Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը. Փաշինյան

«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը, և դա հստակ ձևակերպված է եռակողմ հայտարարության մեջ։ Լաչինի միջանցքը պետք է լինի ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։ Որևէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն պիտի չունենա», – քիչ առաջ մեկնարկած մամուլի ասուլիսում նշել է վարչապետ Փաշինյանը։

Փաշինյանն հավելել է, որ այս իրավիճակում ՀՀ կառավարության գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական. «Միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում»։

«Այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, Լեռնային Ղարաբաղի հայության սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի, և սա է խնդրի ամենակարևոր կոնտեքստը, և մենք պետք է սա հաշվի առնենք», – նշել է Փաշինյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՀՀ-ն Ռուսաստանին վերջնագիր է ներկայացրել, Փաշինյանն արձագանքեց.

«Ես չեմ կարծում, թե մենք մեր գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսենք, այն, ինչ մենք ունենք ասելու տվյալ իրադրության հետ կապված, արդեն հրապարակային ասվել է։ Նաև հրապարակային գնահատականներ են տրվել Լաչինի միջանցքը փակելու փաստին»։