Օբաման ընդդեմ Թրամփի քաղաքականության․ «Այս ամենը պետք է կանգ առնի»

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման սոցիալական ցանցում հրապարակված գրառմամբ խիստ քննադատության է ենթարկել Դոնալդ Թրամփի վարչակազմի վարած քաղաքականությունը՝ անդրադառնալով Մինեսոտայում տեղի ունեցած ողբերգական միջադեպերին։ Գրառումը լայն արձագանք է ստացել ամբողջ աշխարհում։

Խոսքը վերաբերում է Մինեսոտայում տեղի ունեցած հրազենային միջադեպերին, որոնց հետևանքով զոհվել են ԱՄՆ քաղաքացիներ Ալեքս Պրետին և Ռենե Գուդը։ Դեպքերը տեղի են ունեցել դաշնային միգրացիոն և իրավապահ ծառայությունների ակտիվ գործողությունների (ICE) ֆոնին, որոնք վերջին շաբաթներին զանգվածային քննադատությունների պատճառ են դարձել։

Օբաման իր գրառման մեջ նշել է․
«Ալեքս Պրետիի սպանությունը ծանր ողբերգություն է։ Սակայն սա պետք է նաև արթնացնող ազդակ լինի բոլոր ամերիկացիների համար՝ անկախ քաղաքական պատկանելությունից, որ մեր երկրի հիմնարար արժեքները լուրջ վտանգի տակ են»։

Նա ընդգծել է, որ իրավապահ մարմինները պարտավոր են գործել օրենքի շրջանակում և համագործակցել տեղական իշխանությունների հետ․
«Ամերիկացիները սպասում են, որ դաշնային գործակալները իրենց պարտականությունները կկատարեն օրինական և հաշվետու ձևով ու կաշխատեն նահանգային և քաղաքային կառույցների հետ՝ հանրային անվտանգությունն ապահովելու համար։ Սակայն Մինեսոտայում մենք տեսնում ենք հակառակ պատկերը»։

Օբաման հատուկ ուշադրություն է դարձրել դիմակավորված դաշնային գործակալների գործողություններին՝ նշելով․
«Մենք ականատես ենք լինում աննախադեպ գործելակերպի, որը կարծես նպատակ ունի վախեցնել, ճնշել, սադրել և վտանգի ենթարկել խոշոր քաղաքի բնակիչներին»։

Նա նաև հիշեցրել է, որ այս մեթոդները նույնիսկ Թրամփի առաջին վարչակազմի ժամանակ ներքին անվտանգության նախարարության նախկին գլխավոր իրավաբանը բնութագրել է որպես «ամոթալի, ապօրինի և դաժան»։

Օբաման ուղղակիորեն քննադատել է գործող նախագահին և նրա թիմին՝ հայտարարելով․
«Փոխանակ վերահսկողություն և կարգապահություն սահմանելու՝ նախագահը և նրա վարչակազմի ներկայացուցիչները ընտրում են իրավիճակը սրելու ճանապարհը՝ ներկայացնելով բացատրություններ, որոնք հիմնված չեն լուրջ քննության վրա և հակասում են տեսագրություններին»։

Նախկին նախագահը շեշտել է, որ այս մոտեցումը պետք է դադարեցվի․
«Այս ամենը պետք է կանգ առնի»,-գրել է Օբաման՝ կոչ անելով իշխանություններին սկսել համագործակցել Մինեսոտայի նահանգապետ Թիմ Վոլցի, Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյի և տեղական իրավապահ մարմինների հետ՝ նոր լարվածություններից և քաոսից խուսափելու համար։

Գրառման վերջում Օբաման աջակցություն է հայտնել ԱՄՆ տարբեր քաղաքներում ընթացող խաղաղ բողոքի ակցիաներին՝ ընդգծելով, որ
«քաղաքացիների պարտքն է բարձրաձայնել անարդարության դեմ, պաշտպանել ազատությունները և պահանջել իշխանությունների հաշվետվողականություն»։