ՌԴ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները չեն այցելել Շուշի.Factor

Ադրբեջանի կառավարության հրավերով Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների թվում ներկա չեն եղել երեք տերությունների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ինչպես հայտնել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը,  դիվանագիտական կորպուսի այցը Շուշի կազմակերպվել է նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ:

Ավելի վաղ Ալիևն այցելել էր ԼՂ մի շարք այլ տարածքներ։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ուղևորությունից երեք դեսպանների հրաժարումը մեծ իրարանցում է առաջացրել. տեղի ունեցածն անվանել են «դեմարշ» և երեք գերտերություններին մեղադրել «հայամետ» դիրքորոշման մեջ։ «Այս դեմարշը կազդի այդ պետությունների հետ Ադրբեջանի հետագա հարաբերությունների վրա:

Ամեն դեպքում, բացառությամբ Ֆրանսիայի, Ադրբեջանը ռազմավարական գործընկերություն է կառուցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ: Եվ նման դիրքորոշումը լուրջ վնաս կհասցնի այդ պետությունների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը:

Վիրավորանքը հասցվել է ոչ թե կառավարությանը, այլ ողջ ադրբեջանական հասարակությանը»,-հայտարարել է Հաջիևը: Նշենք, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են։

Այս մասին հայտնում է Factor.am-ը