Առավոտյան ժամը 6։30-ին, երբ քաղաքը դեռ նոր է արթնանում, 77-ամյա Մանուշակ Վասիլյանը արդեն ծաղկի շուկայում է, իր ձեռքով մեկ առ մեկ ընտրում է ծաղկի փնջերն ու խնամքով Երևանի կենտրոն բերում։ 10 տարուց ավելի է բոլորը գիտեն տիկին Մանուշակին. Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում իր մշտական նստարանն է՝ ցայտաղբյուրի մոտ, որտեղ ծաղիկ է վաճառում։

«Ամեն Աստծո օր առավոտյան Զեյթունից գալիս եմ այստեղ, նստում ու ծաղիկներս վաճառում մինչև երեկոյան 6-7-ը։ Տարածքի բնակիչ եմ դառել,- ծիծաղում է,- բոլորն ինձ ճանաչում են, շատ լավ մարդիկ են։ Որ մի համեղ բան են պատրաստում, իմ բաժինը բերում են։ Տարածքի խանութների աղջիկների հետ էլ եմ մտերիմ, ձմռանը ծաղիկները դրսում եմ թողնում, միշտ իրենց մոտ եմ նստում որ չմրսեմ»,- պատմում է Մանուշակն ու ասում, որ երբեմն նույնիսկ նվերներ է ստանում։ Վերջին նվերը գիրք է եղել։ Գիտեն, որ գիրք կարդալ շատ է սիրում, բայց երբեք դրսում գիրք չի կարդում, ասում է՝ սիրում է հանգիստ միջավայրում, լռության մեջ կարդալ։

Գրքերի մասին Մանուշակի հիշողությունները շատ են: Պատմում է՝ ծնվել մեծացել է զինվորականի ընտանիքում, մայրը պոլիկլինիկայում է աշխատել։ Իր սիրած զբաղմունքն էլ գիրք կարդալն է եղել, անթիվ-անհամար գրքեր է կարդացել, ասում է ու արտասանում մի քառատող։
Կյանքը հոսում է, գնում,
Հոգնած սիրտը չի լռում,
Ինչ որ անցավ՝ էլ չկա,
Հուշն է միայն ապրեցնում։
Հիշում է՝ սովետի տարիներին ժամերով գրախանութներում հերթ էր կանգնում բաժանորդագրվելու համար։

«Մի անգամ գրքի համար հորս Լենինական եմ ուղարկել։ Գիրք էի փնտրում՝ չկար, մեկ էլ զանգեցին ասացին, որ Լենինականում կա։ Պապայիս ուղարկեցի, որ բերի։ Պապաս էլ ասաց՝ կգնամ միայն մի պայմանով, որ մի գիրք էլ ինձ առնես»,- հիշում է Մանուշակն ու ասում, որ ամբողջ ընտանիքով են սիրել գիրք կարդալ։ Ու չնայած դրան՝ բարձրագույն կրթություն չի ստացել։
«Թատերական էի ուզում ընդունվել, հիվանդագին սեր ունեի, որ դերասաններին տեսնում էի, մեջս տակնուվրա էր լինում, բայց չստացվեց։ Երեք տարի դիմել եմ ու չեմ անցել, որովհետև էն ժամանակ հինգ հոգի էր ընդունվում՝ երեք տղա և երկու աղջիկ, դա էլ լավ ծանոթ-բարեկամ ունեցողներն էին, ես էլ անիմաստ էլ ժամանակ չկորցրեցի, շանս չունեի»,- պատմում է նա։
Ասում է՝ երեք տարի համառ ջանքերից հետո թողել է թատերականում սովորելու երազանքը ու զբաղմունք գտել իր համար։ Տերյան փողոցի ծաղկի խանութում է աշխատանքի անցել որպես վաճառողուհի։ Ասում է՝ ծաղիկների մեջ իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում, բայց հանգամանքների բերումով որոշ ժամանակ փոխել է աշխատանքն ու մի կարճ ժամանակ Սունդուկյանի թատրոնում հսկիչ աշխատել։ Ծաղիկների հանդեպ սերը հաղթել է, գնել է մի քանի փունջ ծաղիկ ու սկսել վաճառել։ Ստացվել է ու իր համար դարձել հիմնական աշխատանք արդեն ավելի քան 10 տարի։
«Ծաղիկներ միշտ շատ եմ սիրել։ Հիմա էլ որ մեքենայով տեղ ենք գնում, հանկարծ մի գեղեցիկ ծաղիկ եմ տեսնում, քիչ է մնում մեքենայից դուրս թռնեմ»,- ասում է Մանուշակը, որի անունն էլ երևի պատահական չի ընտրվել։
Մանուշակը ծաղիկներ նվեր չի ստանում, երևի մտածում են՝ ամեն օր ծաղիկների մեջ է ու դրա կարիքը չունի, բայց ինքը միշտ բոլորին նվիրում է՝ անգամ անցորդներին, եթե հանկարծ զգում է, որ գումարը քիչ է, չի հերիքում։
«Իրենք են ինձ ապրեցնում և ուրախացնում»,- հաճախորդների մասին հուզմունքով խոսում է տիկին Մանուշակը:
Մանուշակին անցնող-դարձող մարդկանցից շատերը ճանաչում են, կանգնում բարևում են, հարցնում՝ ինչպես է։ Ասում է՝ այդ ուշադրությունն ու սերն էլ իրեն ուժ են տալիս ամեն օր գալ ու իր հիմնական հանդիպման վայրում շարունակել ապրել իր կյանքի օրերը։
Գուցե հենց այդ պատճառով էլ Մանուշակի համար մարդկանց ջերմությունն առանձնահատուկ արժեք ունի։ Իր կյանքում կորուստները շատ վաղ են սկսվել․ մորը կորցրել է 15 տարեկանում։ Մոր բացը լրացրել է քույրը, բայց նա էլ վաղ է մահացել՝ 45 տարեկանում։ Քրոջ երեխաները ծնված օրվանից Մանուշակին «մամ» են ասել։
«Մինչև հիմա էլ ինձ «Մանուշակ մամ» են ասում, արդեն կատակով բոլորն այդպես են դիմում։ Ես եմ իրենց պահել մեծացրել իմ հարազատ երեխաների պես»,- ասում է Մանուշակը, ու աչքերը լցվում են։
Ինքն էլ երկու տղա է ունեցել։ Մեկը երեք տարի առաջ մահացել է ավտովթարից՝ գնում էր բանակից որդուն տուն բերելու, բայց տեղ չի հասել։ Որդու կորստից հետո Մանուշակը շատ է փոխվել՝ ավելի քիչ է ժպտում, մազերը սպիտակել են։ Նրա շիրիմին հաճախ թարմ ծաղիկներ է տանում։
Մանուշակը չորս թոռ ու չորս տարեկան ծոռ ունի։ Թոռներից մեկը Բրյուսովի համալսարանն ավարտել է կարմիր դիպլոմով ու դիպլոմը տարել հոր գերեզման՝ նրան «ցույց տալու»։
«Շատ կոտրվեցի որդուս մահից հետո։ Հիմա էս ծաղիկներն իմ լուսավոր կետն են։ Այստեղ հանգստանում եմ, միտքս կտրվում է»,- ասում է Մանուշակը։
Օգոստոսի կեսի տապին, երբ օրվա կեսն արդեն անցել է, ծաղիկների մեծ մասը վաճառված է։ Մի քանի փունջ է մնացել, իսկ կողքին՝ կանաչ բույսեր։ Դրանք Մանուշակն ինքն է հավաքում՝ իր ձեռքով հատ-հատ մաքրելով տերևները։
Ասում է՝ շաբաթը մի օր անպայման գնում է Չարենցավանի դաշտեր, հավաքում բույսերն ու բերում Երևան։ Մի մասը տալիս է ծաղկի խոշոր սրահներին․ իրեն արդեն ճանաչում են ու հարմար գներով վերցնում։ Առաջ ավելի հաճախ էր դաշտ գնում, հիմա շուտ է հոգնում, բայց տարիների սովորությունը չի թողնում։
«Բոլոր բույսերի, հատապտուղների տեղը գիտեմ։ Առավոտյան նստում եմ տրանսպորտ, գնում հավաքում ու հետ եմ գալիս»,- համեստ ժպիտով պատմում է Մանուշակը։
Աշխատած գումարից դժգոհ չէ, ասում է՝ հերիքում է, կարողանում է թոռներին ու հարազատներին նվերներ գնել։ Իսկ երբ հարցնում ենք՝ իր համար որևէ բան գնո՞ւմ է, կարճ պատասխանում է․
«Հիմնականում չեմ գնում, ամեն ինչ էլ ունեմ, կամ տալիս են»։
Թե վերջին անգամ երբ և ինչ է գնել հենց իր համար՝ Մանուշակը չի կարողանում հիշել։
Ազատ պահերը Մանուշակը խաչբառ լուծելով է անցկացնում։ Ասում է՝ հեռախոս չունի և երբեք էլ չի ունեցել։ Երբ գործ չկա, սիրում է պարզապես նստել ու նայել քաղաքի անցուդարձին՝ շտապող մարդկանց, կանգ առնողներին, իրեն ժպտացող կամ աննկատ կողքով անցնող անցորդներին։
«Ամեն ինչ անում եմ, որ իմ մոտից ոչ մեկը դժգոհ ու նեղացած երբեք չգնա։ Սա ինձ համար պարզապես աշխատանք չէ, աշխարհը սիրելու իմ ձևն է՝ ծաղիկների միջոցով»,- ժպտում է համեստ Մանուշակ Վասիլյանը։



















