«Մտածեցի՝ վե՛րջ, կյանքս վերջացավ». Հայաստանում հոգեբուժական հարկադիր բուժումը` հարցերը լուծելու «հեշտ» ճանապարհ

«Մտածեցի՝ վե՛րջ, կյանքս վերջացավ». Հայաստանում հոգեբուժական հարկադիր բուժումը` հարցերը լուծելու «հեշտ» ճանապարհ

Հյուծված, ինքնամփոփ, անտարբեր ու անտրամադիր 79-ամյա Ամալյա Նազարեթյանն, ըստ հարևանների, լրիվ փոխվեց երկու տարի առաջ տեղի ունեցածից հետո. 2013 թ. մայիսի 16-ին ոստիկանության միջամտությամբ Երևանի Կոմիտասի պողոտայի իր բնակարանից միայնակ կնոջը հարկադիր բուժման տեղափոխեցին հոգեբուժարան` պատճառաբանելով նրա «ոչ ադեկվատ» պահվածքն ու «զառանցանքը կոնկրետ մարդկանց նկատմամբ», իսկ մեկ ամիս անց բարձրացած հասարակական աղմուկի շնորհիվ ազատ արձակեցին:

Հյուծված, ինքնամփոփ, անտարբեր ու անտրամադիր 79-ամյա Ամալյա Նազարեթյանն, ըստ հարևանների, լրիվ փոխվեց երկու տարի առաջ տեղի ունեցածից հետո. 2013 թ. մայիսի 16-ին ոստիկանության միջամտությամբ Երևանի Կոմիտասի պողոտայի իր բնակարանից միայնակ կնոջը հարկադիր բուժման տեղափոխեցին հոգեբուժարան` պատճառաբանելով նրա «ոչ ադեկվատ» պահվածքն ու «զառանցանքը կոնկրետ մարդկանց նկատմամբ», իսկ մեկ ամիս անց բարձրացած հասարակական աղմուկի շնորհիվ ազատ արձակեցին:

Թոշակառու կնոջը, որն իր կյանքի ընթացքում հոգեկան առողջության խնդիրներ չէր ունեցել, հոգեբուժարան տեղափոխեցին նույն  շենքի առաջին հարկում տեղակայված շինանյութի ազդեցիկ խանութի հետ ծագած խնդրի պատճառով, ինչը սեփականատերերը համառորեն հերքում էին:

Մեկ ամիս անց, բարեբախտաբար, Ամալյա Նազարեթյանը տուն վերադարձավ, բայց ինչպես հարևաններն են պնդում` անճանաչելիորեն փոխված:

«Սարսափելի նիհարել էր… Մի ժամանակ ակտիվ կինը, որը պատրաստ էր պաշտպանել ոչ միայն իր, այլ նաև բակի երեխաների ու հարևանների իրավունքները, և երբեք չէր լռում, հոգեբուժարանում մեկ ամիս «բուժվելուց» հետո տուն վերադարձավ լրիվ ուրիշ մարդ դարձած,- «Մեդիալաբին» պատմում է հարևանուհիներից մեկը:- Երբ ոստիկաններն ու շտապօգնությունը եկան նրա հետևից, մենք չափազանց հուզվել էինք, ինքներս ենք ահազանգել այդ դեպքի մասին, սակայն վերադարձավ լուռ ու մենակյաց մի կին, որը ստվերի պես ապրում է իր տանը և չի արձագանքում նույնիսկ դռան զանգերին»:

Եթե խորհրդային տարիներին հոգեբուժարաններում հարկադիր բուժումն օգտագործվում էր քաղաքական նպատակներով` որպես այլախոհության դեմ կիրառվող ամենալուրջ պատիժներից մեկը, ապա այսօր, ըստ իրավապաշտպանների, թեև շարժառիթները փոխվել են, սակայն առկա օրենքները մանևրելու հնարավորություն են տալիս. խնդիրը շարունակում է մտահոգիչ լինել և սպառնալ մարդու ազատությանն ու իրավունքներին:

Որպես կանոն՝ այդ շղթայում ներգրավվում են շահագրգիռ կողմերը՝ հարազատներն ու հիվանդանոցները: Վերջիններն ամեն հիվանդի խնամքի համար պետբյուջեից օրական շուրջ 6 հազար դրամ ֆինանսավորում են ստանում, ինչը հսկայական գումար է պաշտոնապես 32 տոկոս աղքատություն ունեցող երկրի համար, որտեղ ծերության ամսական թոշակն, օրինակ, 16 հազար դրամ է:

«Մարդը կարող է իրեն լիովին նորմալ համարել, չունենալ հոգեկան շեղումներ, սակայն մեկ զանգով, հարազատների, հարևանների, շահագրգիռ այլ անձանց բողոքի հիման վրա բերման ենթարկվել հենց փողոցից` ոստիկանների և շտապօգնության համատեղ ջանքերի շնորհիվ, և անորոշ ժամանակով, երկար տարիներ փակված մնալ հոգեբուժարանի պատերի ներսում,- «Մեդիալաբին» ասում է իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որի կազմակերպությունն այս ոլորտում դիտարկումներ է կատարել և զեկույցներ կազմել:

Հայաստանում հոգեբուժարանում հայտնվելն այնքան էլ բարդ չէ: Ոստիկանությունն իրավասու է դիմումի, ահազանգի հիման վրա հոգեկան խանգարումով տառապող կամ «հոգեկան հիվանդությամբ տառապելու մեջ կասկածվող» անձին հոգեբուժարան տեղափոխել: 

Հարկադրաբար հիվանդանոց տեղափոխված անձինք 72 ժամվա ընթացքում հետազոտվում են հոգեբուժական հանձնաժողովի կողմից, սակայն հանձնաժողովը, որպես կանոն, բաղկացած է լինում նույն հոգեբուժարանի բժիշկներից: Դա, ըստ իրավապաշտպանների, անաչառության առումով ընդունելի չէ: Հանձնաժողովի եզրակացությամբ դատարանը կարող է հարկադիր բուժման որոշում կայացնել՝ հաճախ նույնիսկ առանց մարդու ներկայության, եւ մարդուն տարիներով փակել հոգեբուժարանում:

ՀՀ դատական դեպարտամենտի կողմից «Մեդիալաբին» տրամադրված տվյալների համաձայն` ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների կողմից 2008-2014 թվականների ընթացքում 1367 անձ ճանաչվել է անգործունակ, իսկ 247 անձի վերաբերյալ կայացվել են հոգեբուժական հաստատություններում հարկադիր բուժման ենթարկելու մասին որոշումներ:

Միևնույն ժամանակ, թե՛ Դատական դեպարտամենտը և թե՛ ՀՀ առողջապահության նախարարությունը հարցումներին ի պատասխան որևէ տվյալ չեն ներկայացրել, թե քանի հիվանդ է հարկադիր բուժում ստանալուց հետո դուրս գրվել՝ պատասխանելով, որ նման վիճակագրություն չի իրականացվում:

ՀՀ օմբուդսմենի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը նշում է, որ նմանատիպ բազմաթիվ դեպքերի մասին ահազանգեր են ստանում, սակայն հետդարձի ճանապարհ այդ մարդկանց համար գրեթե գոյություն չունի:

«Արձանագրել ենք դեպքեր, երբ խնդիրներ չունեցող մարդկանց ինչ-ինչ պատճառներով պահել են հոգեբուժարաններում, կապկպել են, բռնության ենթարկել, դեղեր ներարկել, վերմակը դեմքին գցած ծեծել, որ կապտուկներ չլինեն,- նշում է Խաչատրյանը:- Խորհրդային տարիներից ժառանգություն մնացած օրենսդրությունն այնքան անկատար է, որ մեր օգնությունը շատ դեպքերում նվազագույնն է լինում, եթե մարդն արդեն իսկ հայտնվում է հոգեբուժարանում»:

Այս առումով, կարելի է ասել, Ժուլիետա Ամարիկյանի բախտը բերել է: Հարկադրաբար հոգեբուժարանում հայտնվելուց 28 օր անց նրա իրավունքները վերականգնվել են՝ շնորհիվ այն բանի, որ մշտադիտարկման նպատակով Ավանի հոգեբուժական կլինիկա այցելած ՀՔԱՎ իրավապաշտպանը նկատել է անկյունում մեկուսացած կնոջը:

Ժուլիետա Ամարիկյանը 54 տարեկան է: Տարիներ առաջ ավտովթարի հետևանքով առաջին խմբի հաշմանդամ է դարձել: Ամուսնացած չէ, հորից ժառանգություն մնացած չորս սենյականոց բնակարանում ապրում է իրենից 18 տարով փոքր եղբոր՝ Մուրազի ընտանիքի հետ: Բնակարանն էլ, ըստ Ժուլիետայի, կռվախնձոր է դարձել հարազատ քրոջ ու եղբոր միջև, ընդ որում` բուռն վիճաբանությունները վերաճել են ձեռնամարտի, հայհոյանքների և սպառնալիքների:

«Մեկ օր առաջ եղբայրս սպառնաց, թե գործերդ պատրաստ են, քեզ հոգեբուժարան կտանեն, ու հարցերը կլուծվեն: Բայց չպատկերացրի, որ լուրջ է խոսում,- «Մեդիալաբին» ասում է Ամարիկյանը:- Ես հոգեկան առողջության խնդիրներ չեմ ունեցել, խնդիրը միայն եղբորս ընտանիքի հետ է եղել»:

Ժուլիետան հիշում է՝ մայիսի 30-ի առավոտյան ժամը 8-ն էլ չկար, սովորականի պես արթնացավ, խալաթը հագավ, սուրճ եփեց իր համար, երբ սկսեցին դուռն ուժեղ թակել:

«Իմ սենյակ ներխուժած ոստիկաններն ու սպիտակ խալաթավոր բուժ աշխատողները՝ վեց հոգի, ինձ բռնությամբ տնից շտապօգնության մեքենայով Ավանի հոգեբուժարան տեղափոխեցին, դուռը փակեցին հետևիցս,- հիշում է նա:- Մտածեցի՝ վե՛րջ, կյանքս վերջացավ: Հեռախոսս մոտս էր, սկսեցի զանգել բոլոր հնարավոր համարներով, նույնիսկ արտակարգ իրավիճակների նախարարություն, բայց բան չստացվեց»:

Իրավապաշտպան Մարիետա Թեմուրյանն ասում է, որ Ժուլիետա Ամարիկյանն իրենց տեղեկացրել է, որ առանց անհրաժեշտության օրեր շարունակ տառապել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի մթնոլորտից՝ բժիշկները փորձել են հարկադրաբար դեղ խմեցնել, ներարկումներ են արել, բռնություն կիրառել:

«Ժուլիետային հանդիպեցինք պատահաբար, երբ հոգեբուժարանում դիտարկում էինք անցկացնում: Նա միջանցքի նստարանին նստած էր, սրտնեղած: Մեր աջակցությամբ Ժուլիետա Ամարիկյանը կարողացավ դատարան դիմել: Դատավորի վճռով մերժվեց նրան հարկադիր բուժման ենթարկելու հիվանդանոցի պահանջը, և նա կարողացավ հիվանդանոցից դուրս գալ: Թեև մինչև հիմա էլ պայքարում է իր իրավունքների համար, իսկ եղբայրը փորձում է նրան հոգեբուժարան տեղափոխել և անգործունակ ճանաչել»,- ասում է Թեմուրյանը:

Ավանի հոգեբուժական կլինիկայի ղեկավար Արեգա Հակոբյանը, սակայն, վստահեցնում է՝ իրականությունն այլ է:

«Հնարավոր չէ, որ առողջ մարդը հայտնվի հոգեբուժարանում,- «Մեդիալաբին» ասում է Հակոբյանը:- Անձը հիվանդ է, թե հիվանդ չէ` որոշում են բժիշկները, այլ ոչ թե իրավապաշտպանները կամ լրագրողները: Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ նա [Ժուլիետա Ամարիկյանը] հայտնվելու է հոգեբուժական հիվանդանոցում: Վաղը, եթե ինչ-որ բան պատահի նրա հետ, ո՞վ է պատասխան տալու՝ իրավապաշտպաննե՞րը, թե՞ լրագրողները»:

Անգործունակ ճանաչելն, ըստ իրավապաշտպանների, ամենահեշտ ճանապարհն է, որը խնամակալներին հնարավորություն է տալիս մեկընդմիշտ լուծել «խանգարող» մարդկանց հարցը:

Ըստ Հայաստանի քաղաքացիական դատավարության օրենսգրքի` քաղաքացուն անգործունակ ճանաչելու հայցով դատարան դիմելու իրավունք ունեն ընտանիքի անդամները, խնամակալները, հոգեբուժական հաստատության տնօրինությունը:

Անձի անգործունակության մասին որոշումը կարող է ընդունվել առանց քաղաքացու ներկայության: Որոշումից հետո նա այլևս ի վիճակի չէ իրեն վերաբերող որոշումներ ընդունել, ինչ-որ բան փոխել:

ՀՀ օմբուդսմենի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը նշում է, որ այստեղ շահերի բախում կա, քանի շատ դեպքերում հենց խնամակալներն են շահագրգռված հարազատներին հոգեբուժարանում տեղավորելու հարցում: Նա նշում է, որ օրենսդրությունը վերանայման կարիք ունի:

«Իրավիճակը մտահոգիչ է,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:- Ցավոք հոգեբուժարանները, որոնք փակ հաստատություններ են, կարող են միջանձնային հարաբերությունների` վրեժի, կտակի, ժառանգության, բնակարանների հարցեր լուծելու միջոց հանդիսանալ: Իսկ այն անձը, ով կամավոր հրաժարվում է բուժումից, կարող է դատարանի որոշմամբ անգործունակ ճանաչվել և անցնել այն հարազատի խնամակալության ներքո, որը և շահագրգռված է նրա մեկուսացմամբ»:

Չնայած երկար տարիներ են անցել, սակայն 46-ամյա Նարինե Ավետիսյանն ասում է, որ մինչև կյանքի վերջը չի մոռանա Հայաստանի տարբեր հոգեբուժարաններում անցկացրած 5 և կես տարիների մասին, որոնք լիովին փոխեցին կյանքը, փչացրին առողջությունն ու երիտասարդ տարիները:

14 տարեկանում աղջիկը քեռորդու բռնաբարության զոհը դարձավ, սակայն, հարազատների աջակցությունն ստանալու փոխարեն, մեկ տարի անց հոգեբուժարան տեղափոխվեց, քանի որ տեղի ունեցածից հետո մեկուսացել էր և ուզում էր վրեժխնդիր լինել:

«Մայրս ասում էր՝ սո՛ւս, լռի՛, մյուսները չէին հավատում պատմածներիս… 15 տարեկանում ինձ հոգեբուժարան տարան՝ հարկադիր բուժման, և իմ ողջ երիտասարդ տարիները ես վատնեցի հոգեբուժարաններից փախուստի բազմաթիվ փորձերի, ծեծ ու ջարդերի, նվաստացումների վրա, մինչև, վերջիվերջո, հաջողացրի փախչել և նոր կյանք սկսել»,- պատմում է վերջին 15  տարին Դանիայում բնակվող Ավետիսյանը:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական իրավապաշտպան կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանը նշում է, որ բացառիկ դեպքերում միայն կարելի է Հայաստանի հոգեբուժարաններում որոշ ժամանակ մնալուց հետո միջավայրի ազդեցության հետևանքները չզգալ:

«Մթնոլորտն ահավոր ճնշող է, մեթոդներն` առավել քան, և այդ միջավայրում հոգեկան առողջության սահմանները զանազանելը երբեմն շատ բարդ է լինում»,-ասում է Հարությունյանը:

Իրավապաշտպանը ՄԻԵԴ-ում ներկայացնում է հայտնի հեղինակ-կատարող Սոնա Ավագյանին առանց անհրաժեշտության հոգեբուժարանում հարկադիր բուժման ենթարկելու դեպքը, որն, ըստ նրա, կարող է նախադեպ դառնալ այս ոլորտում փոփոխությունների հասնելու հարցում:

Երկու բուհ ավարտած Սոնա Ավագյանը, որը նախկինում հոգեկան առողջության խնդիրներ չի ունեցել, հոգեբուժարանում հարկադիր բուժման է ենթարկվել երկու անգամ, ընդհանուր առմամբ ճնշող ու ծանր մթնոլորտում 37 օր անցկացնելով:

Տաթևիկ Խաչատրյանը նշում է, որ հնարավոր չէ ամբողջական խոսել չարաշահումների մասին, քանի որ այդ ոլորտում իրենց գործունեությունը սահմանափակվում է ահազանգերին արձագանքելով, մինչդեռ բազմաթիվ մարդիկ նման իրավիճակներում նույնիսկ չգիտեն` ում դիմել կամ ինչ անել:

«Իսկ հոգեբուժարանում հայտնվելուց հետո նրանց կարող են ներարկել հոգեմետ, թմրեցնող դեղեր, նրանց հոգեկանը կարող է խանգարվել այդ միջավայրում, և մեկ ամիս անց իսկապես դժվար է դատել՝ այդ մարդը հոգեկան խնդիրներ ունե՞ր, թե՞ ոչ»,- նշում է նա:

ՀՀ քրեական օրենսգրքի 134-րդ հոդվածի համաձայն` հոգեբուժական հիվանդանոցում ապօրինի տեղավորելը կամ պահելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Սակայն, ինչպես ցույց են տալիս ՀՀ ոստիկանության՝ «Մեդիալաբին» տրամադրված տվյալները, վերջին 15 տարվա ընթացքում այս հոդվածով ոչ ոք չի ազատազրկվել, միակ գործը հարուցվել է 2011 թվականին, որը, սակայն, կարճվել է:

Իրավապաշտպանները պնդում են, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է վերանայել ողջ օրենսդրությունը՝ հաշվի առնելով միջազգային փորձը:

«Եթե խնդրի մասին խոսում են, ինչպե՞ս կարող է խնդիրը գոյություն չունենալ,- ասում է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը:- Ինչքան մշակենք օրենքը, հասանելի ու պարզ դարձնենք, հիվանդները կշահեն դրանից: Ինչքան վարագույրները բացվեն, այնքան վստահությունը մեծ կլինի»:

Սակայն խոսքից այնկողմ գործնական քայլեր դեռևս չեն արվում՝ նշում է իրավապաշտպան Սաքունցը. «Մենք ինքներս կառավարությանը առաջարկներ ենք ներկայացրել ՝ անկախ մարմնի ստեղծում հոգեբուժարաններում, օրենքի փոփոխություն,- հավելում է իրավապաշտպանը,- սակայն մինչ օրս որևէ գործնական քայլ այդ ուղղությամբ չի կատարվել»։

Ժուլիետա Ամարիկյանը մտավախություն ունի, որ մղձավանջը չի ավարտվել՝ անհանգստանում է դռան ամեն թակոցից. «Չգիտեմ` վաղն ինձ հետ ի՞նչ կլինի, որտե՞ղ կհայտնվեմ: Չէի էլ պատկերացնի, որ տան շուրջ վեճն այսքան հեռու կտանի…»

Մարիաննա Գրիգորյան

Լուսանկարները՝ Էմմա Գրիգորյանի

© Medialab.am