ԱԳՆ-ի նախկին ու վարչապետի ներկայիս հայտարարությունները հակասում են միմյանց․Fip.am

Նոյեմբերի 19֊ին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի ու Արցախյան հիմնախնդրի լուծման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արտաքին գործերի նախարարության հայտարարությունները տրամագծորեն հակասում են միմյանց: 

Արծվիկ Մինասյանը, մասնավորապես, նշեց, որ ամիսներ առաջ, երբ խոսվում էր դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, ԱԳՆ֊ն պաշտոնապես հայտարարեց, որ չի կարող Հայաստանի և Ադրբեջանի  սահմանազատման և սահմանագծման հարց քննարկվել՝ կտրված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումից: «Էն օրը ԱԺ֊ում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տրամագծորեն հակառակ բանն էր ասում, որ սրանք երեք տարբեր հարցեր են»,֊ ասաց Մինասյանը:

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե որքանով են Մինասյանի պնդումները համապատասխանում իրականությանը, և ինչպես է փոխվել Հայաստանի դիրքորոշումը Ադրբեջանի հետ սահմանազատման և Արցախյան հակամարտության կարգավորման փոխկապակցվածության վերաբերյալ:

2021 թ․ մայիսի 21֊ին ԱԳՆ նախկին մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել էր. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»:

Ի դեպ, այդ ժամանակ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արա Այվազյանը, որը հրաժարական ներկայացրեց վերոհիշյալ հայտարարությունից մոտ մեկ շաբաթ անց՝ մայիսի 27֊ին, իսկ մայիսի 31֊ին ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնը լքեց Աննա Նաղդալյանը: 

Նոյեմբերի 18֊ին ԱԺ֊ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի՝ կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ ՌԴ-Հայաստան֊Ադրբեջան եռակողմ աշխատանքների մասին հարցին, իսկապես հայտարարել է, որ սահմանազատման ու սահմանագծման և Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցերը միմյանց հետ փոխկապակցված չեն և դրանց ուղղությամբ տարբեր ձևաչափերում են աշխատում: 

Ավելին՝ Fip.am-ում: