, նախագահական ընտրություններից հաշված ամիսներ առաջ փորձում է տեղ «գրավել» ընդդիամադիր դաշտում, ուր իրականում խաղացողները բավականին թուլացել են:
Չնայած ՀՀԿ տարբեր գործիչներ հայտարարեցին, թե չեն բացառում «համագործակցության եզրերը», սակայն ԲՀԿ-ն կարծես, թե չի շտապում մի կողմ տանել անորոշության քողը եւ շարունակում է բոլորին պահել սպասողական վիճակում:
Իսկ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը օրեր առաջ հայտարարել է, որ իրենք կողմ են «կառուցողական մոտեցմանը»՝չհստակեցնելով, թե ինչ ի նկատի ունեն նման արտահայտություն օգտագործելով:
Ադիբեկյանն ասում է, որ շատ բաներ կորցնելով, Ծառուկյանը պիտի փորձ անի շահելու թե՛ ընդդիմադիր, եւ թե իշխանամետ ընտրազանգվածի ձայները:
Եւ իրոք, կոալիցիա չկազմելով, ԲՀԿ-ն փաստացի կորցնում է վարչական ռեսուրսները՝ 4 նախարարների, 4 փոխնախարարների, 2 մարզպետների եւ 3 փոխմարզպետների պորտֆելները, սակայն, փոխարենը հնարավորություն է ստանում բարձրացնելու վարկանիշը, ինչը նախագահական ընտրությունների շեմին պայքարի մտնող ուժի համար չափազանց կարեւոր է:
Վարկանիշային աճող սանդղակին գումարվում է նաեւ սոցիալական ծանր վիճակում գտնվող հազարավոր մարդկանց ցուցաբերած Ծառուկյանի աջակցությունը՝ տարբեր «բարեգործությունների» եւ աջակցությունների ձեւով, իսկ այս ամենի հետ ընդդիմադիր կեցվածքը՝ իրական մարտահրավեր կարող է դառնալ ներկա իշխանությունների համար:
«Նախագահական ընտրություններում շատ բան կախված կլինի ընդդիմությունից: Պետք է թույլ չտա, որ նման սցենար գործի, որ ֆավորիտ դառնա ևս մեկ թեկնածու, որը իշխանական թեկնածուի դրածոն կլինի»,-Ծառուկյանի՝ ընդդիմադիր դաշտում հայտնվելու մասին խոսելով՝ ասել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:
Իսկ ընդդիմության ներկա վիճակն այնքան էլ մխիթարող չէ: Եթե 2007 թվականին 10 ամյա լռությունից հետո քաղաքականություն վերադարձած առաջին նախագահ եւ ներկայիս ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկար ժամանակ բավականին ամուր դիրքերի վրա էր գտնվում եւ վայելում էր մարդկանց համակրանքն ու հավատը՝ հարյուր հազարավոր համակիրների իր շուրջ համախմբելով, ապա վերջին երկու տարվա ընթացքում «հավատացողների» թիվը զգալի անկում է ապրել:
Նույն «ոչ նպաստավոր» իրավիճակն է ստեղծվել նաեւ մյուս ընդդիամադիր ուժերի՝ «Ժառանգություն» կուսակցության եւ իշխանական կոալիցան վաղաժամ լքած ՀՅԴ դեպքում: «Ժառանգությունն» իր «մահախոսականը» գրեց հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը տարօրինակ պահվածքի «շնորհիվ»՝ անհասկանալի հացադուլ, հայտարարություններ: Իսկ խորհրդարանական ընտրությունները ելակետն էին, երբ երկարատեւ արդյունավետ աշխատանքից հետո Հովհաննիսյանը տարօրինակ դաշինք կազմելով նորաստեղծ եւ կասկածելի «Ազատ դեմոկրատների» հետ, փաստացի «դռների հետեւում» թողեց ժողովրդականություն վայելող ու «աշխատող» անդամներին՝ Ստեփան Սաֆարյանին, Լարիսա Ալավերդյանին, Արմեն Մարտիրոսյանին եւ Անահիտ Բախշյանին:
Իրենց ընդդիմադիր համարող ազգայնական ՀՅԴ-ն էլ թուլալացավ այն պարզ պատճառով, որ կոալիցիայից հայ-թուրքական հարաբերությունների պատճառով դուրս եկած կուսակցությունը սառեցված հարաբերություններին զուգահեռ՝ թուլացրեց նաեւ ընդդիամախոսությունը:
Ստեղծված իրավիճակում, վերլուծաբան Երվանդ Բոզոյանն ասում է, որ նախագահական ընտրությունների շեմին չի կարելի բացառել «ոչինչ»:
«Իրականում շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, եւ չի կարելի բացառել այն որ այսօրվա իշխանամետ թեկնածուն վաղը ընդդիմադիր, կամ էլ հակառակը տեղի կունենա, իրավիճակը կարող է հանկարծակի փոփոխվել»,-«Մեդիալաբին» ասում է Բոզոյանը:
Սակայն, մեկ այլ վերլուծաբան, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանն վստահորեն ասում է, որ ԲՀԿ-ն չի կարող լինել «հակառակ բեւեռում»:
«Ուղղակի պայքար է գնում ավելի «թանկ» աջակցությունը ՀՀԿ-ին ծախելու համար,-«Մեդիալաբին» ասում է Սարգսյանը,- Ծառուկյանի վարքագիծը, լռությունն ու սպասողական վիճակն ինձ այդ մասին են հուշում»:
Նույն բանի մասին է խոսում նաեւ Ադիբեկյանը: «Խոսակցությունները այն մասին, որ վարչապետի աթոռը Ծառուկյանին պիտի հասնի, արդեն կարծես թե իրական հիմքեր է է ստանում»:
© Medialab.am