Ինչու Հայաստանը ԵՏՄ-ում «կույր աղիք» դարձավ. Երեք նախագահների աշխատանքի հետեւանքը

Ինչու Հայաստանը ԵՏՄ-ում «կույր աղիք» դարձավ. Երեք նախագահների աշխատանքի  հետեւանքը
Ինչու Հայաստանը ԵՏՄ-ում «կույր աղիք» դարձավ. Երեք նախագահների աշխատանքի հետեւանքը

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարությունները, թե Հայաստանը ԵՏՄ մտավ անվտանգության նկատառումներից ելնելով`այլընտրանքի բացակայության պայմաններում, նշանակում են, որ պետության անվտանգության երաշխավորը, այսինքն` նախագահը լավ չի կատարել իր պարտականությունները: «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը, նման կարծիք է հայտնում «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

«Հայաստանի Սահմանադրության համաձայն երկրի նախագահը հանդիսանում է  ՀՀ անկախության երաշխավորը, հետեւաբար, երկրի անվտանգության ապահովումը նրա պարտականությունն է, որի համար նա աշխատավարձ են ստանում: Եթե իշխանությունը հայտարարում է, որ այլընտրանք չկա, նշանակում է, որ երկրի նախագահի պարտականությունները լավ չեն կատարվել»,-ասում է Արա Պապյանը:

Վերլուծաբանի խոսքով, եթե   առանձին վերցնենք 2014 թվականը կամ 2013-ի  սեպտեմբերը, գրեթե այլընտրանք չկա, բայց այդուհանդերձ,անգամ այս պայմաններում  էլի ինչ-որ բան կարելի էր անել:

«Գյուղացին, օրինակ աշնան կեսին չի գալիս ասում, որ բերք չունի, նա գիտի, դրա համար նախորդ ամիսներին պետք է աշխատի, հետեւաբար, ստեղծված իրավիճակը մեկուսի երեւույթ չէ: Առանձին վերցրած այլընտրանք չկար, բայց դրա համար կան կոնկրետ պատասխանատուներ:  Երեք նախագահներն էլ պատասխանատու են դրա համար` ոմանք ավելի շատ, ոմանք ավելի քիչ»,-ասում է Արա Պապյանը:

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» տնօրեն Ստյոպա Սաֆարյանը Հայաստանի երեք նախագահների անվտանգության քաղաքականությունը համարում է  ոչ թե տապալված այլ ընդհանրապես բացակայած, որովհետեւ նրանցից եւ ոչ ոք չի մտածել երկրի  ինքնաբավության մասին եւ չի մտահոգվել, թե ինչ լծակներ է տալիս օտարին:

«Երեք նախագահներն էլ նույն գիծն են շարունակել եւ Հայաստանին տարիների ընթացքում զրկել են ինքնիշխանության համար անհրաժեշտ տեղական ռեսուրսներից կամ առնվազն չեն մտածել դրանց այլընտրանքը ստեղծելու մասին, որ եթե երբեւիցե որեւէ տրանսազգային ընկերություն օգտագործեր Հայաստանի նկատմամբ այդ լծակը, մենք այլընտրանք ունենայինք»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով, այսօր Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը փորձում են հանրությանն անուղղակիորեն հասկացնել, թե Հայաստանն այլ տարբերակ չուներ, սակայն ոչ ոք չի խոսում, որ հենց իրենք են հասցրել այս վիճակին:

Նշենք, որ Հայաստանի ռազմավարական բոլոր կարեւորագույն օբյեկտներն այսօր գտնվում   են Ռուսաստանի վերահսկողության տակ: Հայաստանի իշխանությունները տարբեր տարիների դրանք զիջել են մեր  «ռազմավարական գործընկերոջը» :

Հայաստանը   «գույք պարտքի դիմաց» ծրագրով զրկվեց  Հրազդանի ՋԷԿ-ից, մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ձեռնարկությունից, Նյութաբանության ինստիտուտից ու  «Մարս» գործարանից: Ռուսաստանը տոտալ վերահսկողություն ունի  Հայաստանի էներգետիկ շուկայի, երկաթուղու, ինչպես նաեւ ատոմակայանի վրա: Գյումրիում է տեղակայված ռուսական ռազմաբազան, որի տեղակայման ժամկետը երկարացվեց 49 տարով՝ մինչև 2046թ.։ 

«Այն ժամանակ, երբ գալիս էր գազի կամ ատոմակայանի  հարցը, մարդիկ պետք է մտածեին: Հիմա կարող ենք ասել, որ այն ժամանակ էլ այլընտրանք չկար, բայց ես գոնե տեղյակ եմ, որ այլընտրանքները զարգացնելու համար աշխատանք էր պետք: Պետք է ընդունենք, որ որոշ պաշտոնյաներ սեփական աշխատանքը չեն կատարել»,-նշում է Արա Պապյանը:

Այս ամենին Ստյեպա Սաֆարյանի կարծիքով, գումարվում է նաեւ Հայաստանի երեք նախագահների լեգիտիմության պակասը, ինչն ավելի խոցելի է դարձրել պետությանը:

«Հիմա հարց է ծագում, նման ապաշնորհ կառավարման ու  ու դիվերսիֆիկացիայի բոլոր հնարավորություններից զրկված լինելու պայմաններում արդյոք Հայաստանը կկարողանար դիմակայել այդ ճնշմանը: Ես հավատում եմ, որ այո, դա կարող էր լինել, եթե չլիներ իշխանության լեգիտիմության պակասի խնդիրը»,-ասում է Ստեփան Սաֆարյանը:

Նա վստահ է, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակացության հետ կապված շատ խնդիրներ Հայաստանը չի լուծել: Ղարաբաղի խնդիրն, օրինակ, ՀՀ իշխանությունները կարող էին ավելի լուրջ դնել` թույլ չտալով , որ  ՀՀ եւ ԼՂՀ միջեւ մաքսակետի հարցն անգամ քննարկվի:

«Հայաստանը ՄՄ հետ ընդհանուր ցամաքային սահման չունի եւ կարող էր գոնե պնդել, որ այդ ինտեգրացիոն նախագծում Հայաստանը կարող է ունենալ այլ կարգավիճակ, բայց ոչ անդամություն` այն էլ ստորադաս ու կույր աղիքի կցորդի կարգավիճակով: Հայաստանը կարող էր ճիշտ այնպես հարաբերվել ԵՏՄ հետ, ինչպես կարող են հարաբերվել այլ պետություններ»,-նշում է Ստյոպա Սաֆարյանը` հավելելով, որ  ԵՏՄ-ն հատուկ առեւտրի պայմանագրեր քննարկում է օրինակ Հնդկաստանի, Վենեսուելայի կամ Վիետնամի հետ:

Ստյոպա Սաֆարյանը հիշեցնում է, որ 2012-ին Հայաստանի հատուկ կարգավիճակի մասին հայտարարությունները դեռ հնչում էին:

«Ցավոք, հայկական պետական շահերն այնքան զիջվեցին, որ մենք ունենք այն իրավիճակը, որը ունենք: Նույնիսկ այն պարագայում, որ մեր երեք նախագահները մսխել են Հայաստանի ինքնիշխանության ռեսուրսները, մենք ունենինք ստեղծված իրավիճակից խուսափելու հնարավորություն»:

Վերլուծաբան Արա Պապյանը համոզված է` հիմնավոր չեն այն հայտարարությունները, որ հնարավոր չէ տնտեսական համակարգով լինել մեկի հետ, անվտանգության համակարգով` մյուսի: Օրինակը, ըստ Պապյանի, Թուրքիան է:

Վերլուծաբանը նաեւ նկատում է, որը անվտանգության հարցում ՆԱՏՕ-ի հետ է, բայց տնտեսական ոլորտում ամենասերտ կերպով գործակցում է Ռուսաստանի հետ` տարեկան 35 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառությամբ, ատոմակայանի ու գազամուղի կառուցման պայմանագրերով:

Ըստ Արա Պապյանի, ՀՀ իշխանությունները, երբ  ԵՄ հետ ասոցացման բանակցություններ էին սկսում,  հստակ պետք է դնեին անվտանգության բաղադրիչի հարցը` Արեւմուտքին բացատրելով, որ տնտեսական սերտացումն առանց անվտանգության բաղադրիչի Հայաստանի համար գրեթե հնարավոր չէ, որովհետեւ ի վերջո պետք է գայինք նրան, ինչն այսօր ունենք` մեր առջեւ ի վերջո անվտանգության հարց պետք է դնեին:

Էմմա Քալաշյան

© Medialab.am