Կան զինծառայողների դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել մեր տնօրինման տարածք. Քոչարյան

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կան հայ զինծառայողների դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել հայկական կողմի տնօրինման տարածք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցում:

Քոչարյանը նշեց, որ զոհերի՝ այս պահի դրությամբ հրապարակված թիվը կարող է փոխվել, քանի որ կան անհետ կորածներ ևս, նրանց հայտնաբերելուց կամ ճշտելուց հետո պարզ կլինի զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների թիվը, ճշտելուց հետո էլ կհրապարակեն այդ թվերը:

 «Կան դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել մեր տնօրինման տարածք»,-ասաց Քոչարյանը:

Այսպիսով, ըստ պատգամավորի՝ կան դիրքեր, որտեղ կան մարմիններ, որոնք պետք է տեղափոխվեն հայկական կողմի տնօրինման տարածք:  Նրա խոսքով՝ դա այս պահի դրությամբ բարդ խնդիր է, հրադադարի պայմանաներում նման գործողությունները որոշակի ընթացակարգ են պարունակում, ամեն ինչ կլինի ըստ անվտանգային գործողությունների տրամաբանության:

Անդրադառնալով ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հայտարարությանը, որ Ադրբեջանը, վստահելի տեղեկությունների համաձայն, ծրագրում է ևս մեկ հարձակում՝ Քոչարյանն ասաց. «Մենք պետք է զգոնությունը չկորցնենք: Մեր ԶՈՒ-ն համապատասխան տեղեկատվությունները ստուգելու բոլոր հնարավորություններն ունի: Անհրաժեշտության դեպքում մենք պետք է գտնենք այն ռեսուրսները և այն կառավարման հնարավորությունները, որոնք հնարավորություն կտան կանխել նման զարգացումները»: