Եվրահանձնաժողովը հակամարտության հետևանքով ԼՂ-ում և հարակից տարածքներում տուժածների համար կտրամադրի հավելյալ 10 մլն եվրո

Եվրահանձնաժողովը լրացուցիչ 10 մլն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի՝ աջակցելու վերջին պատերազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում ու հարակից տարածքներում տուժած քաղաքացիական անձանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդպիսով ռազմական գործողությունների մեկնարկից՝ 2020 թվականի սեպտեմբերից մինչև օրս ԵՄ ցուցաբերած աջակցությունը կգերազանցի 17 մլն եվրոն:

Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը նկատել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում հումանիտար իրադրությունը շարունակում է մնալ իրենց ուշադրության կենտրոնում: «ԵՄ-ն էապես ավելացնում է իր աջակցությունը՝ օգնելու հակամարտությունից տուժած անձանց՝ հոգալու հիմնական կարիքներն ու վերակառուցելու կյանքը»,- ասել է նա:

Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելյին նկատել է, որ այս օգնությունը շարունակական է լինելու: «ԵՄ-ն շարունակում է աշխատել հանուն հակամարտության ավելի համապարփակ վերափոխման և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ու տարածաշրջանի կայունության»,- հայտարարել է Վարհելյին:

Եվրահանձնաժողովի հավելյալ ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավոր կլինի լուծել հրատապ անհրաժեշտություն ներկայացնող այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են սննդի ապահովումը, հիգիենան, առողջապահությունը և այլն: Այն նաև կապահովի հոգեբանական աջակցության, կրթության տրամադրում:

Հավելյալ ֆինանսավորումը կապահովի նաև բնակեցված տարածքների հումանիտար ականազերծումը և տուժած անձանց կծանոթացնի ականային ռիսկերի հետ: