ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի անվտանգությունն ու գոյությունը մեծապես պայմանավորված են իր վարած քաղաքականությամբ։ Այդ մասին նա ասել է Axios-ին տված հարցազրույցում։
«Եթե չլիներ Դոնալդ Թրամփը, Իսրայելը ոչնչացված կլիներ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև ընդգծել է ԱՄՆ ռազմական հնարավորությունները՝ նշելով, որ Վաշինգտոնի տրամադրության տակ են ժամանակակից սպառազինություններ և B-2 ռազմավարական ռմբակոծիչներ։
Խոսելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մասին՝ Թրամփն ասել է, որ լավ հարաբերություններ ունի նրա հետ, սակայն երբեմն անհրաժեշտ է «նրան ողջամիտ պահել»։ Նրա խոսքով՝ Իսրայելը մեծ հարգանքով է վերաբերվում իրեն և հաշվի է առնում իր դիրքորոշումը։
Հարցազրույցի ընթացքում Թրամփը նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին անվանել է համաշխարհային առաջնորդներ, որոնցով առավելապես հիանում է։ Միևնույն ժամանակ նա հրաժարվել է նշել, թե ում է համարում թույլ առաջնորդներ։



















