Սորոսի այլընտրանքը մարտի մե՞կն էր

Սորոսի այլընտրանքը մարտի մե՞կն էր
Սորոսի այլընտրանքը մարտի մե՞կն էր

Կարելի էր լռել այն բանից հետո, երբ պարզվեց, որ հունգարական ծագումով ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներից» դրամաշնորհ է ստացել ագրեսիվ հակասորոսական Հայկ Բաբուխանյանը: Կարելի էր լռել՝ իմանալով, որ երկրի տնտեսական աճի ցուցանիշները հաշվելիս նախկինները չէին խորշում այնտեղ ներառել այդ հիմնադրամի դրամաշնորհներից գոյացած հարկերը:

Ընդհանրապես Սորոսին վկայակոչելն ի՜նչ տարօրինակ պաշտպանություն է այն անզորությունից, որի տակ մնացել են նախկինները Քոչարյանի գլխավորությամբ: Մարդիկ գումար են վերցրել, իշխանություն են ամրապնդել, դեմոկրատական արժեքներ կայացնելու անվան տակ ինչ ասես արել են ու ասում են՝ Սորոսը Հայաստանում հեղափոխություն արեց:

Էս մասին հեղափոխության հաղթանակի առաջին օրերից էին ասում: Բայց Ռոբերտ Քոչարյանը դրան տվեց այլ կարգավիճակ:

Ամենատգեղն այն է, որ դա անում են աղետալի անճարակությամբ, ողորմելի թեթևամտությամբ: Մարդիկ իշխանություն են կորցրել և փոխանակ վերադիրքավորվեն և քաղաքական ձեռագիր ձեռք բերեն, ընդ որում, Քոչարյանից տարանջատվելով, հայտարարում են, որ Սորոսը իշխանություն փոխեց: Գնացեք ու…, եթե Սորոսն է Հայաստանում իշխանություն փոխել: Ուզում եք ասել, որ Սորոսի այլընտրանքը մարտի մե՞կն էր: Քոչարյանի նյարդայնությունից դա այնքան պարզ է զգացվում:

Տղե՛րք, Սորոսը ձեր արդարացումն է, իբր նա չլիներ, Նիկոլենք իշխանություն վերցնող չէին: Բայց պետության բոլոր փողերը ձեր ձեռքին էին, ինչո՛ւ չկարողացաք պահել իշխանությունը: Սորոսի տվածն ի՞նչ էր: Եթե հաշվի առնենք, որ տվել է նաև ձեզ, տվել է Քոչարյանի փաստաբանին, Հայկ Բաբուխանյանին:

Նրանց կարելի էր, քաղհասարակությանը չէ՞ր կարելի: Սորոսը տապալվել է, պարոնա՛յք, որովհետև նա ձեզ տալիս էր, որ դուք քաղհասարակության գոյությունն ընդունող դառնայիք, լինեիք նրա աջակիցը: Դուք ամեն գնով փոշիացրեցիք էդ փողերը, իսկ 2008-ի մարտի 1-ին ուղղակի հայտարարեցիք՝ թքել ենք ցանկացած ընդդիմության և ցանկացած քաղհասարակության վրա: Ուստի մարդը քաղհասարակությունը կայացրեց երկրի օրենքներին չհակասող բոլոր միջոցներով:

Եթե վտանգավոր բան էր անում՝ դեմն առնեիք: Ասեիք՝ Սորոս պապի, քո փողերը մեր պետությանը պետք չեն: Չէիք կարող ասել, որովհետև ուղղակի բարոյական իրավունք չունեիք, նախ՝ որ դուք էլ էիք ուտում էդ փողերից, հետո՝ ձեր ձեռքերն ու մտքերն այնքան զբաղված էին պետության բյուջեն թալանելով, որ չէիք կարողանում ձեր ուշադրությունը շեղել դեպի Սորոսի «ազգակործան» փողերը:

Հլը ընդհանրապես փորձենք հասկանալ՝ դուք կարդացե՞լ եք Ջորջ Սորոսի «Համաշխարհային էթիկա. Պատրա՞նք, թե իրականություն» հոդվածը: Մարդը ներկայացնում է, թե ինչպես է պատկերացնում ապագա աշխարհը՝ որպես մի բաց հասարակություն, որտեղ սահմաններ չկան: Նա խոսում է մտքի և դեմոկրատիայի սահմանների անհեթեթության մասին: Հետո ասում է՝ բաց հասարակությունը անկախ պետությունների ներքին գործերին խառնվելու իրավունք է տալիս, որովհետև բռնակալական ռեժիմներում ապրող մարդիկ հաճախ հնար չունեն պաշտպանվելու բռնակալությունից առանց դրսի միջամտության:

Հա՛մ բռնակալ լինելու հայտ էիք ներկայացնում, մարդասպանությամբ իշխանություն էիք պահում, հա՛մ էլ ուզում եք լինել արդա՞ր:

Էդպես չի՛ լինում, տղե՛րք: Եվ մի՛ շտապեք ապրել ամեն գնով, փորձեք ապրել ձեր գինն իմանալով:

Մհեր Արշակյան

MediaLab.am