Իրաքը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի վստահելի գործընկերը. Վահագն Խաչատուրյան

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի հետ։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Իրաքը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի վստահելի գործընկերը, և մեր երկիրը մեծապես կարևորում է այդ երկրի հետ բազմոլորտ համագործակցության խորացումը:

Իրաքի նախագահն ընդգծել է, որ Իրաքում ապրող հայերը վայելում են Իրաքի իշխանությունների աջակցությունը, և իրենք բարձր են գնահատում հայ-իրաքյան սերտ հարաբերությունները։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառության մեջ արձանագրվել է դրական դինամիկա, որը երկկողմ տնտեսական լուրջ ներուժի նախանշան է, և այն իրացնելու ուղղությամբ հարկավոր է ջանքեր գործադրել։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հիանալի հարաբերություններ ունի իսլամական, այդ թվում՝ արաբական երկրների ճնշող մեծամասնության հետ: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը մտահոգություն է հայտնել Արաբական պետությունների լիգայի շրջանակում օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ունեցած ելույթի կապակցությամբ, որում նա շահարկել է կրոնական գործոնը Հայաստանի դեմ ուղղված իր մեղադրանքներում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելով և փորձելով իսլամական, այս դեպքում՝ արաբական երկրներին տրամադրել Հայաստանի դեմ: Նախագահն ընդգծել է, որ այդ հակամարտությունը բացարձակապես առնչություն չունի կրոնի հետ և պատմական իր բնօրրանում ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքի պայքար է:

Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխադարձ շփումները՝ ուղղված տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը։