Օվերչուկ․ ԵԱՏՄ-ում ոչ ոք չի քննարկում Հայաստանի նկատմամբ որևէ քայլ

ԵԱՏՄ-ում ոչ ոք չի քննարկում Հայաստանի նկատմամբ որևէ սահմանափակող քայլ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորությունները, և Մոսկվան որևէ շեղում չի արձանագրել։

«Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է և բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները։ Մենք մշտապես մոնիթորինգ ենք իրականացնում և որևէ շեղում չենք հայտնաբերել»,- ասել է Օվերչուկը։

Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանին մտահոգում է Հայաստանի եվրոպական ինտեգրման ձգտումը՝ ընդգծելով, որ Եվրամիությունն այսօր, Մոսկվայի գնահատմամբ, տնտեսական միությունից վերածվել է նաև ռազմաքաղաքական միության։

Օվերչուկի խոսքով՝ եթե Հայաստանը շարժվում է դեպի Եվրամիություն, ապա պետք է հստակեցնի իր ընտրությունը, քանի որ ներկայիս անորոշությունը խնդիրներ է ստեղծում ներդրողների և բիզնեսի համար։

«Մեզ շատ է անհանգստացնում այդ եվրաինտեգրման շարժումը, որը, մեր կարծիքով, կարող է վնաս հասցնել Հայաստանին, ԵԱՏՄ-ին և մեր երկրների բիզնեսներին»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։

Նա նաև բացառել է մինչև 2026 թվականի դեկտեմբեր Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ում սառեցնելու հնարավորությունը՝ նշելով, որ խոսքը միայն իրավիճակի ուսումնասիրության և հնարավոր տարբերակների վերաբերյալ առաջարկությունների պատրաստման մասին է։