Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժեց Խուդոյանների գործով ներկայացված դիմումը

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժեց Խուդոյանների գործով ներկայացված դիմումը
Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժեց Խուդոյանների գործով ներկայացված դիմումը

2014 թ. հունիսի 3-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Գ. Պողոսյանի,շարունակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի և Հեղինե Մակարյանի կողմից ներկայացված՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչի պաշտոնակատար Հ. Ռ. Հարությունյանի 03.03.2014թ. որոշումը վերացնելու և գործը նախաքննության ուղարկելու պահանջների մասին դիմումի քննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր գործի նյութերին դիմումատուների ծանոթանալու համար:

Սույն դատական նիստին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակցուհի Տ. Սիրադեղյանի կողմից ներկայացվեց դիմումի լրացում՝ վարույթն իրականացնող մարմնի ոչ պատշաճ քննության վերաբերյալ լրացուցիչ պնդումներ: Հիշյալ պնդումները վերաբերում էին վարույթ իրականացնող մարմնի կողմից միակողմանի, ոչ լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելուն, որոնք կատարվել էին գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում:

Դիմումի լրացման ընթերցումից հետո, սակայն, դատարանը նշեց, որ կողմը փաստորեն նոր մանրամասն տվյալներ է ներկայացնում դատարանին, մինչդեռ, ներկայացված բոլոր հիմնավորումները վերաբերում էին գործի նյութերին, որոնց հիման վրա էլ կայացվել էր քրեական գործի հարուցումը մերժելու՝ վիճարկվող որոշումը: Գործով վերահսկող դատախազ Ա. Շահբազյանը ներկայացրեց  իր առարկությունները, որոնք գրեթե չէին տարբերվում նախորդ դատական նիստին ներկայացված առարկություններից: Դիմումատուների ներկայացուցչի կողմից առարկությունների կապակցությամբ ռեժիմային անվտանգության գոտու վերաբերյալ հնչեցված դիրքորոշումների մասով դատարանը հայտնեց, որ դրանք ներկայացված չեն եղել հանցագործության մասին հաղորդմամբ, իսկ Արթուր Սաքունցի դիմում-բողոքը ՀՀ գլխավոր դատախազությունում չքննարկելու մասով դատավոր Գ. Պողոսյանն առաջարկեց դիմել համապատասխան մարմինների, եթե Արթուր Սաքունցը գտնում է, որ խախտվել են իր իրավունքները: Դատական նիստի ընթացքում դատարանը ճշտեց, թե հանցագործության մասին հաղորդմամբ կոնկրետ ինչ տվյալներ են հաղորդվել վարույթն իրականացնող մարմնին, այնուհետև անցավ փաստաթղթերի հետազոտմանը:

Դատարանը փորձեց ճշտել, թե Հեղինե Մակարյանը երբ է ստացել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ ներկայացված դիմում-բողոքը մերժելու մասին որոշումը: Դատարանին հայտնվեց, որ այն ստացվել է 2014 թ. ապրիլի 1-ին, իսկ դատարանի դիմումն ուղարկվել է փոստային ծառայության միջոցով՝ սույն թվականի ապրիլի 30-ին: Դատարանը դիմումատուներին խնդրեց ներկայացնել համապատասխան ապացույցներ, այն է՝ ծրար, որը կվկայեր դիմումը դատարան ուղարկելու և ոչ թե առձեռն հանձնելու մասին՝ նշելով, որ իրենց մոտ ծրարի բացակայությունը վկայում է դիմումն առձեռն ստանալու մասին: Դիմումատուների ներկայացուցիչը բազմիցս պնդեց, որ դիմումը դատարան ուղարկվել է փոստային առաքման միջոցով և համապատասխան ծրարը, որով ստացվել է դիմումը, պետք է առկա լինի հենց դատարանում: Նախագահող դատավոր Գ. Պողոսյանը հայտարարեց 5 րոպե ընդմիջում, և բոլոր ներկաները, բացի դատախազ Ա. Շահբազյանից, հեռացվեցին նիստերի դահլիճից: Ընդմիջումից հետո դատարանը պարզեց՝ արդյոք կողմերն ունեն ավելացումներ, որից հետո անցավ  խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, նշելով, որ որոշումը կհրապարակվի քիչ անց: Սույն գործով որոշումը հրապարակվեց շուրջ 4 ժամ անց, որով դատարանը մերժեց ներկայացված դիմումը՝ օրինական և հիմնավորված համարելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: Դատարանի 03.06.2014 թ. որոշումը կողմերին կտրամադրվի 2014 թ. հունիսի 4-ին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը և Հեղինե Մակարյանը պատրաստվում են ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