Հրետակոծությունից վնասված տների բնակիչները փոխհատուցում են ստանում

Ի կատարումն «ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում 1992-1994թթ. հրետակոծության հետևանքով վնասված բնակելի տների բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին» որոշման ցուցակում ընդգրկված 332 ընտանիքից 322-ն արդեն ստացել է սահմանված գումարները։ Հաշվառման ժամանակ ցուցակից դուրս մնացած տներն ու բնակիչները նույնպես, համաձայն սույն որոշման, կստանան ֆինանսական օգնությունը և հնարավորություն կունենան բարելավելու իրենց բնակարանային պայմանները։

ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով հայտարարված Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի երկու ճանապարհահանգույցների մանրամասն ճարտարագիտական նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման խորհրդատուի միջազգային բաց մրցույթի արդյունքը` 2մլն 37 հազ. 495 ԱՄՆ դոլար և 1մլն 228 հազ. եվրո պայմանագրային արժեքով հաղթող ճանաչելով «Էնիս ինտերնեյշնըլ» ֆրանսիական ընկերությունը։

Իր նախկին որոշումներից մեկում կատարելով փոփոխություններ և լրացումներ, ՀՀ կառավարությունը առողջական վիճակի պառճառով վաղաժամկետ արձակված պահեստազորի վերափորձաքննության ժամկետը լրացած անձանց ևս ներառել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ամենամյա նպատակային ծրագրերում։ Հաջորդ որոշմամբ գործող օրենսդրությանն են համապատասխանեցվել պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու և այդ դեպքում ուսման հետ կապված ծախսերը փոխհատուցելու հիմքերը։

© Medialab.am