«Հայ-թուրքական բանակցությունների գործընթացն ընթանում է Թուրքիայի ծրագրին համաձայն». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, ըստ էության, թուրք-ադրբեջանական տանդեմը չի հասել այն նպատակներին, ինչի համար դիմեց այս քայլին, դրա համար էլ դեռ փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեռ որքա՞ն են փակ պահելու ճանապարհը, եթե նկատի ունենանք, որ միջազգային ճնշում ավելի ինտենսիվ է դարձել այս ուղղությամբ։

– Ադրբեջանը կփորձի Լաչինի միջանցքն ավելի երկար փակ պահել, ճնշումները դեռևս այնպիսի բնույթ չեն կրում, որ Ադրբեջանին ստիպեն փոխել քաղաքականությունը այդ հարցում, այնպես որ, ինքը դեռ կշարունակի փակ պահել Լաչինի միջանցքը, մինչև ճնշումներն այնքան ուժեղանան, որ արդեն անհնար լինի փակ պահել միջանցքն ու ստիպված բացի այն։

– Բայց ճնշումների միջոցով հնարավոր կլինի՞ դա անել, թե՞ Ադրբեջանը որոշակի զիջում կորզելուց հետո միայն կգնա միջանցքը բացելուն։

– Հիմնվելով էքստրապոլյացիայի օրենքի վրա, երբ ուսումնասիրում ես եղածն ու փորձում հասկանալ այն, ինչ կլինի, կարծում եմ, որ գնալով ուժեղացող ճնշումները կհասնեն մի այնպիսի կետի, որ կստիպեն Ադրբեջանին գնալ այդ քայլին, բայց դա չի ենթադրում, որ հետագայում կրկին չի փակի։

– Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիայի համար այս պահին ի՞նչ առաջնահերթություններ կան, որոնց ձգտում է հասնել մեր տարածաշրջանում։

– Արտաքին քաղաքականության բնագավառում Թուրքիայի գերագույն նպատակն է իր հեղինակությունն աշխարհում այնպես բարձրացնել, որ այն սկսի դասվել աշխարհի ամենահզոր պետությունների շարքին: Դա անձամբ Էրդողանի ամենակարևոր նպատակն է։ Սա, իհարկե, ենթադրում է որոշակի քաղաքականություն Թուրքիայի կողմից, որը նա իրականացնում է։

Իմ բնութագրմամբ՝ այդ քաղաքականության էությունը իրականում արկածախնդրություն է. ինչո՞ւ, որովհետև Թուրքիան փորձում է իր հեղինակությունը բարձրացնել ոչ թե երկրի օբյեկտիվ հզորության հաշվին, այլ արտաքին քաղաքականության բնագավառում այդպիսի արկածախնդրական գործողություններ իրականացնելով, մասնավորապես իր զինված ուժերը տեղակայելով աշխարհի ամենատարբեր երկրներում, խառնվելով երկու տարբեր երկրներում տեղի ունեցող հակամարտություններին։

Այդ ամենն արվում է, որ Թուրքիայի հետ հաշվի նստեն, բացի դրանից, փորձում է հանդես գալ նաև միջնորդի դերում: Մենք տեսնում ենք դա՝ կապված և՛ ռուս-ուկրաինական հակամարտության, և՛ հացահատիկի գործարքում Թուրքիայի միջնորդության հետ։ Սա էլ փորձ է երկրի հեղինակությունը բարձրացնելու։ Գերագույն նպատակը սա է։

Մեր տարածաշրջանում Թուրքիան հենց սկզբից, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, իր առջև նպատակ էր դրել տարածաշրջանը վերցնել իր հսկողության տակ: Տասնյակ տարիներ դա չէր հաջողվում, հիմա իրադրությունը մեր տարածաշրջանում փոխվել է, ու Թուրքիային այդ նպատակն ավելի հասանելի է դառնում։ Թուրքիան այստեղ գործում է ոչ միայն առանձին, այլ նաև իր նպատակներին հասնելու համար օգտագործում է Ադրբեջանին, իսկ նպատակը, արդեն ասացի՝ տարածաշրջանում գերիշխող դեր ստանձնելն է։

Այս առումով երբ դիտարկում ենք Լաչինի միջանցքի հետ կապված Ադրբեջանի քաղաքականությունը, պարզ է, որ դա առաջին հերթին ուղղված է էթնիկական զտում իրականացնելուն, բայց այստեղ նաև կա հակառուսական նպատակ, ու դա հետևյալն է, որ Ռուսաստանի հեղինակությունը գցեն՝ ցույց տալով, որ ռուսական խաղաղապահ ուժերը չեն կարողանում կատարել իրենց գործառույթները, ու այսպիսով՝ Թուրքիայի համար ճանապարհ բացվի, որ վերջինս տարածաշրջանում սկսի հանդես գալ որպես խաղաղապահ գործունեություն իրականացնող ուժ։

Չեմ բացառում, որ Լաչինի ճգնաժամի ինչ-որ մի փուլում Թուրքիան կփորձի հասնել նրան, որ ռուս խաղաղապահների կողքին լինեն նաև թուրք խաղաղապահները։ Չեմ բացառում նաև, որ հետագայում կփորձի ընդհանրապես ռուսներին դուրս մղել տարածաշրջանից։ Այնպես որ, աշխարհում իր տեղն ու դերը բարձրացնելու համար Թուրքիան բոլոր միջոցները կիրառում է, ու մեր տարածաշրջանում Ռուսաստանին փոխարինելու համար ևս։

– Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններն ի՞նչ փուլում են։

– Այդ գործընթացը ընթանում է Թուրքիայի ծրագրին համաձայն, իսկ այն հետևյալն է․ փոքր քայլերով, օրինակ՝ այդ օդային բեռնափոխադրումների թույլտվությունը, որին պետք է հաջորդի  ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելը, հասնելով նրան, որ բանակցային գործընթացը ձգձգվի, իսկ այդ ընթացքը, ինչը նկատելիորեն դանդաղ է, փորձելու է օգտագործել Հայաստանի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար։

Այս գործընթացում Թուրքիան ձևականորեն հայտարարում է, թե նախապայմաններ չունի, բայց Թուրքիայի պաշտոնատար անձինք Հայաստանի առաջ անընդհատ նախապայմաններ են դնում, իսկ Սամարղանդում էլ՝ իր մամուլի ասուլիսի ժամանակ, Էրդողանը բացահայտ օգտագործեց «պահանջ» բառը, որ պահանջներ են դնում Հայաստանի առջև։ Թուրքիան օգտագործում է բանակցությունները՝ Հայաստանի վրա լրացուցիչ ճնշման լծակ ստանալու համար։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am