«Շատ կարևոր է, որ ակնհայտ կեղծ ու վիրավորանք պարունակող գրառումների հեղինակները կոշտ պատժվեն». Ռոբերտ Ղեւոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

Պարոն Ղևոնդյան, ի՞նչ ուղերձ ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերով արված այն հայտարարությունը, որ ժամանակն է ազատվել նախկին կադրերից։ Նա ասաց՝ այն մարդիկ, որոնք չարաշահել են իրենց տրված շանսը, «պետք է ուղղակի դուրս նետվեն պետական համակարգից»։

– Նիկոլ Փաշինյանի այդ ուղիղ եթերի փաստն ինքնին պայմանավորված էր վերջին ժամանակներս տեղի ունեցած որոշ իրադարձություններով, մասնավորապես, ուղիղ եթերի չստացված կադրերի արտահոսքով։ 

Վարչապետը դրա հետ կապված որոշակի պարզաբանումներ տալու խնդիր ուներ, ինչը բավական լավ ստացվեց։ Միաժամանակ, վարչապետը նաև խոսեց մի շարք այլ խնդիրների մասին, որոնցում թե վիրտուալ, թե իրական հարթությունում այսօր մեղադրում են իշխանությանը։ 

Մասնավորապես, խոսքն առաջին հերթին «թավիշի» մասին է։ Թեև վարչապետն ասաց՝ մենք թավշյա հեղափոխություն ենք արել, և ժողովուրդը գնացել է իր հետևից թավիշի համար, սակայն բոլորս հավանաբար լավ ենք հիշում, որ 2018 թվականին ժողովուրդը գնում էր նախկին ռեժիմը հեռացնելու համար։

Ես նաև դրական շատ բաներ տեսա այդ ելույթում, օրինակ՝ այն, որ նա «թավիշ» ասելով նկատի ուներ, որ օրենքի գերակայություն պետք է լինի։ Թեև վարչապետը մի փոքր կենցաղային բառեր էր օգտագործում, բայց ամենայն հավանականությամբ նա նկատի ուներ, որ երկրում չպետք է լինի հովանավորչություն, իշխանության վերարտադրություն, ամեն ինչ պետք է լինի ժողովրդավարական կանոններին համահունչ։

– Վարչապետի հայտարարությունը կարծես նաև նախազգուշացո՞ւմ էր ոմանց։ Նա ասաց. «Հեղափոխությունից հետո ոչինչ մեզ չէր խանգարում այդ մարդկանց հատ-հատ տնից հանելու և սամասուդ անելու։ Եվ այսօր էլ մենք կարող ենք այդ հոխորտացող թափթփուկներին սամասուդ անել»: Արդոք կարո՞ղ ենք ասել, որ իշխանության գործողություններում փոփոխություն է լինելու։

– Այո, ես հենց դրա համար եմ ասում, որ վարչապետը կենցաղային լեզվով էր խոսում, որպեսզի նրա խոսքը հասանելի լիներ հասարակության բոլոր շերտերին։ 

Ես մի փոքր համաձայն չեմ նրա հետ, քանի որ «սամասուդ անելը» կարող է հասկացվել տարբեր կերպ։ Թեպետ հասարակության մեջ կա շերտ, որն այդ խոսքերից կուրախանա, բայց այնուամենայնիվ հասարակության մեջ կա նաև շերտ, որը գտնում է, որ գործընթացները պետք է ընթանան հենց օրենքի շրջանակներում։ 

Եվ եթե որևէ մեկը հանցագործություն է կատարել, նա պետք է հենց օրենքի առաջ պատասխան տա։ Իսկ վարչապետի ներկայացրած մոդելի դեպքում, երբ կան մարդիկ, որոնց հնարավորություն է տրվել շտկվելու ու աշխատելու ժողովրդավարական օրենքներով, ստացվում է, որ մարդիկ հանցագործություն են կատարել, իշխանությունը փոխվել է, նրանք այսօր հանցագործություն արդեն չեն անում, իսկ նախկինի համար պատասխան չեն տալիս։

Իրականում, եթե տեղի է ունենում ժողովրդավարական արժեքների հաստատում, և փոխվում է համակարգը, ապա այն մարդիկ, որոնք հանցագործություն են կատարել, պետք է այդ հանցագործության համար պատասխան տան։

Կամ, ամենածայրահեղ դեպքում, չպետք է շարունակեն աշխատել այնտեղ, որտեղ աշխատել են։ Իսկ վարչապետի ասածով ստացվում է, որ նախկին համակարգում հանցագործություն կատարածները պետք է շարունակեն աշխատել, քանի որ գործում են նոր տրամաբանությամբ։ Դա ամենևին չի համապատասխանում թավշյա հեղափոխության արժեքներին։ 

Իսկ ինչ վերաբերում է վարչապետի՝ «սամասուդ անելու» մասին հայտարարությանը, որ այդ մարդիկ չեն փոխվել, ապա կարծում եմ՝ երկու տարին բավական երկար ժամանակ էր։ Եվ եթե նրանք չեն փոխվել այս ընթացքում, ապա վարչապետը ճիշտ է այն առումով, որ նրանք այլևս չպետք է հնարավորություն ունենան փոխվելու, և նրանց վրա օրենքը պետք է տարածվի ամբողջ խստությամբ։

– Այսինքն՝ կադրային փոխությունների ժամանա՞կն է։

– Ես կարծում եմ՝ այդ փոփոխությունների ժամանակը եկել էր 2018 թվականի մայիսից հետո, քանի որ շատ-շատ մարդիկ կային, որոնք օրենքի տեսանկյունից չէին համապատասխանում այն տեղին, որտեղ նստած էին։ Նրանցից շատ-շատերը գոնե իրենց աշխատանքը պետք է կորցնեին։ Հիմա բավական ուշացած է, բայց ավելի լավ է ուշ, քան երբեք։ Հետևաբար, այսօր էլ եթե հնարավոր լինի այդ փոփոխությունները կատարել, պետք է կատարվեն։

Մյուս կողմից՝ մենք պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ ներկա իշխանությունները չունեն կադրային այնպիսի մեծ ռեսուրս, որ հնարավոր լինի մեծ ծավալի կադրային փոփոխություններ իրականացնել։ 

Սակայն կան կադրեր, ովքեր չպետք է լինեն այդտեղ, քանի որ լինելով մասնագետ՝ իրենց մասնագիտությունը կիրառել են նախկին համակարգի պաշտպանության, իշխանության վերարտադրության, կոռուպցիոն մեխանիզմների մշակման, «թղթերով ամեն ինչ կարգին է» ձևակերպումների օրինականացման համար։ 

Իսկ այն, որ նոր կադրերի խնդիր կա, դա մենք բոլորս գիտենք։ Այդ խնդիրը նույնպես համակարգային լուծում ունի, այն հետևյալն է՝ անհրաժեշտ է ձևավորել այնպիսի համակարգ, որը կադրերի հավաքագրում կիրականացնի։ 

Վարչապետը հայտարարեց, որ կադրերի բանկ է ստեղծվում, սակայն կադրերի բանկից քանի՞ հոգի է այսօր նշանակվել պետական կառավարման համակարգում աշխատանքի։ Նրանց թիվը մատների վրա կարելի է հաշվել։ 

Հայաստանում կան բավական մեծ թվով ուսումնական հաստատություններ, դրանք պետք է փոխել, ձևավորել այնպիսի հաստատություններ, որոնք կադրեր կմատակարարեն կառավարությանը։

Այսինքն՝ եթե համակարգը փոխվի, կապ չունի՝ հիմա կադրեր ունենք, թե չունենք, այդ կադրերն անընդհատ կգան, և իշխանությունը կադրային խնդիր չի ունենա։

– Մամուլի խնդիրներին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ լրատվամիջոցների 99 տոկոսը նախկին իշխանություններից գումար է վերցրել, հիմա դա չկա, դրա համար «կատաղած են»։ Արդյոք այս դաշտում և՞ս պետք է փոփոխություններ արվեն։

– Ենթադրում եմ, որ այս դաշտում ևս որոշակի փոփոխություններ պետք է լինեն։ Բայց խոսքի ազատության իրավունքը, ինչը կարևոր ձեռքբերումներից է 2018 թվականից հետո, որևէ կերպ չպետք է խեղվի։

Ես հույս ունեմ, որ փոփոխություններն այնպիսին կլինեն, որ կվերաբերեն միայն ակնհայտ կեղծ կամ վիրավորանք պարունակող տեղեկություններ տարածելուն։ Այն լրատվամիջոցները, որոնք ոչ իշխանահաճո դաշտում են, իմ կարծիքով՝ պետք է շարունակեն իրենց աշխատանքը։

Մյուս կողմից էլ՝ շատ կարևոր է, որ ակնհայտ կեղծ ու վիրավորանք պարունակող գրառումների հեղինակները կոշտ պատժվեն, որպեսզի լրատվական դաշտը մաքրվի այնպիսի երևույթներից, որոնք այսօր ակնհայտ ստվեր են գցում դաշտի վրա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am