«Պետք է պատասխանատվության ենթարկվի նաեւ պատվիրատուն». «փուչիկների» գործով մեղադրանք է առաջադրվել միայն լիցքավորողին

«Պետք է պատասխանատվության ենթարկվի նաեւ պատվիրատուն».  «փուչիկների» գործով մեղադրանք է առաջադրվել միայն լիցքավորողին
«Պետք է պատասխանատվության ենթարկվի նաեւ պատվիրատուն». «փուչիկների» գործով մեղադրանք է առաջադրվել միայն լիցքավորողին

Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ նախընտրական հանրահավաքի միջոցառման ժամանակ մեթան գազով լցված փուչիկների պայթյունի եւ հրդեհի դեպքով, 2012-ի հուլիսի 18-ին մեղադրանք է առաջադրվել փուչիկները լիցքավորած անձին՝ Սերոբ Բոզոյանին:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում այս դեպքի առընչությամբ քննվող քրեական գործով մեղադրանքը առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (նույն արարքը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը):
Երեկ մեղադրյալ Սերոբ Բոզոյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է ստորագրությամբ չբացակայելը:
Ինչպես հաղորդում է «Հրապարակ» թերթը՝ Սերոբ Բոզոյանը 54 տարեկան է եւ զբաղվում է փուչիկների լիցքավորմամբ: Նա կազմակերպություն չունի եւ անձամբ է ընդունում պատվերներ:

«Ինչպես տեսնում եք, իշխող կուսակցության ներկայացուցիչներից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել` այն դեպքում, երբ նրանք են փնտրել ու գտել էժան փուչիկի աղբյուրը եւ շատ էլ լավ տեղյակ են եղել, որ կրակի դեպքում կարող է հրդեհ բռնկվել»,- գրում է թերթը:

«Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը կարծում է, որ հրավտանգ մեթան գազով փուչիկները լիցքավորող մարդու նկատմամաբ մեղադրանք առաջադրելու դեպքում չի կարող լինել երկրորդ կարծիք:

«Բայց մյուս կողմից անաչառ եւ օբյեկտիվ քննություն անցկացնելու համար պետք է պատասխանատվության ենթարկվի նաեւ պատվիրատուն: Այտեղ կա երկու հարց, ո՞վ է տվել լիցենզիա այդ մարդուն լիցքավորելու հրավտանգ գազով փուչիկներ եւ երկրորդ, եթե ինչ որ մեկը տվել է, ապա պատվիրատուն անպայման պետք է ստուգեր լիցենզիան, պետքէ տեսներ այդ թույլտվությունը, նոր պատվիրեր: Մյուս կողմից պատասխանատու է նաեւ լիցենզիա տրամադրողը»,- ասում է Իշխանյանը:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը նշում է, որ քանի դեռ հարուցված քրեական գործը քննությունը չի ավարտվել, ինքը ոչինչ չի կարող ասել:

«Միգուցե ընթացքում այլ բաներ փոխվի ու պարզվի: Ճիշտ չէ այժմ որեէ կարծիք հայտնելը, քանի դեռ այս հարցը իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է, պետք է սպասել ավարտին»,- նշում է Սահակյանը:

«Շատերն են այսօր մեղադրում կազմակերպիչներին, բայց քանի դեռ վերջնական պատրաստ չեն քննության նյութերը եւ տուժածների վկայությունները, դժվար է կազմակերպիչներին որեւէ մեղադրանք ներկայացնելը: Դատարանում կերեւա ովքեր են առընչվել խնդրին: Չտիրապետելով քննության նյութերին՝ եւ ինձ, եւ շատերի համար դեռ դժվար է գնահատական տալը»,- «Մեդիալաբին» ասում է «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ Հանրապետության հրապարակում, ՀՀԿ-ի նախընտրական հանրահավաքի ժամանակ հրավտանգ մեթան գազով լցված մոտ 7 հազար փուչիկների պայթյունից, տարածված կրակից եւ հալված ռետինից տարբեր աստիճանի այրվածքներով շուրջ 150 մարդ տեղափոխվել էր մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ: Տուժողները՝ հիմնականում տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ, փուչիկներով հանարահավաքի էին ուղղվել ոչ իրենց կամքով:

Տուժողներից շատերն առ այսօր ապաքինման փուլում են, ոմանք ենթարկվել են տարբեր բարդության վիրահատությունների: Այրվածքներից չսպիացած վերքերն ու հետքերը չարաբաստիկ հանրահավաքից հետո շատ երիտասարդներ չնայած ամառվա տապին թաքցնում են ձեռնոցների եւ երկարաթեւ հագուստների տակ:

Դեպքի առընչությամբ հարուցված քրեկան գործն արդեն երկու ամսից ավել է ձգձգվում է, որի արդյունքում մեղադրանք է առաջադրվել միայն փուչիկները լիցքավորող անձին:

© Medialab.am