Հայաստանի տնտեսության համար լավատեսական կանխատեսումներ չկան. Տխուր հետեւանքների սպասելիս

Հայաստանի տնտեսության համար լավատեսական կանխատեսումներ չկան. Տխուր հետեւանքների սպասելիս
Հայաստանի տնտեսության համար լավատեսական կանխատեսումներ չկան. Տխուր հետեւանքների սպասելիս

Հայաստանի կառավարությունն  այս փուլում հաշվարկում է, թե ինչ վնասներ է կրել տնտեսությունը Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարտիյանմ ասում է, որ մինչև տարեվերջ այդ հաշվարկները կավարտվեն:Սակայն մինչ հաշվարկները, կառավարության անդամներն արդեն բացիեբաց խոսում են վնասների մասին, որոնք կրում է Հայաստանի տնտեսությունը Ռուսաստանում ընթացող զարգացումներով պայմանավորված՝ մասնավոր տրնսֆերտների, արտահանման ծավալների, ներդրումների նվազում և այլն, ինչը հասարակ ժողովուրդն արդեն զգում է իր մաշկի վրա:

Հայաստանի այս տարվա բյուջեով նախատեսված 5.2 տոկոս տնտեսական աճն, արդեն իրատեսական չի համարվում, կառավարությունն այժմ խոսում է արդեն 3 տոկոս աճի մասին:Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը չի հերքում, որ ՌԴ տնտեսությունում առկա ճգնաժամի պատճառով հնարավոր է հաջորդ տարի Հայաստանի տնտեսությանն էլ ճգնաժամ սպառնա:

«Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կլինի: Սանկցիաները, եթե երկար տևեն, իհարկե, պրոբլեմները կխորանան: Սանկցիաները, եթե երկարաժամկետ չլինեն, բնականաբար, շատ ռիսկերը կթուլանան»,- ասում է Գագիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ անորոշություններ են առաջացել Հայաստանի տնտեսությունում:

Տնտեսական աճի նվազեցումը, տարսնֆերտների ծավալների կրճատումը, արտահանողների մոտ առաջացած խդիրները, ֆինանսների նախարարի խոսքով, այն խնդիրներն են, որոնք առաջացել են Հայաստանում՝ ՌԴ պատժամիջոցներով պայմանավորված:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն,  այս տարվա 9 ամիսներին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների ծավալները նվազել են 6.2 տոկոսով:

Դա այն դեպքում, երբ ընդամենը երկու ամիս առաջ Հայաստանի իշխանությունները դեպի ռուսական շուկա հայկական ապրանքների արտահանումների կտրուկ աճ էին կանխատեսում:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքով՝ արտահանումների ծավալները նվազել են հիմնականում արտադրատեխնիկական ապրանքների գծով:

«Եթե երկրում գների բարձրացում կամ անկայունություն է լինում, ապա ներմուծողները ձեռնպահ են մնում ներմուծումներ կատարելուց՝ մինչև գների կայունացում, որովհետև իրենք էլ շուկայում կողմնորոշվելու խնդիր ունեն»,- ասում է Կարեն Ճշմարիտյանը:

«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը կարծում է, որ առաջիկա մեկ ամսում իրավիճակն ավելի կվատթարանա, երբ կարժեզրկվի հայկական դրամը:

«Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների 85 տոկոսը գալիս է Ռուսաստանից, դա Հայաստանի համար արտարժույթ է: Առաջիկայում արտարժույթի ներհոսքի կտրուկ անկում է լինելու, դա հանգեցնելու է դրամի արժեզրկմանը՝ տնտեսության համար իր տխուր հետևանքներով հանդերձ»,- «Մեդիալաբին» ասում է Հայկ Գևորգյանը:

Երկրորդ խնդիրը, նրա խոսքով, այն է, որ ՌԴ տնտեսությունում ստեղծված իրավիճակի պատճառով ռուսական շուկայում կնվազեն հայկական ապրանքների իրացման ծավալները, որովհետև այնտեղ գնողունակության անկում կա:

«Մեր տնտեսության հզորությունը չի բավարարում՝ իրականացնելու ռուսական շուկայի գրավում, ինչպես մեր կառավարության անդամների կողմից ասվում էր մի քանի ամիս առաջ: Բացի այդ, ներդրումների ծավալներն են արդեն կրճատվում:  Արդեն գիտենք, որ մի քանի խոշոր ներդրումներ չեղյալ են հայտարարվել, առաջին հերթին «Նաիրիտ» գործարանի մասով ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության խոստացած ներդրումները»,- ասում է նա:

