Պեմզաշենում տեղի ունեցած դաժան սպանության դեպքի առիթվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալներից մեկի նկատմամբ առաջադրված մեղադրանքը վերաբերում է սեքսուալ բնույթի բռնի գործողություններին:
Մասնավորապես, Քննչական կոմիտեից հայտնում են, որ այս գործով երկու անձանց՝ Վ. և Ա. Բարսեղյաններին մեղադրանքն առաջադրվել է մի քանի դրվագով կատարված սպանության, ինչպես նաև ավազակության համար: Նրանցից մեկին՝ 32-ամյա տղամարդուն, որը Վ. Բարսեղյանն է, մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված` խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները»:
Ավելի վաղ ՔԿ-ն մանրամասներ էր ներկայացրել՝ տեղեկացնելով, որ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը տառապում է «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով» հոգեկան հիվանդությամբ, 2022 թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իր ազգական, նույն բնակավայրի 41-ամյա բնակչի հետ հանդիպման ընթացքում տեղեկանալով Պեմզաշեն բնակավայրի 31-ամյա բնակչուհու տանը ենթադրաբար գումար լինելու մասին, ձեռք է բերել պայմանավորվածություն՝ վերջինիս տուն ապօրինի մուտք գործելու և գումար հափշտակելու վերաբերյալ, որից հետո, իրենց մտադրությունն իրագործելու նպատակով, նույն օրը ապօրինի մուտք են գործել տուն՝ օգտվելով մուտքի դռան բաց լինելու հանգամանքից:
Տանտիրուհուց տեղեկանալով, որ տանը գումար չկա, իրենց կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Բարսեղյանները այսօր դատարանի որոշմամբ կալանավորվել են: