ՍԴ որևէ դատավոր չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար. այսօր վերջին օրն է. Factor.am

Սահմանադրական դատարանի որևէ դատավոր այս պահի դրությամբ չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար: Այս մասին Factor.am-ին փոխանցեցին Ազգային ժողովի աշխատակազմից: Նշենք, որ այսօր՝ փետրվարի 27-ին, լրանում է այն ժամկետը, երբ ՍԴ դատավորները կարող են հրաժարական ներկայացնել և անցնել վաղ կենսաթոշակի: Այս դեպքում պահպանվում էր նրանց աշխատավարձը և հավելավճարները:

Հիշեցնենք, որ սա կամավոր ընթացակարգ է, որին դատավորները կարող են դիմել կամ չդիմել: ՍԴ աշխատակազմից մեզ փոխանցեցին, որ իրենք նույնպես տեղեկություն չունեն՝ դատավորներն օգտվելո՞ւ են այս ընթացակարգից, թե՞ ոչ:

ՍԴ դատավորներից Ալվինա Գյուլումյանը Factor.am-ին ասաց, որ չի օգտվելու այս համակարգից: Մյուս դատավորների հետ կապ հաստատել չհաջողվեց: Հիշեցնենք, որ այդ նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ թավշյա հեղափոխությամբ պայմանավորված՝ առաջիկայում հնարավոր են նոր սահմանադրական բարեփոխումներ, բայց սահմանադրի կամքը Սահմանադրական դատարան ձևավորելու առումով չի իրագործվի, քանի որ Հայաստանի Սահմանադրության ընդունման պահին դատարանն արդեն ձևավորված էր։ Ըստ Սահմանադրության՝ Բարձր դատարանի դատավորները պաշտոնավարում են մինչև 70 տարին լրանալը:

Եվ որպեսզի Սահմանադրական դատարանի կազմի փոփոխություն արվի, Արդարադատության նախարարությունը դատավորներին հնարավորություն է տալիս, անկախ տարիքից, հրաժարական ներկայացնելու դեպքում օգտվել սոցիալական երաշխիքներից։ Նշենք նաև, որ առաջիկայում տեղի են ունենալու սահմանադրական փոփոխություններ, որով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և վեց դատավորների լիազորությունը կդադարեցվի: