Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է Հայաստանում խոսքի ազատության վիճակի եվ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2019թ. տարեկան զեկույցը, որը ներկայացնում ենք ստորեւ։
2019 թվականն աննախադեպ էր լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ դատական գործերի քանակով։ Տարվա ընթացքում վարույթ է ընդունվել 96 նոր դատական հայց` նախորդ տարվա 22-ի դիմաց։
Դրանց գերակշիռ մասը՝ 89-ը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով են, 4-ը՝ տեղեկատվության ստացման իրավունքի խախտման, 1-ը՝ տնտեսական վեճ է, մի դեպքում ԶԼՄ-ն հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքագետի, մի դեպքում էլ՝ ընդդեմ կառավարության և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի։
Դատական հայցերի այս մեծ հոսքը մեծապես պայմանավորված է այն իրողությամբ, որ հետհեղափոխական Հայաստանում սրվել է լրատվամիջոցների բևեռացումը, դրանց բաժանումն ըստ քաղաքական-ֆինանսական ճամբարների, և հրապարակումները հաճախ ողողված ել լինում ատելության խոսքով, վիրավորանքով և զրպարտությամբ, կեղծ լուրերով ու մանիպուլյացիայով։
Ի տարբերություն հեղափոխական 2018 թվականի, երբ գրանցվել էին մեծ թվով ֆիզիկական բռնություններ լրագրողների նկատմամբ, 2019-ին դրանց թիվը կտրուկ նվազել է. գրանցվել է 4 դեպք` նախորդ տարվա 21–ի դիմաց։ Սակայն կրկնակի աճել է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների քանակը. այն հասել է 134-ի՝ նախորդ տարվա 67-ի դիմաց։ Աճել է նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների թիվը․ 2019 թվականին այն կազմել է 108՝ նախորդ տարվա 98-ի դիմաց։
Ստորև ներկայացնում ենք տվյալներն ըստ 2019-ի եռամսյակների և 2018-2019 թվականների համեմատական տվյալները՝ աղյուսակներով։
2019 թ. խախտումների քանակական տվյալները՝ ըստ եռամսյակների
Խախտումների տեսակները | 2019 թ. 1-ին եռամսյակ | 2019 թ. 2-րդ եռամսյակ | 2019 թ. 3-րդ եռամսյակ | 2019 թ. 4-րդ եռամսյակ | Ընդամենը |
Ֆիզիկական բռնություններ` լրագրողների նկատմամբ | 2 | 0 | 1 | 1 | 4 |
Ճնշումներ` ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ | 41 | 42 | 35 | 16 | 134 |
Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ | 51 | 15 | 11 | 31 | 108 |
2018-2019 թթ. խախտումների քանակական տվյալները
Խախտումների տեսակները | 2018 թ. | 2019 թ. |
Ֆիզիկական բռնություններ լրագրողների նկատմամբ | 21 | 4 |
Ճնշումներ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ | 67 | 134 |
Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ | 98 | 108 |
2019 թվականի նշանակալի գործընթացներից էր լրատվամիջոցների, մասնավորապես՝ հեռուստաընկերությունների սեփականության վերաբաշխումը։ Այդ գործընթացը տեղի ունեցավ նախկին իշխանությունների ներկայացուցիչների միջև, առանց նոր կառավարության միջամտության։ Այսպես՝ տրոհվեց «ՊանԱրմենիան» մեդիա հոլդինգը, և դրա մաս կազմած լրատվամիջոցները վաճառվեցին տարբեր ընկերությունների, որոնց հիմնադիրները, սակայն, ասոցացվում են հեռացած իշխանությունների կամ դրանց ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, կրկնակի վաճառվեց նաև նախկին Հ3 հեռուստաընկերությունը, որը սեփականատիրոջ առաջին փոփոխումից հետո եթեր դուրս եկավ «MoTV» անվամբ, իսկ հետո, երբ բաժնետոմսերի ամբողջ փաթեթն անցավ «Արմենիա» հեռուստաընկերության նախկին սեփականատերերին՝ Սարգսյան եղբայրներին, վերանվանվեց «Նոր Հայաստան»-ի:
Այս առումով շարունակում է հրատապ մնալ ԶԼՄ-ների սեփականության և ֆինանսական աղբյուրների թափանցիկության խնդիրը, որի լուծումը փոփոխություններ և լրացումներ է պահանջում «Զանգվածային լրատվության մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքներում։
Դիտարկվող ժամանակահատվածում լրագրողական հանրության մտահոգությունն առաջացրեցին Կառավարության կողմից շրջանառության մեջ դրված մի շարք օրինագծեր։ Այդպիսին է, օրինակ, Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը, որով փորձ է արվում անընդունելի հիմնավորմամբ սահմանափակելու բնապահպանական բնույթի տեղեկատվությունը։ Խիստ մտահոգիչ է նաև Արդարադատության նախարարության ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Այստեղ էլ, ի թիվս այլի, նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք: Մինչդեռ գործող օրենքի համաձայն՝ պետական բյուջեից ֆինանսավորվող Հանրային հեռուստառադիոընկերությանը արգելվում է գովազդով զբաղվել։
Տեղեկատվության ազատությանն ու ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրական գործընթացներից ուշագրավ էր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մշակած և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունումը՝ 2019թ․սեպտեմբերի 10-ին։ Ըստ այդմ՝ հանվեցին նախորդ իշխանությունների սահմանած՝ քաղաքապետարանում ԶԼՄ-ների գործունեության անհիմն սահմանափակումները և օրենսդրորեն ամրագրվեց, որ լրագրողները կարող են ըստ պատշաճի ելումուտ անել քաղաքապետարան, ներկա գտնվել ավագանու նիստերին և ազատորեն լուսաբանել դրանք։
2019-ի տարեվերջի նշանակալի իրադարձություններից էր այն, որ «Ա1+» հեռուստաընկերությունը դիմեց ՀՀ վարչական դատարան և պահանջեց առոչինչ ճանաչել 2003 թվականին ընդունված ու դեռևս ուժի մեջ գտնվող ակտերը, որոնցով խախտվել է հեռուստաընկերության հեռարձակման իրավունքը՝ 2002 թվականի եթերազրկումից հետո։
2019-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն շարունակել է դիտարկել 2015թ․ հունիսի 23-ին տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևանի» և 2016թ․ հուլիսի 17-ից 30-ը՝ «Սարի թաղի» իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործերը, որոնց շրջանակներում տուժող են ճանաչվել 40-ից ավելի լրագրողներ ու օպերատորներ։ Եթե «Սարի թաղի» գործի կասեցման վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության կայացրած որոշումը հաջողվեց (նաև ԽԱՊԿ-ի ջանքերով) դատարանի միջոցով վերացնել և վերսկսել նախաքննությունը, ապա «Էլեկտրիկ Երևանի» առնչությամբ ՀՔԾ-ի նույնատիպ որոշումը դատական կարգով բողոքարկման ընթացքում է։