Հայկ Գևորգյանի կարծիքով, Հայաստանի տնտեսությանը լավ ապագա չի սպասվում անկնախ նրանից, մենք կանդամակցենք Եվրասիական տնտեսական միությանը, թե ոչ:

Նրա խոսքով, Հայաստանի տնտեսությունն այսպես թե այնպես մեծ կախում ունի Ռուսաստանից՝ առաջին հերթին տարսնֆերտների մասով: ԵՏՄ-ին անդամակցելով, ըստ նրա, Հայաստանը նվազեցնում է այլ երկրների տնտեսություններին ինտեգրվելու իր հնարավորությունները, ինչը թույլ կտար չեզոքացնել ՌԴ-ում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով կրած վնասները:

Ազգային ժողովում ներկայացնելով 2015 թվականի բյուջեի նախագիծը՝ կառավարության անդամները հայտարարեցին, որ դրանում ներառված չեն այն հաշվարկները, թե բյուջեի ցուցանիշների վրա ինչպես կանդրադառնա ԵՏՄ անդամակցությունը: Իսկ պաշտոնական հիմնավորումն այն է, որ բյուջեի նախագծի մշակման ժամանակ դեռևս ԵՏՄ անդամակցության համաձայնագիրը չէր ստորագրվել, հետևաբար իրավական տեսակտեից չէին կարող այդ հաշվարկները ներառել բյուջեում: Կառավարությունը խոստանում է դեկտեմբերի սկզբին ներկայացնել հաշվարկները, թե ԵՏՄ անդամակցությունն ինչպես կազդի բյուջեի ծախսերի, եկամուտներրի և մակրոտնտեսական ցուցանիշների վրա:

«Դա իրենց որակի մասին է խոսում: Իրենք լուրջ չեն մոտենում խնդրին, անտարբեր են, պատասխանտու չեն: Եթե լուրջ ես վերաբերում ԵՏՄ անդամակցությանը, պետք է  քաղաքացիներին, բիզնեսի ներկայացուցիչներին հայտնի լինեին այդ հաշվարկները»,- «Մեդիալաբին» ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նա կարծում է, որ թվերով և փաստերով պետք է ներկայացնել, որ եթե, օրինակ,  Հայաստանի մասով մաքսատուրքերն ավելանալու են 150 մլն դոլարով, ինչ նպատակների է ուղղվելու այդ գումարը, ինչ ծրագրեր են իրակացվելու:

«Ի վերջո դա միկրո միջավայր է փոխում, մակրո միջավայր է փոխում, բայց չկան այդ հաշվարկները: Դա ուղղակի որակի խնդիր է, որակ, որի մեջ մտնում է անտարբերությունը, գործին անլուրջ մոտեցումը»,- ասում է նա:

Հայկ Գևորգյանը կարծում է, որ Հայաստանի կառավարության անդամներն էլ չգիտեն, թե ինչ է սպասվում երկրին ԵՏՄ անդամակցության պայմաններում:

«Իրենք ասում են միայն մեկ բան, որ մաքսատուրքերից առաջացող միջոցները կավելանան: Դա իրոք այդպես է, բայց թե հարակից ինչ ազդեցություն կունենա դա, չեն ասում, որովհետև իրենք էլ չգիտեն, թե ինչ է լինելու: Սխալ են հաշվարկել կամ կասկածում են իրենց հաշվարկների վրա, թե ապրանքները Հայաստանում ինչքանով կթանկանան, կթանկանան, թե չեն թանկանա, դա բյուջեի վրա ոնց կանդրադառնա և այլն»,- ասում է նա:

Վահագն Խաչատրյանի խոսքով, դեռևս նախորդ տարի այս ժամանակահատվածում էր արդեն հայտնի, որ Հայաստանի տնտեսությունում այս իրվիճակն է ստեղծվելու: Նրա գնահատականով՝ Հայաստանի տնտեսությունն այսօր գտնվում է անմխիթար վիճակում:

«Նույնը տեղի է ունենում Ռուսաստանի տնտեսությունում: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ռուսաստանում, կապված չէ միայն պատժամիջոցների հետ: Տնտեսության մեջ կառուցվածքային բարեփոխումներն այնտեղ վերջակետին չհասան, կիսատ մնացին: Նույնը եղավ նաև Հայաստանում, և դրա հետևանքն է այսօրվա վիճակը: Հայաստանում շատ արագ առկա ռեսուրները սպառեցին, և հետագա տնտեսական աճի համար պայմաններ չթողեցին: Խոսքը վերաբերում է մրցակցության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի աշխատանքին, ընդհանրապես քաղաքականա դաշտում մրցակցություն ապահովելուն: Այս ամենը բերեց նրան, որ մենք սպառեցիքն բոլոր ռեսուրսները, և այսօր Հայաստանի տնտեսությունն անմխիթար վիճակում է»,- նշում է տնտեսագետը:

2015 թվականի բյուջեի նախագիծը, որն այս օրերին քննարկվում էր Ազգային ժողովում, Վահագն Խաչատրյանի խոսքով, քննադատությանը չդիմացող փաստաթուղթ է և տնտեսական կամ ռազմավարական որևէ նպատակ չի հետապնդում:

«Կառավարության անդամները բացատրությունները կապում են Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, այսինքն՝ ներքին գործոնները բացակայում են: Ներքին քննադատական խոսք ստեղծված իրավիճակի համար չկա: Իմ գնահատականով՝ ստեղծված իրավիճակն ավելի շատ ներքին հանգամանքներով է պայմանավորված, քան արտաքին: Դեռ երկու ամիս առաջ ասում էին՝ Ռուսատսանի շուկան բաց է, Հայաստանը կարող է արագ զբաղեցնել այն: Բայց, ցավոք սրտի, դա տեղի չունեցով, որովհետև Հայաստանի տնտեսությունը պատրաստ չէ դրան: Ներքին խնդիրների պատճառով պատրաստ չենք արտահանումների ծավալները մեծացնելուն ուղղված քայլեր անել: Մենք հայտնվել են մի իրավիճակում, որ բյուջեում որևէ աճ չկա, այն աճը, որ ներկայացնում են, խիստ կասկածելի է, որովհետև ռեալ չեն գնահատում այն վնասները, որ հաջորդ տարի է լինելու: Արդյունքում՝ մենք կունենք շատ ավելի վատ վիճակ, քան այս տարի»,- կանխատեսում է մասնագետը:

Նրա խոսքով, քանի որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միություն է գնում այն ժամանակ, երբ ԵՏՄ տնտեսության վիճակը բարվոք չէ, եթե նախկինում ինչ-որ հույսեր կային, որ կարելի էր օգուտներ քաղել, հիմա կամ օգուտներ չեն լինի, կամ շատ սահմանափակ կլինեն այդ հնարավորությունները:

Ռուսաստաննը, նրա խոսքով, այսօր մի քաղաքականություն է իրականացնում, որը լիովին հակասում է Հայաստանի տնտեսական քաղաքականությանը: Ռուսաստանը կարիք չունի ներմուծման խթանման, կարիք ունի իր արտադրության խթանման: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը չի կարող մեծ քանակությամբ ապրանք արտահանել ՌԴ, այնտեղ դրա համար պայմաններ չկան:

Ինչ վերաբերում է կառավարության անդամների այն հաշվարկներին, թե ԵՏՄ շրջանակներում Հայաստանը մաքսատուրքերից լրացուցիչ միջոցներ կստանա, ապա Վահագն Խաչատրյանն ասում է, որ կառավարության անդամները դրան ռեալ չեն նայում:

«Այն մաքսատուրքերը, որոնք ակնկալում էինք ստանալ, դա տեղի կունանա միայն այն ժամանակ, եթե Ռուսաստնում ներկրման ծավալները մեծանան կամ գոնե լինեն  այնքան, որքան եղել են այս տարի: Բայց Ռուսաստանի տնտեսության դինամիկան նայելով՝ տեսնում ենք, որ ներկրման ծավալները պակասում են: Դա իրենց քաղաքականությունն է: Դրանից ելնելով մաքսատուրքերի դրույքաչափերը կնվազեն»,- ընդգծեց տնտեսագետը:

Այս պայմաններում Վահագն Խաչատրյանը Հայաստանի տնտեսությունը համեմատում է վերակենդանացման բաժանմունքում պառկած հիվանդի հետ, որը թթվածնի կարիք ունի: Բայց, նրա խոսքով, այդ թթվածինը մատակարարելու հնարավորությունները նվազում են:

«Մեր տնտեսությունը գտնվում է նման հիվանդագին վիճակում, բայց թթվածին չեն կարողանում տալ: Այդ թթվածնի աղբյուներ կարող են հանդիսանալ մրցակցությունը, կոռուպցիայի վերացումը, քաղաքական ազատությունները մեծացնելը, շատ գործոններ կան, բայց դա չի լինում: Այդ պայմաններում հիվանդը կհայտնվի կոմայի վիճակում և վերակենդանանալու հնարավորությունից կզրկվի»,- ասում է նա:

Մարի Ներսեսյան

© Medialab.am