ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի երրորդ տարելիցի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի երրորդ տարելիցի կապակցությամբ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի երրորդ տարելիցի կապակցությամբ

ԱԳՆ հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։ 

«Երեք տարի առաջ այս օրը՝ 2016թ. ապրիլի 2-ին, Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծեցին Արցախի դեմ: Ադրբեջանը կոպտորեն խախտեց հրադադարը, ինչպես նաև ուժի չկիրառման պարտավորությունը, որն այն ստանձնել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում:

Ուժի կիրառումն ուղեկցվեց թե՛ զինվորականների, թե՛ քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված սարսափելի վայրագություններով: Դրանք նույնությամբ կրկնում էին 1990-ականների սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրագործված կոտորածները և էթնիկ զտումները:

Այս անգամ խաղաղ բնակչության նկատմամբ սանձազերծված առավել լայնածավալ բռնությունների անմիջական սպառնալիքը կանխվեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից: Հայ զինվորականներն ու կամավորականներն իրենց կյանքը նվիրաբերեցին Արցախի ժողովրդի` իր հայրենիքում ազատ ապրելու և արարելու պայքարի զոհասեղանին:

Ապրիլյան պատերազմը կրկին ապացուցեց, որ ուժի կիրառումը չի կարող ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Արցախի կարգավիճակը և անվտանգությունը ցանկացած արդյունավետ բանակցությունների  բովանդակության անփոխարինելի տարրերն են` ուղղված Արցախի ժողովրդի խաղաղ կենսագործունեության ապահովմանը:

Ուժի չկիրառումը կամ կիրառման սպառնալիքի բացառումը, հրադադարի խստիվ պահպանումը, ռիսկերի նվազեցման և վստահության ամրապնդման միջոցառումների ներդնումն էական նշանություն ունեն խաղաղության համար նպաստավոր միջավայրի ձևավորման գործում:

Ապրիլյան ագրեսիայի պատճառով հիմնահարցի կարգավորման գործընթացում ստեղծված փակուղին ցույց տվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային հանգուցալուծումն այլընտրանք չունի»: